Սիրելի ընթերցող, վերնագրում սխալ չկա: Նույնիսկ չփորձես սխալ կամ վրիպակ գտնել այնտեղ: Ամեն ինչ ճիշտ է ու մտածված այնքան, որքան Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումը՝ «կառավարությունը ես եմ»:
Եվ ուրեմն` բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Նիկոլ Փաշինյանին:
Հարգարժան պարոն նախարար, Ձեզ նամակ գրելու առիթը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հայտնած ուրախալի լուրն է՝ գյուղերից մեկում (կներեք, գյուղի անունը չեմ մտապահել) մանկապարտեզ կառուցելու մասին: Գրել էր, որ այդ գյուղում մանկապարտեզ չկար, իսկ հիմա կա: Նա, իհարկե, չէր մանրամասնել՝ իսկ այդ գյուղում երեխաներ կա՞ն, որ պետք է հաճախեն այդ մանկապարտեզը, եւ, առհասարակ, մանկապարտեզը բացվե՞լ է, թե՞ միայն կառուցվել: Այսուհանդերձ, լուրն ինձ անչափ ուրախացրեց: Ես գրեթե սկսեցի հավատալ, որ այս տեմպերով դուք կկատարեք ու կգերակատարեք ձեր հայտնի՝ «400 մանկապարտեզ-300 դպրոց» ծրագիրը: Կարճ ասած՝ սպասում եմ:
Այսուհանդերձ, հարգարժան ԿԳՄՍ պարոն նախարար, ես մտադիր չեմ այսօր Ձեզ գովերգել: Մի քանի խնդիր կա մեր ավագ դպրոցներում, որոնց մասին կուզենայի խոսել հենց Ձեզ հետ: Զորօրինակ՝ ավագ դպրոցի բուֆետում գնաճի խնդրի մասին: Երեխաները, մանրամասների մեջ չմտնելով, մեղադրում են բուֆետապանին, ասում են՝ «Սնիկերսի», չոփիկով հյութերի եւ մյուս ապրանքների վրա հոր գինն է դրել: Այս հարցը, կարծում եմ, պետք է կարգավորել, քանզի այն ուղիղ հարվածում է նաեւ դասապրոցեսին: Երեխաները ճաշելու կամ մի բան ուտելու համար, պահակին «ֆռցնելով», դուրս են գալիս դպրոցից, վազում «Սիթի» կամ խմորեղենի մոտակա «ցեխ»… Դասամիջոցը չի բավարարում, ուշանում են, մի մասն էլ չի վերադառնում դասի: Ավագ դպրոցի աշակերտների մեջ էլ, թարսի պես, կան ապագա մաթեմատիկոսներ ու կարողանում են հաշվել, որ մեկ ամիս դպրոցի բուֆետում սնվելու փողով կարելի է 3 ամիս հանգիստ սնվել ՀՀ ԱԺ մեծ ու հարմարավետ բուֆետ-ռեստորանում: Խնդրում եմ մի հատ համեմատեք պատգամավորի աշխատավարձն ու աշակերտի օրապահիկ գումարը: Էլ չեմ խոսում դպրոցի բուֆետում տիրող սանիտարա-հիգիենիկ վիճակի մասին, տեղում պատրաստվող սննդի (հոթ-դոգ, սենդվիչ, կարկանդակ) որակի, բուֆետի փոքրիկ չափերի, օդափոխության համակարգի բացակայության եւ այլնի մասին: Դուք գնացել, գյուղում կախիչներն ու ծորակներն էիք պոկում, պարոն ԿԳՄՍ նախարար, մինչդեռ հենց Երեւանում կարելի է միայն բուֆետի տեսքից ու պարունակությունից սեփական մազերը պոկել: Խնդի՞ր է… Խնդիր է: Կխնդրեի ՀՀ առողջապահության նախարար Նիկոլ Փաշինյանին եւս տեղեկացնել այս մասին: Հավանաբար, նա էլ կարող է հետաքրքրվել այս հարցով ու պատժել՝ ում որ հարկն է:
Սնունդը, իհարկե, երեխաների առաջին խնդիրը չէ: Վերջերս, ԿԳՄՍ պարոն նախարար, Ձեր հրամանով սկսել են հավաքել երեխաների մոտ եղած հեռախոսներն ու պլանշետները, որպեսզի նրանք դասի ժամին կողմնակի բաներով չզբաղվեն: Բայց արդյո՞ք այս նորարարության հեղինակը Դուք եք՝ բջջային հեռախոսի եւ սոցցանցերի մեծ սիրահարդ: Եթե այո, ապա բարի եղեք մեր երեխաներին նաեւ ուղղություն տալ, թե նրանք ինչպես հետեւեն, օրինակ, 11-րդ դասարանի «Բնագիտության» դասին, եթե այդ առարկայի դասագիրք ընդհանրապես գոյություն չունի: Երեխային, ենթադրենք, պետք է Վիքիպեդիայից մի տեղեկություն իմանալ, վերհիշել… Ի՞նչ անի աշակերտը, եղունգի՞ն նայի: Ի վերջո, սեյսմիկ գոտում ենք ապրում, լիքը սահմանամերձ դպրոցներ ունենք, եւ հազար ու մի բան կարող է պատահել: Կհասցնե՞ք հեռախոսները հետ տալ երեխաներին, որ նրանք կապ հաստատեն ծնողների հետ, իրենց տեղն ասեն: Դնում, չորով հեռախոսները հավաքում եք ու լցնում մի յաշիկի մեջ: Ո՞ր թիվն է: Էն հետամնաց Ճապոնիայում նույնիսկ մանկական մահճակալներն են հագեցած կապի միջոցներով: Աստված մի արասցե երկրաշա՞րժ՝ մահճակալն իսկույն պտտվում է, երեխային առնում իր տակ ու պաշտպանում հնարավոր փլուզումներից: Իսկ մահճակալի տակ թե՛ չոր սնունդ կա եւ թե՛ հեռախոս, որ երեխան կապ ունենա արտաքին աշխարհի հետ: Դուք, պարոն ԿԳՄՍ նախարար, էս ի՞նչ եք անում այֆոնների գծով «կովկասյան վագր» հռչակված Հայաստանում: Փոխանակ դասն այնքան հետաքրքիր դարձնեք աշակերտի համար, որ նա նույնիսկ մոռանա իր հեռախոսի մասին, հեռախոսներն եք հավաքում, որ երեխան ձանձրանա անհետաքրքիր դասը լսելուց:
Մի խդիր էլ կա, պարոն Փաշինյան, որ վիճելի լինելուց բացի նաեւ հետաքրքիր է: Հաշվե՞լ եք արդյոք, թե ավագ դպրոցներում դասավանդվող առարկաների որ տոկոսն են կազմում ոչ մասնագիտական առարկաները: Չե՞ք կարծում, որ դրանք ավելորդ ժամանակ են խլում աշակերտից, եթե նա այլեւս որոշակի մասնագիտություն է ընտրել եւ անգամ լրացուցիչ պարապմունքների է մասնակցում՝ իրեն անհրաժեշտ գիտելիքներ ստանալու համար: Չե՞ք կարծում, որ կա՛մ ոչ մասնագիտական առարկաների ցանկը պետք է կրճատել, կա՛մ դրանք դասացուցակում դնել մասնագիտական առարկաներից հետո եւ աշակերտի կողմից այդ դասերին հաճախելը դարձնել ոչ պարտադիր, կամավոր: Ես այդպես կանեի եւ չէի պնդի, որ մեր ապագա ճարտարագետները, օրինակ, ամրանների հաստությունն ու խտությունը ճիշտ հաշվարկելու փոխարեն սովորեին լավ երգել:
Առայժմ՝ այսքանը, պարոն ԿԳՄՍ նախարար: Ուղղակի վերջում մի խնդրանք. խոստացեք, որ այս հոդվածը կարդալուց հետո կփոխանցեք Պետրոսի կնգան, որ նա էլ ծանոթանա: Մարդ ես, էլի, հնարավոր է ավագ դպրոցի մասով սեփական կարծիք-մարծիք ունենա՝ Ձերինից տարբերվող:
Հարգանքներով՝ Էդիկ Անդրեասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test