«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությամբ պայմանավորված՝ լավատես չէ երկրի տնտեսական հեռանկարների հարցում։ Նա կեղծ է որակում նաև ներդրումային միջավայրի բարելավման և տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին նրանց խոստումները։
«Տնտեսական հեռանկարներ չունենք։ Ներդրումները, ինչի մասին խոսում են, վերջին տարիներին չարչրկված Ամուլսարի շահագործման հեռանկարով է պայմանավորված,- 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով հատկապես վերջին շրջանում հանքարդյունաբերության ոլորտի շուրջ իշխանությունների աժիոտաժին՝ հավելեց,- Իրական տնտեսությունը հանքարդյունաբերության վրա չհիմնված տնտեսությունն է․ հանքարդյունաբերությունն ազգային և պետական հարստությունն է, իսկ դրա շահագործումից հավաքագրված եկամուտներն անհրաժեշտ է ներդնել վերամշակող արդյունաբերության մեջ։ Հայաստանում դա չենք տեսել և շարունակում ենք չտեսնել։
Փոխարենը՝ բյուջեն, տնտեսական հարկաբյուջետային դրամավարկային քաղաքականությունները Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստում են սպառողական տնտեսությանը՝ մասնավորապես, Թուրքիայի հետ սահմանի բացմանը (Թուրքիայից ներկրող, Հայաստանում սպառող տնտեսություն է կառուցվում)»։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում, թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսական քաղաքականություն վարողները խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ աշխատանքների մասին, ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճերի մասին, տնտեսագետը հակադարձեց՝ բերելով մի քանի հիմնավորումներ հակառակի վերաբերյալ։
«Ստո՛ւմ են: Սկսենք դիվերսիֆիկացիայից․ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիա գոյություն չունի։ Մոտ 1 տարի առաջ գրությունով դիմել ենք էկոնոմիկայի նախարարությանը՝ նկատառմամբ, որ դիվերսիֆիկացիայի ապահովման համար խիստ անհրաժեշտ է՝ Հայաստանի 98 դեսպանատներին կից առևտրային կցորդների ինստիտուտի ստեղծում։ Մեզ պատասխանել են, որ, այո՛, շնորհակալություն, նոր հայեցակարգ ենք գրում, որ իրականացնենք։ Նկատենք՝ցայսօր որևէ փոփոխություն չկա։ Հավելենք նաև, որ այս պահին Հայաստանը չունի բավարար ներուժ՝ այլ երկրներ վերամշակված արտադրանք արտահանելու։
Հաջորդը՝ Հայաստանում ներդրումների ներգրավման մասին են խոսում, արդյունաբերության զարգացման մասին, բայց զուգահեռ իրականության մեջ Բնապահպանության նախարարությունում ժողով են իրականացնում, և փոխնախարարն ասում է՝ մեր վարչապետն ասել է, թե սպառողական տնտեսություն ենք կառուցում, մեզ պետք չի ձեր արդյունաբերությունը (արդյունաբերողների հետ հանդիպմանն է ասվել): Հետևաբար, սա ևս կեղծիք է:
Ներդրումների ներգրավման միֆը պայթում է, երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի պաշտպանված չլինելու մասին, ինչը ներդրումների ներգրավման համար առաջնային նախապայմանն է։ Օրինակ, ՀԷՑ-ը պետականացման անվան տակ սեփականատիրոջից՝ Սամվել Կարապետյանից խլելը ներդրումներն ուղղակի վանում են, և ոչ թե ներգրավման համար նախադրյալներ են ստեղծում»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը։
Քանի որ կառավարությունն՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, արդեն ներկայացրել է 2026 թվականի պետական գլխավոր փաստաթուղթը, և այն արդեն հաստատել է կառավարությունը, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Բյուջե 2026-ը։
«Նմանատիպ բյուջե է, ինչը որ ունեցել ենք նախորդ տարիների ընթացքում՝ այսինքն՝ Հայաստանի տնտեսական ներուժին չուղղված, Հայաստանի հիմքերը խարխլող հերթական բյուջեն է, պարտքերի ավելացում նախատեսող և պաշտպանական համակարգ չկառուցող բյուջե է»,- առաջին հակիրճ դիտարկումներն արեց մասնագետը։
Հիշեցնենք՝ գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Պլանավորվում է՝ 2026թ. բյուջե հավաքագրել 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որի հիմնական մասը կգոյանա հարկերից, և ծախսել մոտ 3 տրիլիոն 629 միլիարդ դրամ։
Բյուջեի ծախսերի ամենամեծ հատվածը՝ 27.4 տոկոս՝ մոտ 993 մլրդ դրամ կուղղվի սոցիալական ոլորտի պաշտպանությանը, հանրային ծառայություններին՝ մոտ 851 մլրդ դրամ, պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 566 մլրդ դրամ (2025 թվականին հաստատված բյուջեով պաշտպանության ծախսերի համեմատ՝ 2026-ի ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով`շուրջ 15 տոկոսով)։ Ի դեպ, այս կրճատումը, ըստ պաշտոնական պարզաբանման, պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայով։
Ծախսային ուղղություններում ամենամեծ հատվածը պետական պարտքի տոկոսավճարներն են․ պետությունը 2026-ին այս վճարներին կհատկացնի 423 մլրդ դրամ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test