Հոկտեմբերի 6-ին կենդանապաշտպանները Գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին, որ քննչական մարմինները լրջորեն զբաղվեն ստերջացման մրցույթների մշտական հաղթող «Կումնի» ՍՊԸ-ով, որը տարբեր անունների տակ է հանդես գալիս, ու որի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ կան: Վերջին դեպքը կապված է «Նորոգիչ» ՍՊԸ-ի հետ, որը նույն «Կումնիի» տիրոջն է պատկանում՝ Սեդրակ Վիրաբյանին: Ընկերությունը հաղթել է մրցույթում եւ ստերջացման անվան տակ հավաքել ու Ջաջուռում գտնվող մի գոմ է տեղափոխել շներ Զովունիից, Նոր Հաճնից, Եղվարդից, անգամ՝ Մարտունուց ու Աբովյանից:
Հոկտեմբերի 5-ին «ԴՈԳՄԱ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը եւ կենդանասեր Աննա Մանուկյանը, որի շներն անհետացել էին Զովունիից, չէին զլացել ու հասել էին Ջաջուռ: Գիշերով մտել էին այդ գոմը եւ հայտնաբերել սարսափելի հակահիգիենիկ պայմաններում գտնվող մի քանի կիսամեռ շուն: Պատմում է Աննա Մանուկյանը. «Այն, ինչ տեսանք, անտանելի էր։ Շները, սովից ու ծարավից թուլացած, ուժասպառ ընկած էին, նույնիսկ չէին կարողանում հաչալ։ Օրեր շարունակ մնացել են փակված, առանց կեր, առանց ջուր, խոնավ ու մութ գոմի մեջ։ Նրանց մոտ նույնիսկ պահակ չկար։ Տարածքում, որտեղ իրենց ասելով ստերջացում են անում, բացակայում էին բժշկական պարագաները, դեղորայքը, սեղանը եւ վիրահատության համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Պարզեցինք, որ շներից մեկը տերով շուն էր, որի տերը մի կերպ էր բերել իր հետ Արցախից»։
Կանայք անմիջապես դիմել էին տեղի ոստիկանություն, դատախազություն, քննիչների ուղեկցությամբ մուտք էին գործել տարածք եւ ազատել շներին: «Կենդանիները հազիվ էին շնչում: Նրանք սոված էին, կեղտոտ վանդակներում, տարածքում գարշահոտություն էր տարածված»,- ասում է Գոհար Տեր-Անտոնյանը: Նա այնքան էլ չի հավատում, որ իրավապահներն անաչառ քննություն կիրականացնեն, քանի որ մեկ քննություն նրանք արդեն տապալել են: Գյումրիի մրցույթը շահած «Կումնի» ՍՊԸ-ի վերաբերյալ նա ամիսներ առաջ բողոք էր ներկայացրել դատախազություն: 2023թ. դեկտեմբերին այն Գյումրու համայնքապետարանի հետ 500 թափառող շան ստերջացման պայմանագիր էր կնքել՝ 10,6 մլն դրամ արժեքով։ Ըստ «Հետքի» հետաքննության, «Կումնին» ստեղծվել էր մրցույթից 9 օր առաջ: ՍՊԸ-ի գործունեության հետ կապված՝ վարույթ նախաձեռնվեց ՀՀ ՔՕ 307-րդ հոդվածով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Բողոքաբերը պատմում է, որ պարբերաբար զանգել է քննիչին, նրան ասել են, որ քննություն է ընթանում: 2 օր առաջ նա տեղեկացել է, որ գործը կարճել են դեռ ապրիլին: Թե ինչ շահագրգռությամբ, կարելի է կռահել:
Մենք լսեցինք նաեւ Սեդրակ Վիրաբյանին, որը հոր հետ միաժամանակ մի քանի շինարարական ՍՊԸ-ների հիմնադիր է՝ «Կումնի», «Նորոգում», «Ադելշին», «Սոլարիս»: Նա բողոքեց Գոհար Տեր-Անտոնյանից:
«Նա մեզ շանտաժի է ենթարկել, հիմա էլ մտել է մասնավոր տարածք, դուռ է կոտրել, որի համար մենք հաղորդում ենք տալու ոստիկանություն: Իրենք մրցույթների ելքի վրա ազդելու փորձեր են անում, ինչը ե՛ւ գնումների, ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական օրենսգրքում բնութագրեր ունի»:
- Կենդանիներին էդ վիճակում պահելը Քրեական օրենսգրքով թույլատրելի՞ է: Ամբողջ համացանցը թնդում է Ջաջուռի տեսանյութերից․ կեղտոտ, սոված, ծարավ շները՝ վատ վիճակում:
- Դրանք փողոցային շներ են, թափառող կենդանիներ են, դրանց վատ վիճակը ո՞րն ա:
- Այսինքն, թափառող կենդանին պետք է վատ վիճակո՞ւմ լինի:
- Թափառող կենդանին հենց վատ վիճակում է, որ թափառում ա, տեր չունի, լվացված չի, լողացված չի:
- Իսկ դուք էլ այդ հակահիգիենիկ պայմաններում իրենց վիրահատո՞ւմ եք:
- Ոչ, մենք Ձեզ կուղարկենք մեր լաբորատորիայի տեսանյութը: Մեր անասնաբույժը միջազգային համապատասխան հավաստագիր ունի, որը բոլոր մրցույթներում ներկայացրել ենք:
- Դուք «Կումնի» ՍՊԸ-ի շարունակությո՞ւնն եք, մի քանի կազմակերպություննե՞ր եք բացել:
- Եվ դա օրենքով ինչպե՞ս է արգելվում:
- Բայց «Կումնիով» քրեական գործ է քննվել, ու հիմա նորից դուք եք անում ստերջացման ծրագրերը:
- Քրեական գործ էս երկրում բոլորի վրա էլ կա, դա դատարանի վճի՞ռ է նշանակում:
- «Նորոգում» ընկերությունը շինարարական կազմակերպություն է, չէ՞, ի՞նչ եք նորոգում:
- Տուն ենք նորոգում, բայց ՀՀ օրենքով արգելվո՞ւմ է տարբեր գործունեություն վարելը:
- Եթե ձեր պրոֆիլը տուն սարքելն է, ինչո՞ւ եք շուն ստերջացնում, փող կա մեջը, դրա՞ համար:
- Հարցազրո՞ւյց եք վերցնում, թե՞ տեսակետ եք հայտնում:
- Ես ասում եմ այն, ինչում ձեզ մեղադրում են հրապարակավ:
- ՀՀ օրենքով չի արգելվում բազմապրոֆիլ գործունեությունը: Մի կազմակերպություն կարող է ե՛ւ շինարարություն անել, ե՛ւ առեւտրով զբաղվել, ե՛ւ շների ստերջացմամբ, եթե ունի համապատասխան մասնագետ ու տարածք: Մրցույթին մասնակցել եմ, մրցույթների բոլոր պայմաններին բավարարել ենք, պայմանագիր ենք կնքել:
- 15 հազարով 1 շան ստերջացում եք կատարում, ինչպե՞ս եք տեղավորում այդ գումարի մեջ ամեն ինչ՝ տրանսպորտը, բռնելը։ Ասենք, Մարտունիում բռնում-բերում եք Ջաջուռ, հետազոտությունները, պատվաստումները, դեղորայքը, բուն վիրահատական գործողությունը, կերը:
- Ընկերությունը մի քանի գործ ունի, մեկը մի քիչ օգուտով է անում, մեկը՝ մի քիչ վնասով, տեղավորվում է:
ՀԳ․ Վիրաբյանը չէր հիշում, թե քանի շուն են ստերջացրել, բայց ասաց, որ եթե դատախազությանը պետք լինի, իրենք այդ հաշվապահական տվյալները կներկայացնեն: Սեդրակ Վիրաբյանն ուղարկեց մեզ այն նույն գոմի պատկերը, որը տեսել էինք սկանդալային նյութում: Այնտեղ մեկ սեղան էր ավելացված, դեղերի պահարան եւ մի երկու սրվակ: Անգամ արյան անալիզը, թեստավորումը, մակաբույծների հայտնաբերումը, անբուժելի կենդանիների էվթանազիան, այլ գործողություններ, որոնք սահմանված են պայմանագրերով, այդտեղ պատկերացնելը բարդ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test