«Նիկոլ Փաշինյանն իր կատարած քայլերի համար ոչ թե պետք է հեռացվի, այլ պետք է բանտ գնա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իրենց նախաձեռնությանը՝ Ազգային համագործակցության կլոր սեղանին ձեւավորմանը։
Հարցին, թե հնարավոր լինո՞ւմ է քաղաքական եւ հասարակական միավորների համախմբում ապահովել, եւ ինչ քայլեր են անելու առաջիկայում, Հայրիկյանը պատասխանեց․ «Բավական լավ ընթացքի մեջ ենք, որովհետեւ մենք հավակնություններ չենք դրել։ Կլոր սեղանի ձեւաչափն ենք ընտրել, որը չի կաշկանդում քաղաքական ուժերին, սահմանափակումներ ու հատուկ պարտավորություններ չի դնում։ Լրիվ ազատություն տալու գործելաոճն ընդհանրապես իրեն արդարացնող ոճ է։ Այս փուլում գնում ենք դեպի ընդլայնում։ Եվ մարդիկ արձանագրեցին, որ քայլեր են արվում նման այլ նախաձեռնություններ ստեղծելու, բայց մենք հանգիստ ենք։
Վաղը հերթական աշխատանքային հանդիպումն է լինելու, մոտ 40 մարդ պետք է մասնակցի։ Կազմակերպչական հարցեր ենք քննարկելու եւ մեկ նախագիծ կա, որի մասին արդեն տեղեկացրել ենք նախորդ հրապարակային նիստում։ Բազմաթիվ հարցերում այս իշխանությունները կասկածելի ու ոչ կասկածելի դրսեւորումներ են թույլ տվել՝ սկսած Սահմանադրությունից մինչեւ Արցախի ինքնորոշման իրավունքի մերժում։ Դրան գումարվում է այն, որ թույլ են տվել իրենց իսկ ստեղծած նորմատիվ իրավական ակտի եւ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտումներ։ Դրանք քրեական շրջանակներ ունեցող գործեր են եւ իրենցից ներկայացնում են կոռուպցիոն հանցագործություններ։ Սահմանադրական օրենքի նկատմամբ քամահրական վերաբերմունքը հանցագործություն է՝ իշխանության չարաշահմամբ ուղեկցվող։ Եվ քանի որ զուգահեռաբար պետությանը վնաս է հասցվել, այդպիսի նախագիծ ենք պատրաստել ու ներկայացրել, որը կարող է լինել շատ լուրջ միավորող փաստաթուղթ»,- ասաց նա։
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ բոլոր նրանք, ովքեր պարզապես ասում են՝ այդ իշխանությունը պետք է հեռացվի, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն իր կատարածների համար ոչ թե պետք է հեռացվի, այլ պետք է բանտ գնա։ «Ի՞նչ է նշանակում՝ հինգ տարի պահես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, հինգ տարի ֆինանսավորես, ահռելի գումարներ ծախսես եւ մերժես քեզ տրված այլընտրանքը։ Մենք մեր Սահմանադրության նախագիծը չորս անգամ տվել ենք Նիկոլին, ոչ միայն ԱԻՄ-ի կողմից։ Մեր կողմից սա տեւական տարված հետեւողական աշխատանք է, որը հնարավորություն է տվել բացահայտել կոռուպցիոն հանցագործ խմբի գոյությունը մեր պետական համակարգում»,- ասաց նա։
Հայրիկյանի խոսքով՝ միջազգային կառույցները Հայաստանին աջակցում են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի հարցում, հսկայական գումարներ են հատկացվում կոռուպցիայի դեմ պայքարին․ «Բայց պարզվում է, որ իրենք այստեղ կոռուպցիոն հանցախումբ են ստեղծել»։
Նա հավելեց․ «Այս զարգացումներն ի վերջո պետք է բերեն նրան, որ իրավական ճանապարհը հանրային աջակցությամբ բերի դրական արդյունքների, որովհետեւ սրանց իշխանավարումն արդեն ազգային անվտանգության հարց է դառնում։ Մեզ համար ակնհայտ է, որ բացասական հակումներ ունեցող գործիչները կարողանում են մնալ ասպարեզում եւ պետական համակարգում գործել այն պայմաններում, եթե պետական համակարգն անկատար է։ Այսինքն՝ համակարգի խնդիր է, մեր մոտեցումն այդ հարցը լուծում է եւ համակարգի տեսակետից, եւ անմիջական քաղաքական նպատակի տեսանկյունից»։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են այս ձեւաչափով ու ծրագրով մասնակցել 2026 թվականի ընտրություններին, Հայրիկյանը պատասխանեց․ «Կլոր սեղանը նրա համար է, որ նախապատրաստի այդպիսի տրամադրություններ ունեցողներին համագործակցության։ Մենք կոչել ենք ազգային համագործակցության կլոր սեղան, հենց նկատի ունենալով, որ բոլոր խնդիրների համար համագործակցության ճանապարհով պետք է փորձենք լուծումներ գտնել, այդ թվում՝ նաեւ ընտրությունների»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test