Հոկտեմբերի 3-ին Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանը խայտառակ, ամոթալի եւ աննախադեպ որոշում կայացրեց՝ 2 տարվա անազատության դատապարտեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին՝ «իշխանափոխության կոչեր անելու» շինծու եւ անհեթեթ մեղադրանքով: Համանման մեղադրանքների շրջանակում ներկայում ապօրինի կալանքի տակ է գտնվում նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեկ այլ սրբազան՝ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը: Զուգահեռաբար, Հայաստանի իշխանությունները շարունակում են ապազգային արշավն ընդդեմ Հայ եկեղեցու՝ սպառնալով Վեհարանից «արտաքսել» Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Աջապահյանի հետ կապված դատավճիռը հանրային լայն արձագանք է ստացել, ընդ որում՝ նաեւ Հայաստանից դուրս, հնչել են դատապարտող հայտարարություններ, կոչեր, տեղի ունեցածն աներկբայորեն որակել են որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում, ընդդիմախոսներին լռեցնելու բռնաճնշում: Գաղտնիք չէ, որ փաշինյանական ռեժիմն ընդդիմությանը մեղադրում է «հինգերորդ շարասյուն» լինելու մեջ՝ բացահայտ մեղադրելով «Կրեմլի շահերը սպասարկելու մեջ»:
Տեղեկատվական բաց աղբյուրներում չգտանք որեւէ նման նախադեպ, երբ հետխորհրդային հանրապետություններից որեւէ մեկում հետապնդեն, թիրախավորեն եւ հատկապես կալանավորեն բարձրաստիճան հոգեւորականի: Քանի որ իշխանավորներն ակնարկում են հայաստանյան ընդդիմության եւ հոգեւորականության «քաղաքական կապի» մասին՝ այս ընթացքում պեղելով, բուծելով ու հրապարակ նետելով որոշ նախկին եւ ներկա «հոգեւորականների»՝ իրենց եղկելի քայլերն արդարացնելու նպատակով, որոշեցինք ուսումնասիրել՝ արդյո՞ք նման դեպքեր եղել են նույն Ռուսաստանում, գոնե վերջին 5 տարվա կտրվածքով: Չէ՞ որ Ռուսաստանը շատ ավելի ավտորիտար երկիր է, եւ ժողովրդավարությունից նահանջն այդ երկրում վերջին տարիներին ակնհայտ է:
Պարզվում է, որ 2021 թ. նոյեմբերին Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) քահանա Անդրեյ Վինարսկին վեցերորդ անգամ ձերբակալվել է՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ՝ հանրային միջոցառումների կանոնների բազմակի խախտումների համար: Դատարանի վճռով՝ քահանան պետք է 10 օր անցկացներ պատժի կրման հատուկ վայրում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեղացի կողմնակից Ալեքսեյ Վորսինին ի աջակցություն կազմակերպած միայնակ պիկետի համար։ Բողոքի ցույցը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Կենտրոնական շրջանային դատարանի դիմաց։ Վինարսկին նաեւ տեւական ժամանակ եղել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի աջակցության համար կազմակերպված բողոքի ցույցերի ակտիվ մասնակից։ Նա մի քանի անգամ ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Մինչեւ բողոքի ցույցերին մասնակցելը ռուս հոգեւորականը ղեկավարել է իր թեմի եկեղեցական «դատարանը»: Երրորդ ձերբակալությունից հետո՝ 2020 թվականի մարտին, Բերդյանսկի եւ Պրիմորսկի երկրամասի արքեպիսկոպոս Եֆրեմը (Յարինկո) նրան հեռացրել է երկու ծխական համայնքների ռեկտորի պաշտոնից: Հինգերորդ ձերբակալությունից հետո թեմն արգելել է նրան. նա մնում է քահանա, բայց չի կարող կատարել ծեսեր, ինչպիսիք են՝ մկրտությունը եւ խոստովանությունը, մինչեւ չզղջա: Զղջացե՞լ է արդյոք քահանա Վինարսկին, թե ոչ` արդեն այնքան էլ կարեւոր չէ:
Հաջորդ դեպքը. անցյալ տարի հայտնի դարձավ, որ ՌՈՒԵ Աստանայի եւ Ալմաթիի թեմի նախկին վանական Յակով Վորոնցովը դիմել է Ղազախստանի նախագահ Տոկաեւին՝ պաշտպանության խնդրանքով: Նա խնդրել է հետաքննել Ղազախստանում իր դեմ հարուցված քրեական գործը՝ ատելություն եւ թշնամանք հրահրելու մեղադրանքով, եւ համոզված է, որ իր վրա գործադրվող ճնշման հետեւում կանգնած են Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի ներկայացուցիչները: Նա պնդել է, որ նրանք փորձում են խանգարել իրեն Ղազախստանում Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ եկեղեցի հիմնելու հարցում եւ այդ նպատակով օգտագործում են Ղազախստանի անվտանգության ուժերում իրենց կապերը: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Վորոնցովը ՌՈՒԵ այն քիչ քահանաներից է եղել (այժմ՝ նախկին), որոնք ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերից բացահայտ դատապարտել են ռուսական զորքերի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա: Ավելի ուշ Յակով Վորոնցովը հայտարարել է, որ հրաժարական է տվել Ռուս ուղղափառ եկեղեցում իր ծառայությունից։ Մինչդեռ իրականում 2023 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին է կարգալույծ արել քահանային։ Այդ տարվա օգոստոսին, այժմ արդեն նախկին հոգեւորականը գրել է հերթական հակապատերազմական գրառումը, որում կրկին քննադատել է Ռուսաստանի «ագրեսիան» Ուկրաինայի դեմ եւ Ռուս ուղղափառ եկեղեցու դերը պատերազմը խթանելու գործում։
Հակապատերազմական քարոզի շրջանակում Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականի հետ կապված վերջին ամենաթարմ դեպքը 2025 թ. մարտին է եղել. «Քրիստոնյաները՝ պատերազմի դեմ» կազմակերպության տվյալներով, Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Նիկոլայ Սավչենկոն 14 օրով ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում։ Նա եկեղեցուց ուղիղ տարվել է ոստիկանություն, ապա՝ դատարան։ Վարչական գործը հարուցվել է 2014 թվականին «ՎԿոնտակտե»-ում հրապարակված լուսանկարից հետո։ Այն պատկերում է Սավչենկոյին՝ կանգնած Նեւսկի պողոտայում՝ ձեռքին ուկրաինական փոքրիկ դրոշ։ Լուսանկարի մակագրությունում կա աստվածաշնչյան մեջբերում. «Այսպես է ասում Տերը. «Մի՛ գնացեք եւ պատերազմ մի՛ սկսեք ձեր եղբայրների դեմ»»։ Դատարանը Սավչենկոյի ձեռքում պահած դրոշը համարել է ուկրաինացի ազգայնականների կազմակերպության խորհրդանիշների ցուցադրություն։ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը այս կազմակերպությունը հայտարարել է ծայրահեղական։
ՀԳ. Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ռուս քահանաների հետ կապված միջադեպերը պատերազմ մղող երկրի համար կարող են որոշակի տրամաբանություն ունենալ, թեպետ ոչ մի բռնություն արդարացում չունի, այդ թվում՝ հոգեւորականների դեմ: Մյուս կողմից, այս սակավադեպ փաստերը, դրանց էությունն ու դրանցում ներգրավված հոգեւորականների կարգավիճակն աննշան իրադարձություններ են: Իսկ ի՞նչ ասել Հայաստանի իշխանությունների մասին, որ հոգեւորականնների եւ Հայոց Սուրբ Եկեղեցու դեմ «խաչակրաց արշավանքը» վերածել են պետական առաջնահերթ «օպերացիայի», որն առաջնորդողն անձամբ իրեն Հայ եկեղեցու «հավատավոր հետեւորդ» հռչակած Նիկոլ Փաշինյանն է, եւ այդ ամենն ուղեկցվում է գարշելի հակաքրիստոնեական բառամթերքով ու ձեւակերպումներով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test