Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մերձավանի 30–ից ավելի հասցեներում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանությունն այսօր ստուգումներ է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքում՝ տներում և համայնքներ մուտք գործող մեքենաներում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Վերջին սպանություններով պայմանավորված՝ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- ասացին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին
ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։