Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Տնտեսական դիվանագիտություն․ պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան» ուսումնասիրության վրա աշխատել է շուրջ 30 տարի: Այսօր Մատենադարանում կայացավ այդ ծավալուն աշխատության շնորհանդեսը:
Aravot.am-ը հեղինակից հետաքրքրվեց, թե որն է գրքի առանձնահատկությունը: Թաթուլ Մանասերյանն ասաց, որ գիրքն այն մասին է, թե ինչն այսօր կարող է պատկերավոր ասած՝ Հայաստանի Հանրապետության համար բանալիներ ստեղծել: «Տնտեսական դիվանագիտությունը ժամանակակից աշխարհում բազմաթիվ խնդիրներ է լուծում, բայց մեզանում այդ դպրոցը ոչ միայն կայացած չէ, այլեւ պատկերացում չկա, թե ինչ է նշանակում տնտեսական դիվանագիտություն եւ ինչպես այն կարելի է կիրառել»:
Պրոֆեսորը հավելում է. «Ամբողջ գիտակից կյանքում ես մասնագիտական առումով 2 հավատամք եմ ունեցել, որ 2 կարեւոր հիմնասյուն պետք է ապահովվի երկրի զարգացման համար. առաջինը տնտեսական անվտանգությունն է, երկրորդը՝ մրցունակությունը: Իսկ մրցունակությունն առանց տնտեսական դիվանագիտության չի կարող մատուցվել… Տնտեսական դիվանագիտության մեջ բազմաթիվ այլ ծալքեր կան, այս գիրքը ծավալուն աշխատություն է, եւ մի զրույցի ժամանակ անհնար է անդրադառնալ բոլոր մանրամասներին, ինչը փորձել եմ ամփոփել ընթերցողի համար»:
Թաթուլ Մանասերյանը շեշտում է. «Եվ տնտեսական դիվանագիտության գիտական հիմքերն ու հիմնավորումներն են տրված, Հայաստանից բխող առանձնահատկությունները, եւ միեւնույն ժամանակ գործնական հստակ ուղղվածություն կա ըստ ոլորտների՝ ժողովրդագրական դիվանագիտություն, ֆինանսական դիվանագիտություն, ներդրումային դիվանագիտություն, ագրարային դիվանագիտություն եւ այլն:
3 տասնամյակից ավելի նույն խնդիրների առջեւ ենք կանգնած, եւ այստեղ փորձ է արվում այլ դիտակետից նայել ու փորձել լուծումների հանդեպ մի փոքր ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով պատմական Հայաստանի հարուստ կենսափորձը. սկսած նախաքրիստոնեական շրջանից, 5-6-7-րդ դարեր, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Սմբատ Սպարապետ, Մխիթար Գոշ եւ այլն:
Այսինքն, եթե մենք նույնիսկ մեր ազգային ժառանգությունը փորձենք պեղել, դրանից կարող ենք դասեր քաղել 21-րդ դարի համար, հսկայական գանձարանի ենք տիրապետում, որը, սակայն, թողել ենք միայն պատմության էջերում:
Ուսումնասիրության խնդիրներից մեկն էլ այն է, որ շաղկապենք այդ ամբողջ հարուստ ժառանգությունը այսօրվա իրականության հետ, փորձենք գտնել այն ուղիները, որոնցով կկարողանանք ճեղքում մտցնել զարգացման մեջ»:
Պատասխանելով մեր հարցին՝ պրոֆեսորը նորից նշեց, որ Հայաստանում պատկերացում չունենք տնտեսական դիվանագիտության մասին, ինչն առաջին հերթին վերաբերում է կառավարման բարձր էշելոններին. «Գոնե պետք է պահանջարկված լինի, ասեին՝ դա պետք է մեզ, որ փորձագետները լծվեին այդ աշխատանքին՝ օգնելու պետությանը: Բայց նման ցանկություն ես դեռ չեմ տեսնում;
Այսօր ես հրավիրել էի ե՛ւ երկրի նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարներին, ե՛ւ արտգործնախարարին…Բոլոր ուղղություններով ուղարկված էր շնորհանդեսի հրավերը: Ինձ համար սա կարեւոր ազգային խնդիր է, ոչ թե քաղաքական կամ այլ: Դատելով՝ ովքեր են ներկա, պատկերը պարզ էր: Իհարկե, ներկա էին նաեւ իշխանական թեւից, մարդիկ կային, որ ողջամիտ են, իրենց անձնապես հետաքրքիր էր, մասնակցում էին, բայց որոշում կայացնողները, որոնք պետք է հետաքրքրված լինեին, այդպես էլ չեն արձագանքել»:
Հարցին՝ իր աշխատությունն ում է ուղղված, Թաթուլ Մանասերյանն այսպես արձագանքեց. «Բոլոր այն մարդկանց, որոնք իրենց մեջ ազգային բաղադրիչ ունեն, մտածում են՝ ինչ կարելի է անել, որպեսզի ազգային պետություն կառուցենք, խոսքը միայն կառավարիչների մասին չէ… Գիրքը նաեւ գիտական հանրության համար է, քանի որ ինստիտուցիոնալ հիմքերն են շարադրված:
Ի դեպ, ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ ինստիտուցիոնալ հիմքերը ամփոփ կամ համակարգված ձեւով չկան, չնայած տասնյակ հետազոտություններ կան տնտեսական դիվանագիտության վերաբերյալ: Շատ պատասխանատու խնդիր էր սա, եւ ձեր խոնարհ ծառան այս տասնամյակների ընթացքում աշխատել է դրանք ի մի է բերել եւ ներկայացնել: Մեկ այլ նոր բացահայտում, որ ես առաջարկում եմ, դա այն է, որ տնտեսական դիվանագիտությանը վերաբերվենք ոչ միայն որպես արտաքին ոլորտին վերաբերվող գործիք, այլեւ ներքին տնտեսական հարաբերությունների կարգավորման համար շատ կարեւոր գործոն»:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Տնտեսական դիվանագիտություն․ պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան» աշխատությունն առաջին հերթին ուղղված է պետությանը, գիտնականներին, փորձագետներին ու մասնավոր հատվածին, քանի որ տնտեսական դիվանագիտությունը նաեւ վերջիններիս է շատ կոնկրետ օգուտներ բերում, եթե տիրապետում են գործիքակազմին: Ընդ որում, նա գրքում եւ ավանդական գործիքակազմին է անդրադարձել, եւ ժամանակակից գործիքակազմին՝ ելնելով մեր երկրի եւ ոլորտի առանձնահատկություններից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test