Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մահակ ՀՀ քաղաքացիների գլխին. ինչու է իշխանությունը որոշել մեղմել հայտարարագրման գործընթացը sputnik sputnik

time
Մահակ ՀՀ քաղաքացիների գլխին. ինչու է իշխանությունը որոշել մեղմել հայտարարագրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Համընդհանուր հայտարարագրման համակարգում առաջարկվող մեղմացումները կարող են կապված լինել հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ. իշխանությունը հասկանում է, որ հայտարարագրումը դժգոհություններ է առաջացնելու քաղաքացիների շրջանում և փորձում է քայլեր ձեռնարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հայտարարությանը։
Թունյանը երեկ հայտնեց, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Եթե քաղաքացին կարծում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել ՊԵԿ համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե քաղաքացին համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել։
«Այս ինստիտուտը մահակ է ՀՀ քաղաքացիների գլխին և կամայական պահի այս կամ այն անձին պատասխանատվության ենթարկելու գործիք, կան բազմաթիվ խութեր, և հստակություն չկա, թե ի վերջո այն սովորական գումարները, որոնք փոխանցվում են ֆիզիկական անձի բանկային քարտին, օրինակ, ընտանիքի անդամի կողմից, հարկվող եկամուտ է դիտարկվելու, թե ոչ, արդյոք բոլոր նմանատիպ գործարքները պե՞տք է ունենան փաստաթղթային ապահովվածություն, որևէ հիմք, ասենք՝ պայմանագրի տեսքով, որպեսզի չդիտարկվեն հարկվող եկամուտ»,- նշեց Ֆարմանյանը։
Ըստ նրա՝ սա անտրամաբանական մոտեցում և անիմաստ ինստիտուտ է, որն ի սկզբանե չպետք է լիներ։ Ինչ վերաբերում է այսպես ասած «մեղմող քայլերին», փորձագետի կարծիքով՝ այստեղ էլ անբացատրելի կետեր կան։
«Ինքնաշխատ եղանակով հայտարարագիրը կընդունվի, բայց եթե մարդն ունի այլ եկամուտներ, ինքը պարտավոր է այդ եկամուտները ևս հաստատել։ Ստացվում է, որ եթե տվյալ անձի հայտարարագիրն ընդունվի, հետո ինքը պարզի, որ ունեցել է եկամուտ և չի մուտքագրել, ստացվում է, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- նշեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով` անձը կարող է չհիշել, որ եկամուտ է ստացել կամ քարտին գումար է մուտքագրվել, ու հետագայում նա պատասխանատվության կենթարկվի դրա համար։
Ֆարմանյանը վստահ է, որ Հայաստանի նման երկրում, որտեղ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, նմանատիպ մոտեցումները վաղաժամ են և առհասարակ մեր երկրի համար չեն։
«Այդ նույն հայտարարագրի ներկայացման ինստիտուտը գործում էր տարիներ շարունակ պետական ծառայողների համար։ Եթե մարդը պետական ծառայող է, պաշտոն է զբաղեցնում պետական համակարգում, տրամաբանական է, որ տեսնեն՝ հաջորդ տարիներին եկամուտները ինչպես են փոփոխվել, այստեղ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման որոշակի տրամաբանություն կա, բայց հասարակ գյուղացու, հասարակ թոշակառուի, հասարակ քաղաքացու դեպքում անիմաստ է»,- նշեց նա։
Վերջին տվյալներով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող շուրջ 860 հազար քաղաքացիներից շուրջ 15 տոկոսն է հայտարարագիր լրացրել։ Մասնագետի կարծիքով՝ մեր երկրում մեծ թվով մարդիկ բազմաթիվ վարկեր ունեն, անգամ դժվարանում են հիշել, թե երբ են վարկ վերցրել, փոխառություն ընկերոջից կամ գրավատնից գումար ստացել և այլն։ Հոգսաշատ առօրյայում այս ամենը հիշելը, ըստ նրա, շատ դժվար է, բացի այդ ոչ բոլորն են տիրապետում տեխնիկական համապատասխան գործիքներին։ Ուստի շատերը նախընտրում են 5-10 հազար դրամ տուգանք վճարել, քան թե հատուկ մասնագետի վճարել, որ իրենց հայտարարագիրը լրացնի ու էլի վստահ չլինեն՝ արդյոք ամեն բան ճի՞շտ է արվել։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test