ՀՀ Գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ու նույն բուհի նախկին գլխավոր հաշվապահ Մարիետա Մելքոնյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պետությանը պատճառած 425.369.600 դրամի վնասը բռնագանձելու պահանջով։
Ըստ Գլխավոր դատախազության, Վարդևան Գրիգորյանի կողմից բուհը ղեկավարելու ընթացքում ուսանողներից վարձավճարներ են հավաքագրվել, սակայն բուհի հաշվին մուտք չեն եղել։ Ըստ դատախազության, նախկին ռեկտորը դրսևորել է անփույթ վերաբերմունք։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում, որը սակայն, որոշել է հանրային քրեական հետապնդում չհարուցել Վարդևան Գրիգորյանի ու Մարիետա Մելքոնյանի նկատմամբ՝ քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Վարդևան Գրիգորյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում բացառեց իր կողմից բուհին խոշոր չափի վնաս հասցնելը։ Նա նշեց՝ եթե նման բան լիներ, բուհի բնականոն աշխատանքը չէին կարողանա կազմակերպել, ո՛չ աշխատավարձ կկարողանային տալ, ո՛չ այլ ծախսեր հոգալ։
Նրա համար անհայտ է, թե ով է ստուգումներ անցկացրել ու արձանագրել, թե իբր այդ չափի չարաշահում է եղել։ Նախկին ռեկտորը նշում է, որ բուհից հեռացել է՝ բյուջեում 550 միլիոն դրամ թողնելով։
«Ինձ որևէ անգամ այդ հարցով չեն անհանգստացրել, մի անգամ կանչել են հատուկ քննչական, քանի որ ես պատգամավոր եմ եղել, ու ասել են՝ գործը կարճված է, դուք համաձա՞յն եք, ես ասել եմ՝ եթե վաղեմության ժամկետ եք ուզում կիրառել, կիրառեք, բայց ես գրել, ստորագրել եմ, որ համաձայն չեմ պետությանը մոտ 425 միլիոնի վնաս հասցնելուն։ Անհնար էր 425 միլիոն գումար տանեն ու կարողանան ինստիտուտի գործունեությունն ապահովել, այնպես անել, որ մի օր աշխատավարձը չուշանար ու բոլոր գործարքները, ինչ-որ կային, լինեին։
Հիմա ես չգիտեմ՝ դա ո՞վ գնացել ստուգել, ո՞ր թվին են ստուգել, մեզ էլ զանգել, ասել են, որ դատախազությունից Հակակոռուպցիոն դատարան հայց են ներկայացրել։ Հիմա մենք սպասում ենք, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը։ Նորից եմ ասում, ինձ որևէ կարգավիճակով այնտեղ չեն կանչել։
Իրոք տեղյակ չեմ՝ ինչից են խոսում»։
Նախկին ռեկտորը նաև նշում է, որ 2012 թվականից էլ բուհում կիրառվել է վարձավճարները բանկով փոխանցելու տարբերակը։
«Բուհ մի կոպեկ կանխիկ գումար չի մտել, փոխանցումներով է եղել, որևէ մեկը չէր կարող ուսանողից առձեռն գումար վերցներ ու մուտք չաներ դրամարկղ։
Ես ամեն շաբաթ ռեկտորատի նիստ եմ անցկացրել, որին ներկա են եղել բոլոր դեկաններն ու նաև հաշվապահը։ Հաշվապահը մշտապես զեկուցել է՝ որ ֆակուլտետում ինչքան վարձավճարի պարտքեր կան։ Մինչև բանկային համակարգով մուծումներն անելն էլ, ուսանողները կտրոն էին ստանում, ներկայացնում էին ֆակուլտետ, ֆակուլտետի գործավարը նշում էր, որ այս ինչ ուսանողը այսքան գումար է վճարել․ ուսանողները կային, որոնք միանգամից չէին կարող վճարել, մաս-մաս էին վճարում։
Այդ ամենը ֆիքսվել է իրենց մոտ, իսկ աշխատանքի ավարտին հաշվապահը եկել, զեկուցել է ինձ, թե այսքան գումար է հավաքվել, մատյան է եղել, որի մեջ այդ գումարը ֆիքսվել է, հաշվապահը ստորագրել է։
Դրանից բացի ամսվա վերջ գանձապահն է եկել, ներկայացրել է, թե հաշվապահը ինչքան գումար է մուծել գանձապետարան, իմ մոտ նշված է եղել՝ ինչքան գումար է հավաքվել, մշտապես ստուգել ենք՝ մի կոպեկի տարբերություն չի տվել։ Մի կոպեկի շեղումն անհնար էր, իսկ 2012 թվականից ուսանողները վարձավճարը փոխանցում էին բանկով։
Ես ինքս կուզենամ իմանալ՝ ով է ստուգել, որտեղ են ստուգել, ո՛չ ես, ո՛չ իմ ասած անձանց որևէ մեկը չի մասնակցել ստուգումներին, ում անունը որ շոշափում են հաշվապահությունից, անգամ այդ կինը չի մասնակցել, այդպես կլինի՞։
Բացի այդ, ամեն տարի հարկայինը մեր մոտ ստուգում է անցկացրել, հարկայինում միշտ երևացել է ուսանողների քանակը, մուծումն ու մեր տված հարկի չափը։ Եթե նման բան լիներ, միանգամից կերևար։
Երկրորդը՝ ամեն երկու տարին մեկ մեր մոտ պլանային ստուգումներ են եղել ֆինանսների նախարարության կողմից, ո՞նց է եղել, որ ֆինանսների նախարարության աշխատակիցները եկան ու չգտան 425 միլիոնը ու հանկարծ այս ստուգման ժամանակ գտան։ Չեմ ուզում քաղաքականացնել հարցը, սպասենք, թող ուղարկեն, կերևա ինչ է»,-ասաց Վարդևան Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test