ՀՀ ՆԳՆ-ն «համոզիչ» տոնով հերքեց թուրք-վրացական սահմանին հայկական կեղծ անձնագրերի մեծ խմբաքանակ հայտնաբերվելու մասին լուրը: Բայց Նիկոլի դիտարկումը, որով նա դիմեց իր նախարարներից մեկին՝ «…տենց հաստատ մի ասա», կարող է այս հարցում պետք գալ: Հարգելի ՆԳՆ, այնքան «համոզիչ» եք հերքում, ասես թե չեք հերքում… Ասում ա՝ քաղաքացի Գարսեւան, ուրեմն դու ավտոյի տակ չես ընկե՞լ… Տեսեք ինչ է կատարվում: Ուրեմն Հայաստանի միլիցիան Հայաստանում կատարված դեպքը ոչ մի կերպ չի կարողանում բացահայտել, մինչդեռ հայտարարում է, որ թուրք-վրացական սահմանին հայկական կեղծ անձնագրերի հայտնվելու մասին լուրը կեղծ է: Տիկին նախարար, հայկական միլիցիայի այս առաջընթացը Ձեզ չի՞ զարմացնում: Մեր իմանալով՝ վրացական ոչ մի պաշտոնական աղբյուր նման լուր չի հայտնել: Բայց չենք էլ կարող բացառել, որ Վրաստանի անվտանգության ծառայությունները հատուկ ոչինչ չեն ասել այդ մասին՝ ելնելով իրենց երկրի շահերից: Ի վերջո՝ ընտրություններ էին նաեւ Վրաստանում, եւ ավելի վաղ գուցե փորձ էր արվել նաեւ վրացակա՞ն կեղծ անձնագրեր մտցնել երկիր:
Հայաստանում էլ լուրը շատ արագ տարածվեց, համարյա պայթյունի պես, ու մինչ օրս, անգամ ՆԳՆ-ի հերքումից հետո, դեռ շրջանառվում է սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում ու լրատվամիջոցներում: Մարդիկ կան, որ հավատում են ՆԳՆ-ի հերքմանը: Ասում են՝ թուրքերը հո գիժ չե՞ն, որ մի հատ էլ Վրաստանի տարածքով հայկական կեղծ անձնագրեր բերեն Հայաստան: Ավելի հեշտ չէ՞ր դա անել Ստամբուլ-Երեւան չվերթով՝ «Զվարթնոցում» Նիկոլի ԱԱԾ-ն է, Նիկոլի սահմանապահները… Տրամաբանական է թվում: Բայց եկեք չմոռանանք, թե Ղրիմի կամրջի վրա ինչ բեռնատար էր պայթել, ու որտեղից էր այն մեկնել ՌԴ, ապա՝ Ղրիմ: Այո, Հայաստանից: Այսպիսի գործերը, բարեկամներ, սովորաբար անում են հետքերը թաքցնելով: Արգելված «ապրանքը» նախ ֆռռացնում են տարբեր երկրներով, փոխադրող կազմակերպությունների եւ բեռների անուններ փոխում, մինչեւ այն հասնի նպատակակետ: Հարց՝ որտե՞ղ կարող էին տպագրվել հայկական կեղծ անձնագրերը, ո՞ր երկրներով են դրանք անցել մինչեւ Թուրքիա, ապա՝ թուրք-վրացական սահման: ՀՀ ՆԳՆ-ն այս մասին, բնականաբար պատկերացում անգամ չունի: Գուցե դրանք տպագրվել են Անգլիայում, անցել եվրոպական մի շարք երկրներով, հասել Թուրքիա եւ թուրք-վրացական սահմա՞ն: Թուրքերը կարո՞ղ էին ոչինչ չիմանալ այդ մասին: Կարող էին, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ իշխանությունները չգիտեին մեր տարածքով Ղրիմի կամուրջ ուղեւորվող պայթուցիկի մասին: Հետեւաբար, եկեք չկենտրոնանանք Թուրքիայի վրա ու չմտածենք, որ թուրքերը կարող էին ուղիղ չվերթով դրանք բերել Հայաստան: Ի վերջո, նաեւ Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից ու եվրոպական շատ այլ քաղաքներից ուղիղ չվերթեր կան դեպի Երեւան:
Եվ, ուրեմն, ինչո՛ւ է ՀՀ ՆԳՆ-ն չորով հերքում մի լուր, որ Վրաստանի իշխանությունները դեռ չեն էլ տարածել: Սա գիտե՞ք ինչի է նմանվում… Հանցագործին հարցնում են՝ ի՞նչ կա պայուսակիդ մեջ, ասում է՝ հորս արեւ, նռնակ չկա: Տիկին նախարար, Դուք դելեգացիա ուղարկեցի՞ք Վրաստան՝ պարզելու իրողությունը, թե՞ Երեւանում նստած որոշեցիք, որ քաղաքացի Գարսեւանը Վրաստանի կողմերում ավտոյի տակ չի ընկել: Հարցում-մարցում Վրաստանի դեսպանատուն՝ էս ի՞նչ հաշիվ ա, էս ի՞նչ պատմություն ա…
Իսկ հիմա հարցին մոտենանք այլ տեսանկյունից: Ո՞ւմ էր ձեռնտու կեղծ անձնագրերի «ներմուծումը» Հայաստան… Մի րոպե… Մի րոպե… Ինչո՞ւ միանգամից հայացքներդ դարձրիք Նիկոլին: Նիկոլն ասել է, որ մեր երկրում կեղծ ընտրությունների դուռն այլեւս փակված է: Ինձ թվում է՝ նրա մտքով անգամ չէր անցնի, որ այսպիսի բան կարող է պատահել: Ինքն ընդամենը ուզում էր 26 թվին վերընտրվել, բայց ոչ այսպիսի կոպիտ միջամտությամբ: 100 հազարավոր կեղծ անձնագիր՝ կատակ ե՞ք անում: Բա Նիկոլն էդ պատվի տեր մա՞րդն է: Նույնը չենք կարող ասել, սակայն, Նիկոլի օտարերկրյա հովանավորների մասին, որոնք շատ են ուզում, որ Նիկոլը 26 թվին վերարտադրվի, ավելի ճիշտ՝ շատ են ուզում 26 թվին վերարտադրել Նիկոլին: Ահա եւ պարզ պատճառ, թե նրանց ինչին էին պետք այդ կեղծ, ով գիտի՝ մեջն էլ «շենգեն» վիզա խփած անձնագրերը, որոնք հետո պետք է հայտնվեին Նիկոլի «տատանվող» կողմնակիցների ձեռքին ու դառնային նիկոլական քվե:
Ես համբերատար դեռ կսպասեմ ՆԳՆ-ի հետագա հայտարարություններին, որոնք անխուսափելիորեն կլինեն, երբ այս մասին պաշտոնական հայտարարություն լինի նաեւ Վրաստանից: Ինձ հետաքրքիր է, թե ՆԳՆ-ն, որ նաեւ ՀՀ ընտրողների ռեգիստրն է վարում, ինչ հեքիաթներ է պատմելու այս կինոյի մասին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test