Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոլդովայի ապագան եւ հայկական ներկայությունը hraparak.am hraparak.am

time
Մոլդովայի ապագան եւ հայկական ներկայությունը

Սա Մոլդովային նվիրված մեր հոդվածաշարի վերջին նյութն է, որը շարունակում է նախորդ հոդվածը, այնտեղից, որտեղ այն ընդհատվել էր։ Հոդվածն ընդհատել էինք Մոլդովայի 28.09.2025թ․ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որպեսզի շարունակենք ընտրության արդյունքների հայտնի դառնալուց հետո։ Ընտրությունները որեւէ անակնկալ չմատուցեցին։ Ինչպեսեւ բոլորը Մոլդովայում կանխատեսում էին՝ ամենից շատ ձայներ ստացավ իշխող PAS կուսակցությունը։ Հարցն այն էր` արդյո՞ք PAS-ի ձայները կհասնեն 50 տոկոսի։ Հենց 50 տոկոս էլ հավաքեցին։

Մոլդովայի նախկին նախագահ, Кремлёвич եւ Кулёк մականուններով հայտնի Իգոր Դոդոնի գլխավորած սոցիալիստ-կոմունիստների բլոկը ստացավ ձայների 24 տոկոսը (2021-ին ստացել էր 26 տոկոս)։ Մոսկվայի եւ Կրեմլի հետ ասոցացվող որեւէ ուժի համար ձայների քառորդ մաս ստանալը Մոլդովայում սեփական գլխից վերեւ թռչելուն համազոր արդյունք է։ Նրանք Մոլդովայի հիմնական բնակչության՝ ռումինների շարքում նույնիսկ անցողիկ շեմ հաղթահարելու համար բավարար ձայն չեն ստանա, ինչպես ֆինանսական հանցագործությունների համար հետապնդվող, ՌԴ-ում հաստատված քրեաօլիգարխ Իլոն Շորի պրոռուսական կուսակցությունները չեն ստանում։

Այդ 24-26 տոկոս ձայնը կոմունիստ-սոցիալիստների համար ապահովում են Մոլդովայի բնակչության շուրջ 30 տոկոս կազմող ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, գագաուզներ, բուլղարներ եւ այլն, որոնց հիմնական լեզուն ռուսերենն է, եւ ռուսական քարոզչամեքենայի ազդեցության ներքո են գտնվում։ Սակայն այդ հարցն էլ ժամանակին համընթաց լուծվում է՝ ռուսաց լեզվի ուսուցումն այժմ հանված է մոլդովական դպրոցներից, ինչի արդյունքում հետզհետե ավելի եւ ավելի քիչ մարդ ենթակա կլինի ռուսական ծուռհայելային քարոզչության ներգործությանը։

Իսկ սեպտեմբերի 28-ի ընտրությունների ամենաէական արդյունքն անշրջելի իրողության փաստումն էր, որ Մոլդովան ռուսական ազդեցության ուղեծրից դուրս է։ Եթե PAS-ը քվեների 50 տոկոսը (դրա արդյունքում էլ խորհրդարանի 101 մանդատից 55-ը) անգամ չստանար, կոալիցիոն կառավարություն ձեւավորվեր, եթե անգամ կոմունիստ-սոցիալիստները հայտնվեին կառավարության ղեկին, դարձյալ ԵՄ ինտեգրման ուղեգծից շրջադարձ չէր լինի։ Ինչո՞ւ... Շատ պարզ․ ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացումը սկսվել է 2016-ին (երբ ուժի մեջ մտան Association Agreement-ը եւ DCFTA-ն), եւ նույն տարում էլ Մոլդովայի նախագահ ընտրվեց Իգոր Դոդոնը (2016-2020 թթ․)։ «Ես հիշում եմ՝ 2016-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Դոդոնը հայտարարում էր, թե ինքն Ասոցացման համաձայնագիրը կպատռի, Բրյուսելի հետ կապերը կխզի,- պատմեց Մոլդովայի նախագահի խորհրդական Իգոր Զահարովը։- Բայց երբ եկավ իշխանության, նման ոչ մի քայլ էլ չկատարեց, որովհետեւ ընտրություններից հետո միշտ էլ հաշվի են նստում իրականության հետ»: Իսկ Մոլդովայում անշրջելի իրականությունն այն է, որ երկրի 2,5 միլիոն բնակչությունից շուրջ 1,5 միլիոնն ունի Ռումինիայի (ԵՄ անդամ երկրի) քաղաքացիություն։ Ասել է թե՝ անհատական մակարդակում մոլդովացիներն ավելի վաղ են ինտեգրվել Եվրոպական Միությանը, քան Մոլդովայի Հանրապետությունը կհասցնի դա անել։

Նմանություններ, տարբերություններ

Շարքի նախորդ հոդվածներից մեկում արդեն մանրամասնել ենք, որ գոյություն չունի մոլդովացի էթնոս, մոլդովացիներն էթնիկ ռումիններ են, 14-րդ դարում հիմնադրված Մոլդովայի իշխանապետության տարածքի մեծ մասը՝ ներառյալ մայրաքաղաք Iasi-ն, այսօր Ռումինիայի կազմում է։ Մոլդովայի իշխանության՝ Պրուտ գետից արեւելք գտնվող փոքր տարածքն է այսօրվա Մոլդովայի Հանրապետությունը, եւ վերջինիս ինտեգրումը ԵՄ-ին նաեւ նշանակում է պատմական հայրենիքի հետ ինտեգրում։ Դա նույնն է, թե ռուսների հանցագործ եւ ստոր միջամտությունը չլիներ հայոց պատմությանը, 1921-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության պայմանագրով», Մոսկվայից Աթաթուրքին զինել-ֆինանսավորելով Սեւրի դաշնագրի գործադրումը չվիժեցվեր, եւ այսօր Արեւմտյան Հայաստանում գոյություն ունենար հայկական պետություն՝ ԵՄ կազմում։ Նման քաղաքական եւ պատմական իրականությունում հնարավոր կլինե՞ր կասեցնել ներկա ՀՀ-ի ինտեգրումը ԵՄ-ին եւ Արեւմտյան Հայաստանին: Պարզ է, որ՝ ոչ։ Մոլդովայի ԵՄ ինտեգրումը հենց այդ խորը պատմական անշրջելիությունն ունի։

Իսկ մնացյալ տեխնիկական ցուցանիշներով, թե որ ոլորտում ինչ դրություն եւ ԵՄ-ի հետ ինտեգրման նախադրյալներ կան, համարյա ցանկացած ոլորտում Հայաստանն ավելի առաջանցիկ դիրքերում է, քան Մոլդովան՝ տնտեսության ծավալից ու արտահանումների դիվերսիֆիկացիայից մինչեւ կրթության մակարդակ եւ միջազգային համալսարաններ, զինված ուժերից մինչեւ արդարադատության համակարգ ու միջազգային փոխհարաբերություններ, նույնիսկ բնակչության տեսանելի բարեկեցություն ու կենսամակարդակ։ Մոլդովայի միակ առավելությունն իր ադեկվատ եւ պրոեվրոպական իշխանությունն է՝ ի հակադրություն ոչ ադեկվատ Նիկոլ Փաշինյանի՝ կողմնորոշումներում հողմաղացի պես պտտվող եւ Հայաստանում էլ համատարած մերժվող իշխանության։

Մոլդովայում միայն Քիշնեւի Հասդեուի անվան գրադարանային ցանցն էր, որ իմ բարի նախանձը շարժեց։ Եթե Երեւանում Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերը սեփականաշնորհել, ավերել, վերացրել են, Քիշնեւում քաղաքային գրադարանի մասնաճյուղերը պահպանել են, եւ այսօր դրանք դարձել են սոցիալ-մշակութային կենտրոններ։ Քիշնեւում դեռ դպրոցի տեղը չիմացող փոքրիկն իրենց թաղամասի գրադարանի տեղն է սովորում։ «Մենք գրքերին հավասար գնում ենք խաղեր,- պատմեց Հասդեու անվան գրադարանի երկարամյա տնօրեն, այժմ՝ փոխտնօրեն Լիդիա Կովալովսկին։- Հաճախ երեխաներն իրենք են փոքր քրոջ, եղբոր ձեռքը բռնած՝ բերում գրադարան՝ խաղալու։ Այդպես մանուկ հասակից խաղերի միջոցով գրքերը, գրադարանը երեխաների համար դառնում են հարազատ միջավայր»։ Հասդեուի գրադարանում դպրոցականների «Ամառային մարտահրավեր» կոչվող մրցույթ ունեն, «Քիշնեւը կարդում է» ծրագիր, որ երիտասարդ գրողների գործերն է հանրայնացնում, անգամ ծերերի համար «Հանդիպման վայրը գրադարանն է» նախաձեռնություն կա, գիտական-արխիվային աշխատանքներ են տարվում։ Միով բանիվ, Քիշնեւում գրադարանները դարձրել են սոցիալ-մշակութային կյանքի կենտրոններ, ինչը հիացնող է ու հրաշալի։

Վերջապես նշանակալից է Մոլդովայի՝ Մարիա Բիեշուի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնը։ Քիշնեւում, բնականաբար, ես եղա իրենց թանգարանների, պատկերասրահների, տաճարներ-եկեղեցիների մեծ մասում։ Եկեղեցիները ջերմ են, գողտրիկ, եւ կրոնական աուրան զգացվում է։ Չէի ասի, թե թանգարանները, պատկերասրահները տպավորում են։ Սակայն այլ է երաժշտական արվեստը։ Մոլդովայի ֆոլկլորն անգամ կենսուրախ ու հաճելի երաժշտություն էր։ Սովորական փոփ-երգիչներն էլ, ինչպիսիք երգում էին Te salut, Chisinau փառատոնում, օժտված էին առանձնակի գեղեցիկ, մեծ դիապազոնի, կոլորատուրային ձայնով։ Հետեւաբար, կարելի էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի օպերային վոկալը։

«Մենք համերգային շրջագայությունների էինք գնում Եվրոպա այն ժամանակ, երբ Եվրոպայում Մոլդովայի տեղը դեռ չգիտեին,- պատմեց թատրոնի գլխավոր տնօրեն Նիկոլաե Դոհոտարուն։ - ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Բեռլինում էինք հանդես գալիս, հետո էլ, քարտեզը ձեռքներիս, եվրոպացիներին բացատրում, որ Մոլդովան պետություն է Ռումինիայի եւ Ուկրաինայի միջեւ... Դեռ 1993-ին, 94-ին Lոնդոնի Royal Albert Hall-ում Պուչինիի մեր բեմադրություններն ենք ներկայացրել։ Մեր արտիստներից շատերն են հրավիրվել եվրոպական բեմեր։ Այս տարի էլ ահա ձեր, մեր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունն ենք տանում Եվրոպա, եւ մեր մենապարողն էլ Հայաստանից է՝ Րաֆֆի Գալստյան»։ Խնդրեմ՝ եւս մի տեսանելի հայ Մոլդովայում։

Հայերը՝ ռումինական իշխանապետությունների համահիմնադիրներ

Իսկ առաջին հայերը Մոլդովայի, ինչպես նաեւ Վալլախիայի, Տրանսիլվանիայի իշխանություններում հաստատվել են դրանց կազմավորման արշալույսին՝ 14-րդ դարում, որը համընկնում էր Կիլիկիայի Հայոց թագավորության անկման շրջանին, երբ շուրջբոլորը հաստատված մահմեդական տիրապետությունից մեծ թվով հայեր հեռանում էին դեպի քրիստոնյա Եվրոպա (ըստ որոշ տվյալների՝ հայության գաղթը դեպի Բալկանների ռումինաբնակ տարածքներ սկսվել է նույնիսկ ավելի վաղ՝ 11-րդ դարում՝ Մեծ Հայքում Բագրատունյաց թագավորության անկումից հետո): Կիլիկիան երեք դար շարունակ առեւտրային դարպասն էր Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, հետեւաբար, Բալկաններ տեղափոխվող հայազգի վաճառականները հաստատվում են առեւտրային ուղիների վրա գտնվող կամ հիմնադրվող քաղաքներում։ Դրանց թվում են եղել Գալաթին (Galati), Յասսին (Iasi), Բոտոշանիին (Botosani), Գերլան (Gherla), Լվովը եւ այլն։

Եվ բոլոր այդ աշխատասիրությունների միջով անցնող «կարմիր թելը», ընդհանրացնողն ու էականն այն է, որ ռումինական բնակավայրերում իրենց շուրջ հազարամյա ներկայության ընթացքում հայերն իրենց վաճառական տաղանդով ու կապերով վճռորոշ կերպով նպաստել են ռումինական քաղաքների կայացմանը, աշխարհի հետ հաղորդակցությանն ու բարգավաճմանը։ Հայության դերն այնքան մեծ է ռումինական տարածքների տնտեսական ու դրանից բխող հանրային, քաղաքական կյանքում, որ Նիկոլաե Յորգան, որը Ռումինիայի մեծագույն պատմաբանն է, էնցիկլոպեդիստ, փիլիսոփա, ասել է, թե հայ վաճառականներն իրենց առեւտրային գործունեությամբ այնքան են նպաստել ռումինական քաղաքների զարգացմանն ու բարգավաճմանը, որ «հայերին կարելի է համարել ռումինական իշխանապետությունների համահիմնադիրներ»։ Ռումինահայությանը տրված բարձրագույն գնահատականն է՝ Ռումինիայի մեծագույն պատմաբանի կողմից, որով էլ արժե ավարտել Մոլդովայի մասին հոդվածաշարը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test