Երեկ լրագրողներին իր մոտ հրավիրած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր նկատմամբ կիրառվող ճնշումներից խոսելիս՝ դժգոհեց, որ ոստիկանությունը գիշերով անհանգստացնում է իր որդու ընտանիքին։
Նա ասաց․ «Երեկ գիշեր էլ ժամը 4-ին, 5-ին ոստիկանները գալիս են մեր տուն, տղաս ինձնից առանձին է ապրում, նայում են՝ տանն ես, թե՞ տանը չես։ Էդ ոտքի բանը գցած է, ամեն ինչ երևում է, ասի՝ հանկարծ դուռ չբացեք, ոչ մի բան չանեք, ասեք՝ ներսն եմ ու վերջ, կարող է տակից կրակեն, ամեն ինչ հավատալու է հիմա սրանցից։ Ես ամեն ինչ հավատում եմ»։
Քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը, որի կազմում են փաստաբաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը և Զարուհի Փոստանջյանը։
Նրանք ևս բարձրաձայնում են, որ ոստիկանությունը առևերևույթ, կեղծ հիմքերով վաղ առավոտյան փորձում է ներխուժել Սպարտակ Ղուկասյանի տուն, անհանգստացնում ընտանիքին։
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը չորս զավակների հայր է, որից ամենափոքրը 1,5 տարեկան է։
Փաստաբանների տարածած հայտարարության մեջ ընթերցում ենք․
«Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում, նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ վերջինիս որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար։
Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։
Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլեկտրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։
Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում։
Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերևույթ կեղ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբն իր մտահոգությունն է հայտնում իրավական գործիքակազմի՝ այսչափ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրույթում»։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ձերբակալել էին սեպտեմբերի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով) առաջադրված մեղադրանքի շրջանակում։
Նրան ձերբակալել էին առավոտյան իր 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս։
Որպես խափանման միջոց՝ դատարանը որոշել էր նրան տնային կալանքի ենթարկել։
Քաղաքապետ Ղուկասյանն, այդ ժամանակ մամուլի ասուլիս հրավիրելով, պատմել էր, որ որդուն ձերբակալելու իրական պատճառը Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստերին մասնակցելն է։
«Մանկապարտեզում ոնց որ թուրքական շպիոնի՝ 10 մեքենայով շրջափակել են տղայիս՝ երեխան էլ գիրկը հոր, մյուս երեխան էլ մեքենայի մեջ, կալանավորել, տարել են։
Ես գիտեի, որ էդպես պիտի լինի, երբ որ եպիսկոպոսի դատին գնաց, մասնակցեց, ինձ մարդիկ ասացին՝ պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն, ասի՝ ինչի՞, ասին՝ էդպես է։ Չէր հավատում ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետ գործ ունենք, ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի՞ համար, ոնց․․․
Հիմա փաստաբանները մեղադրական եզրակացությունն են վերցրել, մեջը գրված է, որ 24 քառակուսի մետր խիբարի համար, իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 հազար դրամ է, 4 երեխայի հորը էդպես բռնում, կալանավորում են։ Բայց էդ հայրը էս քաղաքի համար ինձ հետ միասին միլիոն դոլարների ներդրում է արել, Ամենափրկիչ եկեղեցին որ նայես, էդ 90 հազարն այդ եկեղեցու մի հինգ կիլոգրամ մեխի արժեք ունի էլի։
Էս ձևի սանձարձակ, գիտեք ինչ, եթե հաշիվ եք մաքրում, հաշիվ ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք, բան կա, արեք, ես պատրաստ եմ», -ասել էր Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test