Չնայած Գյումրու ավագանու վերջին նիստում հայտարարվեց, որ այս տարի քաղաքի օրը պաշտոնապես չի նշվելու, քանի որ տրամադրություն չկա, այնուամենայնիվ, շաբաթ օրը Գյումրին անմոռանալի օր ապրեց։ Տոնակատարությունն իրականացվեց «Տաշիր գրուպի» եւ «Մեր ձեւով» շարժման նախաձեռնությամբ՝ կալանավորված Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։
Երեկոյան մոտ 30 հազար մարդ էր հավաքվել քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում։ Արձանագրենք, որ այս տարի տոնը տարբերվում էր նախորդներից՝ ավելի բովանդակալից ու զգացական էր։ Ուշագրավ էր տոնակատարության հայրենասիրական ոգին` ազգային երգուպարը կարմիր թելի նման անցավ միջոցառման ողջ ընթացքում՝ սկսած բացման պահից։ Բեմահարթակի կենտրոնում տեղադրված էր Շիրակի թեմի առաջնորդ, տոնի նախորդ օրն ապօրինաբար 2 տարի ազատազրկման դատապարտված Միքայել սրբազանի մեծադիր լուսանկարը, իսկ տոնական միջոցառումը մեկնարկեց նրա օրհնության ու բանտից ուղարկված ուղերձի հնչյունների ներքո։ Սրբազանը կալանավայրից գյումրեցիներին շնորհավորելուց ու օրհնելուց զատ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անվանել էր «չարիքի իշխանություն» ու խոստացել ավելի մեծ վտանգ լինել նրանց համար այժմ, քան էր մինչ այսօր։ Այդ պահից մինչեւ համերգի ավարտը, կարծես, ամեն ինչ անցնում էր հավատքի, հպարտության եւ միասնականության մթնոլորտում։
Ուշագրավ էր նաեւ հրավիրված երգիչների երգացանկի ընտրությունը․ գրեթե բոլորն իրենց ելույթները սկսում եւ ավարտում էին հայրենասիրական երգերով։ Գյումրեցիների համար անակնկալ էին նաեւ Գյումրու քաղաքապետի ելույթն ու կատարումը։ Մեզ պատմեցին, որ քաղաքապետի մտերիմներն ու շրջապատն անգամ այդ մասին չեն իմացել․ որոշումը եղել է ինքնաբուխ, իսկ կազմակերպիչներն էլ վերջին պահին են տեղեկացել, որ քաղաքապետը որոշել է երգել։
Պատահական չէր նաեւ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարի որեւէ ձեւաչափով չմասնակցեց տոնակատարությանը։ Ո՛չ կուսակցության ներկայացուցիչները, ո՛չ ավագանու անդամները ներկա չէին միջոցառումներին։ Ավելին, ՔՊ-ականներն այդ օրը Շիրակ պանթեոն էին այցելել, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում Շուշիի մշակույթի տանը նահատակված ոստիկաններին եւ փորձեցին անգամ շահարկել, թե սա տոնախմբություն անելու օր չէ, քանի որ այդ օրն են զոհվել մի խումբ ոստիկաններ, այդ թվում՝ Շիրակի մարզից։ Ավագանու ՔՊ-ական անդամ Քնարիկ Հարությունյանը գրել էր՝ «Գյումրու օր» միջոցառման համար ընտրված օրը համընկնում է 2020 թ. հոկտեմբերին Շուշիի մշակույթի տան ռմբակոծության օրվա հետ, երբ այդ օրը մեծ թվով ոստիկաններ զոհվեցին։ Կազմակերպիչներին էլ ամոթանք էր տվել։ Գյումրեցիներն էլ Քնարիկ Հարությունյանին էին հիշեցրել, որ Ջերմուկի մարտերի երրորդ տարելիցի օրը ԿԳՄՍ նախարարությունը Հրազդանում մեծ ֆեստիվառ էր անցկացնում։
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ գյումրեցիներին չշնորհավորեց տոնի առիթով, բայց հետաքրքիրն այն է, որ այդ փաստը ոչ մեկին չհետաքրքրեց։ Ոչ ոք միջոցառման ընթացքում չհիշեց կամ չխոսեց այն մասին, թե ինչու երկրի ղեկավարությունը չի շնորհավորում Գյումրուն եւ գյումրեցուն։ Եթե անգամ քաղաքապետից նեղված են, գյումրեցին ՀՀ քաղաքացի է, եւ այս իշխանությունը պարտավոր է նրանց նույնկերպ վերաբերվել, ինչպես վերաբերվում է երեւանցիներին կամ վանաձորցիներին: Տոնն ընթացավ այնպես, կարծես քաղաքն ինքն իր համար էր տոնում՝ սեփական ուժով, սեփական հոգով, չնայած Երեւանից ու մարզերից մեծ թվով հյուրեր էին այդ օրն այցելել Գյումրի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test