Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մտածում են, որ ես կարող է անուշադիր գտնվեմ, չզանգեմ, չգրանցվեմ, բայց չգիտեն, թե ում հետ գործ ունեն». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ հանձնաժողովներում իրեն ընդունելության չարժանացնելու մասին aravot.am aravot.am

time
«Մտածում են, որ ես կարող է անուշադիր գտնվեմ, չզանգեմ, չգրանցվեմ, բայց չգիտեն, թե ում հետ գործ ունեն». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ հանձնաժողովներում իրեն ընդունելության չարժանացնելու մասին

ՀՀ ԱԺ իշխանական պատգամավորները մշտական հանձնաժողովներում շարունակում են հրաժարվել քաղաքացիների ընդունելության շրջանակներում «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանին ընդունելուց: Այս անգամ ընդդիմադիր գործչին մերժեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որն ԱԺ աշխատակցի միջոցով փոխանցել էր, որ միայն Էդգար Ղազարյանին ընդունելության արժանացնելը նպատակահարմար չի համարում:

«Սա հերթական վարքագիծ է, որը դրսեւորում են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Այսինքն, օրինաչափությունը հետեւյալն է. եթե ընդունելության գալիս է այդ խմբակցության անդամ, նա լինի ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կամ շարքային պատգամավոր, խուսափում է ինձ հետ հանդիպելուց, ընդունելությունից: Այլ պատգամավորների պարագայում այդ ընդունելությունները կայանում են: Ասեմ, որ նրանք վախեցած են, առհասարակ, ընդունելության գաղափարից: Եթե մինչեւ հիմա ամեն ամիս ընդունելության մասին տեղեկությունը ԱԺ-ն տարածում էր նախորդ ամսվա վերջին, այս ամսվա ընդունելության մասին հայտարարել են ուրբաթ օրը երեկոյան: Այսինքն, ընդունելությունը երկուշաբթի առավոտյան է, հայտարարությունը ուրբաթ երեկոյան են հրապարակել: Մտածում են, որ ես կարող է անուշադիր գտնվեմ, չզանգեմ, չգրանցվեմ: Այն էլ չեն իմանում, թե ում հետ գործ ունեն: Ես իմացել եմ, շաբաթ օրը email-ը գրել եմ, զանգել ու գրանցվել եմ»,-լրատվամիջոցներին ասաց պարոն Ղազարյանը:

Նա այս բոլոր դեպքերի՝ խտրական վերաբերմունքի համար հանցագործության մասին հաղորդումներ է տվել Գլխավոր դատախազություն: «Օրինաչափությունը հետեւյալն է: Գլխավոր դատախազությունից դա գնում է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի դատախազություն, այնտեղից՝ Արաբկիրի քննչական բաժին: Քննիչները տարբեր են լինում, բայց Քրդատ օրենսգրքից մի երեք էջ արտագրություն են անում մի հատ նամակի մեջ ու գրում, թե սրանից ելնելով՝ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Այսինքն, իմ ներկայացրած հաղորդման ոչ մի գործոն, ոչ մի հանգամանք հաշվի չեն առնում, որեւէ մեկից բացատրություն չեն վերցնում: Ինձ չեն հրավիրում լրացուցիչ տեղեկությունների համար, ԱԺ-ում աշխատող այս աղջկան չեն կանչում՝ հարցնեն, թե ինչ է տեղի ունեցել, մամուլի հրապարակումներ չեն դիտարկում:

Ես բողոքարկում եմ դատախազին, դատախազը թողնում է անփոփոխ, տալիս եմ դատարան, դատարանները որպես կանոն չեն ստիպում վարույթ հարուցել, հետո՝ վերաքննիչ դատարան… Այսպես, «զբաղմունք» ենք գտել մեր համար:

Սրանք շուտ թե ուշ դատվելու են: Արդեն ակնհայտ է, որ սրանց վարքագիծը անհատական չի՝ խմբակցության դիրքորոշում է: Այլապես, մի հոգի կարող է, չէ՞ գար, ընդուներ: Օրինակ, Սարգիս Խանդանյանին ես ի՞նչ պիտի անեմ: Խոսելուց, բացատրելուց, իրավական խնդիրները, իրենց ընդունած կառավարության ծրագիրը արտաքին քաղաքականության մասով բացատրելուց բացի ի՞նչ պետք է անեմ: Նա ինձնից ինչո՞ւ է վախենում»,- ասաց «Արթուն ենք» շարժման գործիչը:

Անդրադառնալով նաեւ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Աշխատանքներ տարվում են, բայց այն որակով չեն տարվում: Ես վաղը նորից եմ գալու, ամեն օրվա համար հերթագրվել եմ ընդունելության: «Պատիվ ունեմ»-ը նախաձեռնել է, «Հայաստան» խմբակցությունից էլ հայտարարեցին, որ իրենք էլ են միանում: Այսինքն, 34 պատգամավոր կա: Օրինակ, այդ նախաձեռնության հեղինակ 34 պատգամավորներին վաղը ժամը 11:00-ին հրավիրում եմ այստեղ: Իրենց աշխատավայրն է՝ աշխատանքային օր, աշխատանքային ժամ: Միեւնույն է, ԱԺ-ում պիտի լինեն: Խնդրում եմ՝ բոլոր 34 պատգամավորները գան ընդունարան, ինձ հետ միասին տեսնեն՝ ՔՊ-ից ով է ընդունողը: Ու ասեն. թե ո՞նց չի ընդունում: ԱԺ-ի ընդունելություն է, ԱԺ-ն է հայտարարել այդ ընդունելությունը: Այսինքն, օգնեն ինձ այդ հանդիպումը կայանալու հարցում: Ցավոք, մինչեւ հիմա ոչ մի ընդդիմադիր պատգամավոր այդ հարցում քաղաքական, մեթոդական կազմակերպական աջակցություն չի ցուցաբերել»:

Էդգար Ղազարյանը նաեւ նշեց, որ մասնավորապես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներ կան. «Ինձ ներս մտնել թույլ չեն տալիս, բայց պատգամավորներին կարելի է: Լավ կլիներ լինեին այստեղ՝ իրենց հանձնաժողովի ընդունելությունն է, ու այդ Սարգիս Խանդանյանին հարցնեին, թե անունն ի՞նչ է դնում, որ այս մարդուն չի ընդունում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test