Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես փակել «միջանցքի» գործածման թեման aravot.am aravot.am

time
Ինչպես փակել «միջանցքի» գործածման թեման

Բաքուն ու Անկարան միջանցքը կարող են անվանել` «անցուղի», «կածան» ու «արահետ»… Խնդիրն այն է, թե որեւէ բառի տակ ինչ բովանդակություն է դրվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության` նրանք ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

«Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարեւորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Կողմերը կարեւորել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը եւ համաձայնել են շարունակել իրենց շփումները», ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Կոպենհագենում Փաշինյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաեւ ադրբեջանական կողմը։

Նկատենք, որ այս հանդիպումից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, հայտարարել էր, թե որեւէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից: «Սա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է», – ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ներկայացուցիչը Փաշինյանին ուղղված հարցում օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, ինչը խիստ վրդովեցրել էր Փաշինյանին: Նա հարցրեց եվրոպացի պատգամավորին՝ որտեղի՞ց է նա վերցրել այդ ձեւակերպումը, քանի որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման խոսույթ չկա: «Որտեղի՞ց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել, եւ համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որեւէ փաստաթղթում»,- ասաց նա:

Այնուհետեւ հիշեցնելով, որ հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, Փաշինյանն արդեն ԵԽԽՎ-ում ադրբեջանական կողմին հորդորեց ցույց տալ, թե որտեղ է այդ միջանցքը քարտեզի վրա:

Հարցերին նախորդած իր ելույթում Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր խաղաղություն է հաստատված: «Չեմ կարող ասել, որ դա միայն ՀՀ կառավարության եւ ժողովրդի ձեռքբերումն է, դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի ձեռքբերումն է, եթե այդպես չլիներ, խաղաղություն չէր լինի», – ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ, այլ ամենօրյա աշխատանք է, որն ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ. «Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, խանդաղատանքով պետք է խնամենք նրան, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարեւոր է նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատեւ կոնֆլիկտի հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը»:

Արդյո՞ք Փաշինյանը Կոպենհագենում Ալիեւին հարցրել է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Ի վերջո, այս հարցը Փաշինյան-Ալիեւ տետ-ա-տետ հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է, Փաշինյանը, ընդհանրապես, երբեւէ փորձե՞լ է պարզաբանումներ ստանալ գործընկերոջից, թե ինչո՞ւ է Ալիեւը համառորեն շարունակում գործածել այդ տերմինը, որը պաշտոնական Երեւանը անընդունելի էր համարում:

Չէ՞ որ Փաշինյանն անգամ հորդորեց Ալիեւին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որեւէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Սա ենթադրում է, որ Փաշինյանը Ալիեւի հետ իր վերջին հանդիպմանը պետք է փորձեր հարցի շուրջ որոշակի հստակություն մտցնել:

Փաշինյանը, սակայն, որոշեց յուրօրինակ ձեւով փակել «Զանգեզուրի միջանցքի» թեման` Կոպենհագենում Ալիեւի հետ հանդիպումից ուղիղ մեկ օր առաջ: Փաշինյանը խորհրդարանում ենթադրություններ արեց Ալիեւի ձեւակերպումների մասով, այդ թեման ուղղակի փորձելով փակել: «Իմ ընկալումն այն է՝ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», իրենք նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն, բայց Հայաստանի մասին չէ դա: Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով՝ ես հասկացա, որ խոսքը Հորադիզ-Զանգելան ճանապարհի մասին է», – հայտարարեց Փաշինյանը:

Թե ինչ վերլուծություններից ու հաշվարկներից հետո է Նիկոլ Փաշինյանը հասկացել, որ Ալիեւը «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը, պարզ չէ։ Այս թեման հայտարարելով փակված, Փաշինյանը տվեց «Հորադիզ-Զանգելան» ձեւակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։ «Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», ասաց նա:

Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանը ընդամենը օրեր առաջ նաեւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, անընդունելի համարելով «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, պնդում էր, որ այն ունի «գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում է, որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ»:

Անկախ նրանից, պաշտոնական Բաքուն հրապարակավ կարձագանքի՞, թե չի արձագանքի իրենց խոսույթի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանություններին, այն առումով, թե արդյո՞ք նրանք համաձայն են Փաշինյանի նոր բացատրության հետ, որ` «Զանգեզուրի միջանցքը» Զանգելան-Հորադիզ ճանապարհն է, առավել քան պարզ է, որ խնդիրը ամենեւին էլ բառերի մեջ չէ: Թուրքիայից ու Ադրբեջանից մի օր միջանցքը կարող են անվանել` «անցուղի», «երթուղի», «կածան» ու «արահետ»: Խնդիրն այն է, թե որեւէ բառի տակ ի՞նչ բովանդակություն է դրվում, դրա հիմքով Հայաստան պետությանը ինչ զիջումների են դրդում, այսինքն` դրա արդյունքում Հայաստան պետությունը որքան է կորցնում իր իսկ ինքնիշխանությունը սեփական տարածքում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 07.10.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test