Մինչ ադրբեջանցի պաշտոնյաները համառորեն շարունակում են կիրառել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, Հայաստանի իշխող ուժից առաջարկում են՝ նախագահ Իլհամ Ալիևի և մյուսների խոսույթը Հայաստանում այլևս չքննարկել և դրա մասին հարցեր չտալ: Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ կարևորն այն է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում միջանցքի մասին բառ չկա:
«Ինչ անվանում ուզում է տա, դրանից բովանդակությունը և անվանումը ճանապարհի չի փոխվում: Ճանապարհը շարունակում է մնալ TRIPP անունը կրող, և նաև ճանապարհի բովանդակությունը շարունակում է մնալ ճանապարհի բովանդակությունը, չի փոխվում դա և չի դառնում իր ասած միջանցքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը՝ շարունակելով. - «Դրա համար, կարծում եմ, մենք պետք է ինչ-որ ժամանակ փորձենք նաև պարզապես չքննարկել՝ ինչ հայտարարություններ է լինում այնտեղ»:
Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Ո՛չ վարչապետի հրապարակային դժգոհությունը, ո՛չ Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը չփոխեցին իրավիճակը: Ադրբեջանի նախագահը երեկ կրկին նույն տերմինը կիրառել է: Սա իշխանությունը շարունակո՞ւմ է համարել տարածքային պահանջ:
«Երբ որ կա հայտարարություն, որ սա Հայաստանի հանդեպ տարածքային պահանջ չէ, երբ որ կա հայտարարություն, որ սա ճանապարհ է, երբ որ կա ստորագրված փաստաթղթեր, որով տարածքային ամբողջականությունը հարգվում է, երբ որ ճանապարհ է ապաշրջափակվում իրավազորության, ինքնիշխանության ներքո, ու զուգահեռաբար նման ուղղակի հայտարարություն է հնչում, ուրեմն ադրբեջանական կողմին թույլ տվեք իր վերլուծությունն անել, ադրբեջանական կողմին դուր է գալիս հայկական, Հայաստանի կողմից էդ զգայուն վերաբերմունքը», - ասաց Հակոբյանը:
Վաշինգտոնի համաձայնությունը երեկվա ասուլիսում քննադատեց Հայաստանի երկրորդ նախագահը: Պնդելով, որ Ադրբեջանին հենց միջանցք է տրվել՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե «Թրամփի ուղին» ձեռնտու է միայն ԱՄՆ-ին և Ադրբեջանին: Հայաստանի համար, ըստ Քոչարյանի, այն կարող է շահավետ լինել, եթե գործարկվի Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին, ինչպես նաև Հայաստանն Ադրբեջանի տարածքով ելք ունենա դեպի Ռուսաստան:
«Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ և վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար», - պնդեց նախկին նախագահը:
Հայ-ադրբեջանա-ամերիկյան եռակողմ հռչակագրով՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, Հայաստանը՝ միջազգային և ներպետական հաղորդակցություն փոխադարձ առավելություններով:
Որ Հայաստանի համար շահավետ ճանապարհները կբացվեն, երեկ կասկածի տակ դրեց Ռոբերտ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, թե իրականություն կդառնա միայն «Թրամփի ուղին»:
ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանին «Ազատություն»-ը հարցրեց՝ Հայաստանի համար ընդունելի կլինի՞, որ տարածաշրջանի ապաշրջափակումը փուլերով տեղի ունենա:
«Գիտեք, որ հիմա արդեն սկսվել է գործընթացներ հողի վրա, և այլ մանրամասների արդեն իսկ համապատասխան, ուրեմն, իրավասու մարմինը կհայտարարի, ես դրա հետ կապված չեմ կարող որևէ մանրամասներ հայտնել, որովհետև իրականում չեմ տիրապետում ժամկետներին, փուլերին, հերթականությանը», - ընդգծեց իշխանական պատգամավորը:
«Թրամփի ուղու» գործարկման դետալները դեռ հայտնի չեն, իշխանության ներկայացուցիչները Վաշինգտոնից հետո պնդում էին՝ աշխատանքային խմբեր կձևավորվեն և կսկսվեն աշխատանքները: Հռչակագրի ստորագրումից երկու ամիս անց հայ պաշտոնյաներն առանց փակագծեր բացելու միայն նշում են, թե քննարկումները շարունակվում են: Այս ընթացքում Երևանում ամերիկացի պաշտոնյաներ են եղել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test