Նիկոլ Փաշինյանի իշխանության համակարգում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ աշխատող Բաբկեն Թունյանը մի քանի օր առաջ խոստովանեց, որ քաղաքացիների պարտադիր հայտարարագրման համակարգը տապալվել է: Արդեն մեկ տարուց ավելի իշխանությունը տեռորի եւ ահաբեկման էր ենթարկում հասարակությանը, որ կարողանար ստիպել մարդկանց՝ հայտարարագրել իրենց եկամուտները: Փաշինյանն ուզում է հաշվել քաղաքացու գրպան մտած յուրաքանչյուր դրամը, որ փայ մտնի` այդ եկամտի վրա հարկ դնի եւ այն տարբեր ապօրինի միջոցներով յուրացնի: Սկզբում հայտարարագրման ժամկետ էր սահմանվել մայիս ամիսը, բայց քաղաքացիները մասսայաբար բոյկոտեցին հայտարարագրման պահանջը, եւ իշխանությունը իբրեւ թե զիջման գնաց ու ժամկետը երկարացրեց մինչեւ նոյեմբերի 1-ը: Բացի մի քանի պետական հաստատությունների աշխատակիցներից, որտեղ հարցը դրված էր այսպես՝ կա՛մ հայտարարագիր եք լրացնում, կա՛մ ազատվում եք աշխատանքից, ուրիշ որեւէ մեկին հնարավոր չեղավ ստիպել՝ հայտարարագիր ներկայացնել:
Երեկ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը հայտարարում է. «Եթե քաղաքացին գտնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի աշխատավարձեր, նման այլ եկամուտներ, ինքը որեւէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բան էլ չունի, ինքը կարող է պարզապես մուտք էլ չգործել այդ համակարգ` նկատի ունի եկամուտների հայտարարագրման համակարգը, եւ վերջնաժամկետից հետո` նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է եղել: Հայտարարագիրը չլրացնելու համար որեւէ պատասխանատվություն չի լինի»: Ստացվում է, որ այլեւս որեւէ մեկը հայտարարագիր լրացնելու պարտավորություն չունի, եւ դրա համար որեւէ տուգանք չի արձանագրվի:
Կարող ենք ասել, որ սա հասարակության հաղթանակն էր իշխանության նկատմամբ. մարդիկ իրենց պասիվ դիմադրությամբ` հայտարարագիր չլրացնելով, ստիպեցին իշխանությանը՝ հետ քայլ կատարել: Բայց այս հաղթանակը երկարաժամկետ չէ, Փաշինյանը ոչ մի պարագայում չի հրաժարվի իր նպատակից` հաշվել յուրաքանչյուր քաղաքացու ստացած եկամուտը` մինչեւ վերջին դրամը, տոտալ վերահսկողություն սահմանել եկամտի աղբյուրների վրա: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը դրան կվերադառնա մեկ տարուց, եթե, իհարկե, ինչ-որ ձեւով Փաշինյանին հաջողվի վերարտադրվել:
Պարտադիր հայտարարագրման պահանջից հրաժարվելն ընդամենը մի բացատրություն ունի` առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները, իշխանությունը հիմա ամեն ինչ հարմարեցնում կամ ծառայեցնում է այդ ընտրություններին: Եթե հայտարարագրման պահանջը պահպանվեր, իշխանությունը ստիպված էր լինելու տուգանել այդ պահանջը չկատարած հարյուր հազարավոր քաղաքացիների: Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները դեմ չեն մարդկանց տուգանելուն, բայց ընտրություններից ամիսներ առաջ հարյուր հազարավոր մարդկանց տուգանելը հակառակ ազդեցությունը կունենար, տուգանվողներին էլ ավելի տրամադրելով իշխանության դեմ, այդ թվում եւ՝ իշխանության լատենտ կողմնակիցներին: Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր սակավաթիվ կողմնակիցներն իրեն ներել են Արցախի կորստի, հազարավոր զոհերի եւ խորտակված ճակատագրերի, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստի, Հայաստանի ինքնիշխանության բազմաթիվ զիջումների համար, բայց ոչ մի կերպ չեն ների, եթե իշխանությունը կպչի իրենց գրպանին, իրենցից 10 կամ 20 հազար դրամ հավելյալ փող տանի: Եվ քանի որ Փաշինյանը գիտի, որ մասը փոքր է ամբողջից, դրա համար որոշել է զիջել մասը, ամբողջը պահելու հույսով՝ հրաժարվել մի քանի հարյուր միլիոն դրամ տուգանքից՝ հանուն մարդկանց քվեն ստանալու եւ իշխանությունը պահելու սին հույսի:
Ընդ որում, 2026 թվականից այդ պահանջը վերաբերելու էր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ եւ թոշակառուներին, հաշմանդամներին, անգամ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մահամերձներին: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք իսկապես ուզում են ապրել ավելի արդար պետությունում, որտեղ իշխանության խնդիրը քաղաքացու վրայից վերջին շապիկը հանելը չէ, եթե ուզում են, որ այս համակարգն ընդհանրապես չվերադառնա, պետք է մեկընդմիշտ մերժել փաշինյանական իշխանությանը: Միայն այդ դեպքում կարող է կայուն երաշխիք լինել, որ հասարակությունը չի ենթարկվի տոտալ վերահսկման, եւ մարդն իշխանության կողմից չի դիտարկվի որպես կթու կով կամ բրդատու ոչխար, որի գոյության միակ իմաստն ու նպատակն իշխանության համար աշխատելն ու նրանց բարեկեցությանը ծառայելն է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test