Հայաստանում ապաստանած արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների 87%-ը նշել է, որ ցանկանում է տուն վերադառնալ, Բեռլինի ավետարանական ակադեմիայում կայացած միջոցառման ժամանակ հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետական նախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը։
Բացի Արցախի հետ հոգեւոր եւ պատմամշակութային կապից, մարդիկ վերադառնալու կարիք են զգում նաեւ մարդասիրական եւ սոցիալական բարդությունների պատճառով։
«Հայաստանում մարդասիրական վիճակը շատ կնճռոտ է, քանի որ կառավարության եւ միջազգային մարդասիրական աջակցությունն էապես նվազել է։ Արցախահայ փախստականների շրջանում աղքատության ցուցանիշն, ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ այժմ գերազանցում է 80%-ը», – ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 23% է։
Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից, արցախցիներն ունեն վերադարձի թե՛ հավաքական, թե՛ անհատական իրավունք։
Վերադարձի իրավունքն արձանագրված է Արդարադատության միջազգային դատարանի, մի քանի տասնյակ երկրների, այդ թվում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամների, Գերմանիայի եւ Շվեյցարիայի կողմից, թվարկեց բանախոսը։
«Ցանկանում ենք միջազգային մեխանիզմներ, հարթակներ եւ աջակցություն տեսնել մեր վերադարձի հարցում», – ասաց նա։
«Մենք հասկանում ենք, որ առանց միջազգային երաշխիքների եւ վերադարձի պայմանների, ժամկետների, վայրի, ընթացակարգի վերաբերյալ քննարկումների եւ բանակցությունների համար մեխանիզմների, նման գործընթաց սկսելն անհնար է»։
Եզրափակելով՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ «Գերմանիան կարող է այս ուղղությամբ առաջատար երկրներից լինել, քանզի գերմանական քաղաքականության եւ արտաքին հարաբերությունների մոտեցումները հիմնված են մարդու իրավունքների վրա՝ հաշվի առնելով ցեղասպանության եւ զանգվածային ոճրագործությունների գերմանական ցավառատ պատմությունը․․․»։
Արտակ Բեգլարյանի ամբողջական խոսքը՝ տեսանյութում։
Համատեքստ
Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։
Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։
Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test