Օրերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվելու է ԱԺ առաջին բաժին, և գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ դրան և «պահել մտքում»:
Այսինքն, զեկույցի ներկայացման ֆորմատի շուրջ Անդրանիկ Քոչարյան-Ալեն Սիմոնյան «իրավական վեճն» ավարտվեց ոչ քեզ, ոչ ինձ տարբերակով:
Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ զեկույցը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստում, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր այս նպատակով լսումներ հրավիրելու հնարավորության մասին:
Մինչ քննիչ հանձնաժողովի և զեկույցի ոդիսականին անդրադառնալը, հարկ է նկատել, որ, ըստ էության, պատրաստի զեկույցն ի սկզբանե պետք է պահվեր ԱԺ առաջին բաժնում, որը, մասնավորապես, ապահովում և վերահսկում է Ազգային ժողովում և աշխատակազմում պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնի գործավարությունը, իրականացնում է պաշտոնական գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման պահպանման, արխիվացման աշխատանքները:
Մինչդեռ մենք բազմիցս գրել ենք, որ Քննիչ հանձնաժողովի նյութերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կա հատուկ բաժին, սակայն Անդրանիկ Քոչարյանը որոշել էր այն դարձնել անձնական սեփականություն։
Իսկ 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին, որի լիազորությունների ժամկետը, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչև վեց ամսով, ինչը և արվել է, ու երկարաձգված ժամկետն էլ լրացել է 2023 թվականի նոյեմբերի 3-ին:
Բայց Քոչարյանը որոշել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար՝ օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն՝ ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 3-ին: Սրանից հետո մոտ մեկ տարի էլ պահանջվել է զեկույցը կազմելու համար, և արդեն 2024 թվականի սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, և, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակում։
Հաշվի առնելով, որ հոկտեմբերն ավարտվում էր, և ոչ մի տեղեկություն չկար այս մասին, 168.am-ը 2024 թ. հոկտեմբերի 29-ին այս առնչությամբ գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ինչին ի պատասխան՝ նա մեզ վստահեցրել էր, որ «նամակն ԱԺ նախագահին կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին»: Սա ևս տեղի չունեցավ:
Եվ նման մի խոստում էլ Քննիչ հանձնաժողովի նախագահից լսեցինք արդեն 2025 թվականի ապրիլին, որ սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստերում կներկայացվի զեկույցը: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ասաց և սեպտեմբերի 3-ին զեկույցը հանձնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, պատասխանատվությունը դնելով նրա վրա, հետո եղավ այն, ինչ հայտնի է բոլորին:
Եվ հարց է առաջանում՝ եթե դեռ 2024 թվականի սեպտեմբերին զեկույցը պատրաստ էր, ինչո՞ւ էր Անդրանիկ Քոչարյանն այն մոտ մեկ տարի իր մոտ պահում, մինչև հիմա ոչ մի բացատրություն չենք լսել:
Գուցե նա մտածում էր, որ կարող է վկայակոչել «ԱԺ-կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մա՞սը՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից», իսկ Ալեն Սիմոնյանը ԱԺ լիագումար նիստ զեկույցը չմտցնելու հիմք վերցրեց նշված հոդվածի երկրորդ մասը՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:
Իհարկե, միամտություն կլինի կարծելը, որ զեկույցը չներկայացնելու որոշումն Ալեն Սիմոնյանը միանձնյա է կայացրել: Բնականաբար՝ ոչ: Չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական խախտումը նախապես պլանավորված օպերացիայի շրջանակում է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն հստակ է մի բան, որի մասին ասվում էր դեռ այն ժամանակ, երբ ստեղծվում էր 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովը, որի նպատակը ոչ թե պատերազմական հանգամանքների պարզաբանումն էր, կամ՝ մեղավորների շրջանակի ճշգրտումը, այլ այդ պահին հասարակության շրջանում առկա էներգիայի լիցքաթափումն էր կամ «գոլորշու բաց թողումը»:
«Ժամանակն անցավ, և ամեն ինչ, որ հասցեագրում էին այդ հանձնաժողովին, ավելի ուշ պարզվեց, որ այն իր աշխատանքի մի մասը կազմակերպել է օրենքից դուրս՝ սահմանված ժամկետից դուրս, և զեկույցը լիագումար նիստ չբերվեց, թեպետ մինչ այդ խոստանում էին, որ լինելու են փակ և բաց հատվածներ: Եվ քանի որ, կրկնում եմ, իշխանությունների նպատակը պատերազմական հանգամանքների բացահայտումը չէ, կոծկումը հենց այս տեսքն է ունենում, ինչ ճանապարհով և գնացին»,- հավելեց պատգամավորը:
Թեև իշխանությունները պատերազմի ամբողջ պարտության մեղքը դնում են բանակի վրա, սակայն պետք է նկատել նաև՝ նույն Անդրանիկ Քոչարյանը, որը սկզբում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» խայտառակ պլան հաստատելու համար, գեներալի հարցաքննությունից հետո և այսօր էլ կարծես թե մեղմ դիրքորոշում է դրսևորում: Մասնավորապես, նա հանկարծ հիշել է, որ 44-օրյայից առաջ Օնիկ Գասպարյանն ինչ-որ կարգադրություններ է արձակել, ՊԲ-ն զորամասերն էլ ամբողջովին բացազատվել են, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Ձեր կողմից նշված անձն այս ողջ ընթացքում էքսցենտրիկ պահվածք է դրսևորել՝ տարբեր անձանց մեղադրելով այս կամ այն մեղսակցության կամ հանցանքի համար, բայց իրականության մեջ դեռ ինքը և իր ղեկավարները պետք է պատասխան տան պատերազմի, այդ ժամանակ նրանց դրսևորած հանցավոր անգործության և մի շարք հանգամանքների համար, որոնք բերել են ողբերգական հետևանքներ:
Իսկ 44-օրյա պատերազմն առաջին փուլն էր, և դրա հետևանքներն արդեն արտացոլվել են 2021-2025 թվականներին՝ հանձնված Արցախ, օկուպացված ՀՀ տարածքներ, բանակցային գործընթացում զիջված դիրքեր և այլն: Ինչ վերաբերում է զինվորականությանը, ապա նրանք 2018 թվականից հետո եղել են իշխանության կողմից ճնշման և շանտաժային քաղաքականության տակ: Եվ զինվորականների մի մասը ժամանակին է հասկացել, թե ինչ է տեղի ունենում, իրենց հետ ինչ է կատարվելու, մի մասը, ցավոք, շատ ուշ է ըմբռնել այդ վիճակը:
Ու իշխանությունը ում և որ պահին ինչպես ցանկացել է՝ «օգտագործել է», կներեք արտահայտությանս համար, և շատերը, որ այսօր իրենց գլխին են տալիս, այդ իրավիճակի մեղավորը հենց իրենք են: Ժամանակին, երբ զգուշացվում էր, թե իրենց ինչ է սպասվում, նրանք մտածում էին՝ իրենց լռությունը փրկելու է իրենց: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք այս իշխանության համար «մանրադրամ» են եղել:
Իսկ զինվորականությունը, այո, գոնե հիմա պիտի խոսի: Ցավոք, դեռ այսօր էլ կան մարդիկ, որ մտածում են՝ իրենց չխոսելը թույլ կտա խուսափել իշխանության հետապնդումներից, կօգնի պաշտոնական առաջխաղացմանը: Բայց, կրկնում եմ, որ այս իշխանության համար նրանք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում և առաջին պլան են բերվում միայն, երբ անհրաժեշտ է լինում քաղաքական պատասխանատուների հանցագործությունը վերագրել այլոց»:
Իսկ Բաքուն ՀՀ իշխանությունների՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցը չներկայացնելու որոշման իր դիտարկումներն ունի:
Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկի վերլուծության մեջ մի քանի պատճառ էր նշվել:
Առաջին, ըստ ադրբեջանական կողմի, Քննիչ հանձնաժողովը և դրա զեկույցը Նիկոլ Փաշինյանին պետք էր քրեական հետապնդումների որոշակի ալիք սկսելու համար, քանի որ պատերազմից հետո «ռազմական հեղաշրջման վտանգ» էր Փաշինյանը տեսել: Սակայն այս ընթացքում Փաշինյանին հաջողվել է որոշ զինվորականների ազատազրկել, հարուցել քրեական գործեր, և այսօր նախկին վտանգը չկա:
Երկրորդ, զեկույցի հրապարակումը կարող է ի հայտ բերել որոշ մարդկանց գործողություններ և անուններ, ինչը կարող է բարկացնել Բաքվին, կարճ ասած, Փաշինյանին ավելորդ գլխացավանք պետք չի, հատկապես, երբ օգոստոսի 8-ից հետո փորձ է արվում նոր իրավիճակ ստեղծել:
Միաժամանակ, ադրբեջանական կողմը զարմանալիորեն 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի, Ադրբեջանի դեմ գործողությունների պատասխանատուն համարել է Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ նրանց, գերագույն հրամանատար լինելու իրավունք չուներ, բայց եղել է և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին տվել է ուղիղ հրամաններ:
Բաքուն վերջերս Քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը քննության առարկա էր դարձրել Բաքվի «դատավարության» ընթացքում, ինչը, բնականաբար, օգտագործվում է Հայաստանի դեմ: Հենց դրա համար էին, թերևս, մինչև հանձնաժողովի ստեղծումը մասնագետները մտահոգություն հայտնում՝ նշելով, որ չի կարելի քաղաքական վրեժխնդրությունից կամ շահերից ելնելով՝ քաղաքական հանձնաժողով ստեղծել. այն պետք էր թողնել մասնագիտական մարմիններին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test