Ներկայացնում ենք ֆրանսիացի փիլիսոփա եւ սոցիոլոգ Էդգար Մորենի եւ Համաշխարհային հումանիզմի ֆորումի հիմնադիր եւ նախագահ Կլաուդիո Պեդրետի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:1999 թվականին մեզանից մեկը (Մորենը) ներկայացրեց «polycrisis»՝ բազմակի ճգնաժամ կամ բազմաճգնաժամ եզրույթը՝ նկարագրելու մեր աշխարհին սպառնացող փոխկապակցված աղետները։ Այդ պահին այն նախատեսված էր որպես նախազգուշացում, իսկ այսօր դարձել է մեր իրականությունը։ Մենք բախվում ենք բնապահպանական, քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական եւ գոյաբանական ճգնաժամերի միաձուլմանը, որոնցից յուրաքանչյուրը սրում է մյուսներին։Բազմաճգնաժամը կարելի է պատկերացնել որպես ջրվեժ՝ փոխկապակցված ոչ գծային պատճառների եւ հետեւանքների թնջուկ։ Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է մարդկանց տեղահանմանը եւ հարկադիր միգրացիայի, որը քսենոֆոբիայի եւ ազգայնականության պատճառ է դառնում եւ թուլացնում է գլոբալ համագործակցությունը։ Տնտեսական անհավասարությունը քայքայում է վստահությունը, նպաստում ավտորիտարիզմին եւ բռնությանը։ Տեխնոլոգիական նորարարությունը լուծումներ է առաջարկում, բայց նաեւ նոր խնդիրներ առաջացնում. պառակտված համայնքներ, անկայուն աշխատանքային ռեժիմներ եւ աղավաղված հանրային խոսույթ։ COVID-19 համավարակը, նոր պատերազմները, հոգեկան առողջության խնդիրների աճը եւ ժողովրդավարության նահանջը մեկուսացված երեւույթներ չեն, այլ ավելի խորը համակարգային խզման ախտանիշներ։
Այս բարդ խնդիրներից գլուխ հանելու համար նախ պետք է հրաժարվենք պարզեցված մտածողությունից։ Մեր ինստիտուտները, որոնք բաժանված են ճյուղերի եւ գծային պատճառահետեւանքային մոդելների, այլեւս նպատակին չեն ծառայում։ Մեզ անհրաժեշտ է մոտեցում, որը կճանաչի ցանցերի ու հարաբերությունների գոյությունը, կընդունի հակասությունները եւ մեր ըմբռնման սահմանները. մոտեցում, որը կհամատեղի քննադատական խստությունն ու ստեղծագործական ինտուիցիան, գիտական պարզությունը եւ պոետիկ տեսլականը։ Մենք պետք է խոնարհ ընդունենք բարդությունը, ոչ թե ժխտենք այն։Մեզ նաեւ անհրաժեշտ է ավելի խոր մի բան. նոր հեռանկար, որը կենտրոնանում է մեր ընդհանուր մարդկայնության վրա։ Անվանեք այն Նոր հումանիզմ։ Վերածննդի ժամանակ ի հայտ եկած հումանիզմը արժանապատվությունը դրեց գեղարվեստական եւ մտավոր նպատակների կենտրոնում։ Սակայն մինչ լուսավորականությունը առաջ էր մղում բանականության, ազատության, հավասարության եւ առաջընթացի արժեքները, հումանիզմը շեղվեց իր ուղուց՝ անհատին վեր դասելով մոլորակից, արդարացնելով գաղութային նվաճումը եւ անդադար առեւտրայնացումը, ջնջելով հոգեւորը մեր ընդհանուր գիտակցությունից։Նոր հումանիզմը կվերականգնի խոնարհության արժեքը։ Այն կկարեւորի արժանապատվությունը հարաբերությունների մեջ՝ ճանաչելով, որ յուրաքանչյուր մարդ կապված է համայնքի մյուս անդամների հետ։ Այն կգործի գլոբալ մակարդակով՝ խրախուսելով բնապահպանական խոհեմությունը, հոգեւոր երկխոսությունը եւ մշակութային բազմազանությունը։ Այն չի մերժի գիտությունը, այլ գիտական ճյուղերը կհիմնի էթիկայի վրա։ Այն չի վախենա տեխնոլոգիայից, այլ ակտիվորեն կուղղորդի նորարարությունները։Իմաստը ոչ թե կարոտախտի մեջ խորասուզվելն է, այլ ապագայի նոր ուղիներ բացելը։ Այսօրվա բնապահպանական ճգնաժամերը, ժողովրդավարության անկումը եւ իմաստի քայքայումը խոչընդոտներ չեն, այլ հնարավորություններ՝ վերաիմաստավորելու, թե ինչ է նշանակում մարդ լինելը։Սա միամիտ լավատեսություն չէ։ Մեր հույսը հիմնված է մարդկության ներկա դժվարին վիճակի գիտակցման վրա։ Ինչպես գրել էր Վացլավ Հավելը, «Հույսը համոզմունք չէ, որ ինչ-որ բան լավ ավարտ կունենա, այլ վստահություն, որ ինչ-որ բան իմաստ ունի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի»։ Նույնիսկ խավարի մեջ կարելի է լույս բերել, քանի որ հումանիստական արժեքները մարդկային բնույթի մեջ են։ Դրանք գնահատում են բարդությունը, փոխկախվածությունը, արժանապատվությունը, ազատությանը ուղեկցող պատասխանատվությունը։Փոխանակ պայքարելու նրանց դեմ, ովքեր գործում են կործանարար կերպով, մենք պետք է սիրով արտահայտենք մեր անհամաձայնությունը։ Պետք է ընդունենք նրանց՝ հավատալով, որ յուրաքանչյուր մարդ ունի հումանիստական արժեքներին հասնելու ներուժ։ Մենք արդեն տեսնում ենք այս զարթոնքը ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում։ Մերժելով բանականության եւ հույզերի, վերլուծության եւ կարեկցանքի, մարդկության եւ բնության կեղծ երկատումները՝ նրանք մարմնավորում են նոր հումանիզմը։Բազմաճգնաժամը հնարավոր չէ լուծել մեկուսացված ձեւով կամ կարգախոսներով։ Այն պահանջում է մշակութային եւ բարոյական կերպարանափոխություն, կոլեկտիվ գիտակցության, ինստիտուտների եւ արժեքների վերածնունդ։ Ահա թե ինչու մենք ոգեշնչված ենք Համաշխարհային հումանիզմի ֆորումի՝ մտածողների, երազողների, առաջնորդների եւ իմաստության պահապանների միջսերնդային հավաքույթի մեկնարկով։ Մեր առջեւ ծառացած ռիսկերը ողբալու փոխարեն նրանք կհարցնեն, թե ինչ է նշանակում մարդ լինել վիրավոր աշխարհում, եւ ինչ կարող ենք վերանորոգել, վերաիմաստավորել եւ վերակենդանացնել։Չնայած մենք վերջնական պատասխաններ չենք ստանա, կարող ենք գոնե քննարկել այդ հարցերը։ Օրինակ՝ ինչպե՞ս հիմնենք կրթությունը հետաքրքրասիրության եւ կարեկցանքի վրա։ Ինչպե՞ս ստեղծենք տնտեսություններ, որոնք հաստատում են կյանքը, ոչ թե շահագործում այն։ Ի՞նչ պատմություններ պատմենք՝ մարդկանց բնական միջավայրի հետ վերամիավորելու համար։Տեխնիկական ռացիոնալիզմը հուզական խորությունից վեր դասող աշխարհում կրքերի վերադարձը թուլության նշան չէ, այլ ուժի աղբյուր։ Մեզ անհրաժեշտ են էմոցիոնալ մտքեր եւ մտածող սրտեր։ Մենք պետք է քաջություն ունենանք՝ թույլ տալու, որ ուրիշների տառապանքը մեզ հուզի։ Զգացմունքն ու բանականությունը թշնամիներ չեն։ Երբ դրանք ինտեգրված են, համադրությունը շատ ավելի հզոր է, քան առանձին վերցրած։Մենք չենք հաղթահարի բազմաճգնաժամը առանց բազմակողմանիության, բայց չենք կարող նաեւ պահպանել այն տեխնոկրատական մոտեցումը, որը գերիշխել է համաշխարհային հավաքույթներում։ Մեզ անհրաժեշտ է մարդասիրական բազմակողմանիություն, որը ներառական է, մասնակցային, հիմնված է վստահության եւ համատեղ պատասխանատվության վրա։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պետք է դուրս գա ֆինանսների ու գիտության սահմաններից։ Արտանետումներ կրճատելը բավարար չէ։ Մենք պետք է վերականգնենք էկոհամակարգերը, պաշտպանենք կենսաբազմազանությունը եւ վերափոխենք մեր Երկրի բնակեցման ձեւը։Կլիման, վերջին հաշվով, մեր մոլորակային գիտակցության չափանիշն է։ Նոր հումանիզմը չի լուծի ամեն ինչ, բայց կողմնացույց կտա։ Աշխարհը նվաճելու դարավոր փորձերից հետո մենք պետք է սովորենք հոգ տանել դրա մասին։ Դա նշանակում է ընդունել բարդությունը եւ վերականգնել այն լավագույնը, ինչը մեզ մարդ է դարձնում։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:Project Syndicate, 2025www.project-syndicate.org
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test