Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կրկին ընդլայնում է իր ձեռնարկատիրական գործունեությունը։ ՊՈԱԿ-ն այս տարի նախատեսում է իր տնօրինության տակ գտնվող անտառներում աճող բանջարաբույսերի ու դեղաբույսերի հավաք ու վաճառք իրականացնել՝ համագործակցելով անտառամերձ բնակավայրերի բնակիչների հետ։
Մինչև 2023 թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ինքնաֆինանսավորվում էր փայտանյութի վաճառքից, անտառային տարածքների վարձակալություններից, անտառպատումից ու տնկանյութի իրացումից հավաքագրվող գումարներով, իսկ 2023 թ. ավելացավ մեղրի արտադրությունը։ ՊՈԱԿ-ը Կապան, Վայոց Ձոր, Ճամբարակ, Արծվաբերդ, Արագածոտնի մասնաճյուղերում 310 մեղվափեթակ ունի, իսկ արտադրանքը վաճառում է սուպերմարկետներում՝ «ՀՀ պետական արտադրանք» պիտակավորմամբ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանի խոսքով՝ 2026 թ. մեղվափեթակների թիվը նախատեսված է հասցնել 500-ի։
Գարեգին Միրզոյանն ընդգծեց, որ թեպետ անտառի բարիքները, այդ թվում՝ բանջարաբույսերն ու դեղաբույսերն իրենք պատրաստվում են հավաքել ու վաճառել, այնուամենայնիվ անտառամերձ տարածքներում ապրող բնակիչներն ազատ են անտառի բարիքներից օգտվելու հարցում. «Կա անտառօգտագործման կարգ. եթե քաղաքացին կամ տնտեսավարողը արտադրության նպատակով ցանկանում է անտառից բերքահավաք իրականացնել, պետք է մոտենա տվյալ անտառտնտեսության մասնաճյուղ, հայտ լրացնի ու տոմս ձեռք բերի, որի վրա նշվում է, թե քաղաքացին ինչ և ինչքան հավաքելու իրավունք ունի։ Իսկ սեփական կարիքների համար սահմանափակում չի սահմանված»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողը շեշտեց, որ ՊՈԱԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, բայց տեխնիկական վերազինման ու աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու առումով ակնկալում է ձեռնարկատիրական գործունեությունից ֆինանսական մուտքեր։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Աբրահամյանն էլ նշեց, որ ներկայումs թրթուրավոր տրակտորի կարիք ունեն՝ հակահրդեհային ճանապարհները բացելու, ծառատունկի տարածքներում հասանելիություն ապահովելու և հողային աշխատանքներ իրականացնելու համար. «Տարածքներ կան, որոնք մեծ թեքություններ ունեն, և մեր ունեցած տրակտորը չի կարողանում աշխատել։ Եթե անտառտնտեսական որևէ ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն է լինում, գնումների մրցույթ է հայտարարվում, մինչդեռ թրթուրավոր տրակտորի առկայության դեպքում մեր ուժերով կանենք ու կծախսենք միայն վառելիքի գումարը»։
Այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նախատեսում է 720 հեկտար անտառպատման աշխատանքներ իրականացնել, որից 170 հեկտարը պետական բյուջեի ֆինանսավորմամբ կլինի, իսկ 550 հեկտարը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանի խոսքով՝ 550 հեկտարի անտառատնկումները կլինեն Լոռու և Սյունիքի մարզերում, իսկ բյուջեի ֆինանսավորմամբ անտառատնկումը կընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը՝ անտառտնտեսության բոլոր մասնաճյուղերը։
Գարեգին Միրզոյանն անդրադառնալով հարցին՝ վերջին հինգ տարիներին «Հայանտառ»-ից վերցվող տարածքնե՞րն են մեծ թիվ կազմում, թե՞ ՊՈԱԿ-ի տնօրինությանը տրվող տարածքները, պատասխանեց. «Կառավարության որոշմամբ 342 000 հեկտար է եղել «Հայանտառ»-ի տնօրինման տակ գտնվող տարածքները, իսկ այս պահի դրությամբ, ճիշտ է, դեռևս ամբողջապես չփաստաթղթավորված, բայց ունենք տեղեկատվություն, որ 360 000-ից ավելի է, այսինքն՝ մոտ 20 000 հեկտար տարածքներ անտառկառավարման նոր պլանների կազմման հետ կապված անցնում են մեր տնօրինման տակ»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների, անտառային հողերի օգտագործման և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Դավիթ Աբովյանն էլ, խոսելով ՊՈԱԿ-ի տնօրինության տակ գտնվող անտառներից հավաքվող վառելափայտի գնից, ընդգծեց, որ բնակիչները հատատեղերում կարող են վառելափայտ ձեռք բերել մեկ խորանարդը՝ 13 320 դրամով, իսկ պահեստներից՝ 21 600 դրամով. «Էներգակիրների թանկ ու բնակչությանը հասանելի չլինելու բացը անտառամերձ համայնքների բնակչությունը փորձում է վառելափայտի միջոցով լրացնել, այդ պատճառով մենք հնարավորություն ենք տալիս թափուկները՝ անտառում թափված ճյուղեր, բների մնացորդներ և այլն, մինչև 8 խմ անվճար հավաքել անտառից։ Բնակիչները կարող են դիմել մոտակա մասնաճյուղ, ստանալ թափուկ հավաքելու տոմս։ Թափուկի գնահատված պաշարն այս պահին 40 000 խմ է»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն»-ը «Հայանտառ»-ի կենտրոնակայանն է նաև իր ջերմոցներով։ Գարնանը ջերմոցներում աճեցրած ծառերը՝ սոճիներն ու կեչիները, արդեն երկու ամիս է՝ դրսում են՝ արևի տակ։ Նախատեսվում է դրանք տնկել «Հայանտառ»-ի տնօրինության տակ գտնվող անտառներում։ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձոր անտառպետության անտառապետ Ստեփան Հայրապետյանի խոսքով՝ անտառներում ծառերի խտությունն ապահովելուն նպաստում են նաև վայրի կենդանիները՝ հողը փխրեցնելով ու անկախ իրենցից սերմերը տարածելով։
Մասուր, վայրի տանձ ու խնձոր, ալոճ, վայրի հաղարջ, սունկ, բանջարաբույսեր, դեղաբույսեր և այլ բարիքներով հարուստ Մեղրաձորի անտառներում վայրի կենդանիները՝ խոզերը, եղնիկները, արջերը, շատացել են։ Այս մասին փաստեց Ստեփան Հայրապետյանը և շեշտեց, որ դա ապօրինի որսը կանխելու արդյունքն է։
Նարա Մարտիրոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test