«Այսօր ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում հայտարարված էր ընդունելություն Տարածաշրջանային եւ Եվրասիական տնտեսական հարցերի հանձնաժողովում: Ես հոկտեմբեր ամսվա բոլոր ընդունելություններին գրանցված եմ բացառությամբ մի օրվա: Իմ ծննդյան օրը նախատեսված ընդունելությունը պետք է կայանար Ռուստամ Բաքոյանի հետ: Եվ իմ տոնը չփչացնելու համար միայն այդ օրվա ընդունելությանը չեմ գրանցվել:
Ի տարբերություն նախորդ դեպքերի, այսօր ընդունելությունը կայացավ, որովհետեւ հանձնաժողովի անունից ընդունելության եկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը»,- ԱԺ-ից դուրս գալով Aravot.am-ին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Երեկ ընդունելությունը չի կայացել, որովհետեւ պետք է գար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ ՔՊ-ից: Ամփոփելով ի՞նչ կարող ենք ասել այս ամբողջ ժամանակաշրջանի իմաստով, ի՞նչ օրինաչափություն կա: Ի դեպ, ի տարբերություն նախորդ ամիսների, որ նշում էի, որ ընդունելության թեման միայն վարչապետին անվստահություն հայտնելն է, այս ամսվա ընդունելություններին նշել եմ վարչապետին անվստահություն հայտնելու հարց եւ հանձնաժողովի իրավասություններին վերաբերող այլ հարց: Այսինքն, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ունեի նաեւ երկրորդ հարցը՝ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցը: Օրինակ, ԱԺ-ն ընդունել էր հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի վերաբերյալ: Ես այդ կապակցությամբ հանձնաժողովի նախագահի հետ հարցեր ունեի քննարկելու եւ պարզելու: Բայց ԱԺ աշխատակիցը, ինչպես նախորդ դեպքերում, ասել է. Սարգիս Խանդանյանը չի ցանկանում ձեզ ընդունելության արժանացնել: Ես հարցրել եմ. միայն ի՞նձ, պատասխանը եղել է. այո, միայն ձեզ:
Սա արդեն օրինաչափություն է: Եթե ընդունելության է գալիս ՔՊ-ից պատգամավոր եւ այս կողմում ես եմ, ուրեմն իմ հետ այդ ընդունելությունը չի կայանում: Իսկ եթե ընդունելության է գալիս պատգամավոր, մինչեւ հիմա եղել է միայն «Հայաստան» խմբակցությունից եւ խմբակցությունից դուրս եկած Գեղամ Նազարյանը, ընդունելությունը կայանում է անկախ բովանդակությունից: Պատգամավորն ինձ լսում է, ես էլ կարողանում եմ բովանդակությունը ներկայացնել:
Ես բոլոր դեպքերում ներկայացնում եմ հաղորդում հանցագործության մասին: Այսօր էլ եմ ներկայացրել երեկվա հետ կապված: Ու դա արդեն 24-րդ հաղորդումն է: Բայց այդ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանանում, ինչը կրկնահանցագործության առիթ է ստեղծում: Օրինակ, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը երեքական անգամ ինձ չեն ընդունել՝ երեք անգամ ենթադրյալ նույն հանցանքը գործել են: Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը՝ երկու անգամ:
Եթե առաջին անգամ, երբ ես հաղորդում էի տվել, գլխավոր դատախազը պատշաճ օրինական գործընթաց աներ եւ դրան գնահատական տար, երկրորդ անգամ այս երեւույթը չէր կրկնվի, կազդեր մյուս պատգամավորների վարքագծի վրա, որովհետեւ ՔՊ-ի դեպքում ակնհայտ է, որ դա արդեն անհատական վարքագիծ չէ, դա խմբակցության դիրքորոշում է: Իսկ նրանք դրա համար անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես հետեւողականություն եմ ցուցաբերելու այդ հարցում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test