«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն են։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցում հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսելու համար։ Սկզբում իրավապահները հանցակազմ չէին տեսել, սակայն գործը հարուցվեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վերսկսեց 2018-ից իր սկսած արշավը Եկեղեցու դեմ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, եպիսկոպոսների։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այս կապակցությամբ հետաքրքիր դիտարկում էր արել. «Միքայել Սրբազանն ընդամենը Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ նույն Փաշինյանին ուղեկցող վարորդը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Սա է ՀՀ արդարադատության ցուցիչը, այս առումով իշխանավորների մնացած բարբաջանքները պարզ սրիկայություն են»։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Էդգար Ղազարյան.– Միքայել սրբազանն իր հարցազրույցը տվել է 2023թ․, այդ ժամանակ խնդիր չեն տեսել իրավապահները, բայց դրանից 6 ամիս հետո խնդիր է տեսել Դանիել Իոաննիսյանը։ Դատախազությունը քննել է ու պատասխանել՝ ձեր հաղորդման մեջ իրավական հիմքեր չկան։ Հետո գալիս է 2025 թվականը, ու Միքայել սրբազանը ձերբակալվում է Էջմիածնում։ 2025թ․ մայիսի 22-ին հայտարարություն արեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, դրան շատ կտրուկ արձագանքեց Մայր Աթոռը, իշխանությունները ձայն չհանեցին, չպատասխանեցին Փաշազադեին, ինչպես և նրա այլ հայտարարություններին, հետո եղավ Վեհափառի՝ Շվեյցարիայում արված հայտարարությունն Արցախի և արցախահայերի իրավունքների մասին, հետո՝ չուլանի մասին Փաշինյանի կառավարության նիստը, ու եղավ այն, ինչ եղավ։ Միքայել սրբազանի 2 տարով ազատազրկումը, կարծում եմ, համընկնում է այս իշխանությունների կողմից պլանավորած՝ մեր պետության ավարտի հետ։
Փաշինյանն ուզում է լուծարել Գերագույն հոգևոր խորհուրդը, որպեսզի կարողանա հեռացնել Վեհափառ Հայրապետին։ Հետևաբար, Միքայել սրբազանն ազատազրկված է նաև Եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում։
Մամիկոն Ասլանյան.– Այդտեղ չկա իրավաբանություն: Իրավաբանություն տեսնելու դեպքում ես միգուցե համաձայնեի ինչ-որ հոդվածների հետ, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը որոշել է կոնկրետ մարդկանց թիրախավորել․ և կապ չունի՝ դա ով է։ Այսօր թիրախավորվեց Միքայել սրբազանը, երեկ այլ մարդ էր, վաղն ուրիշը կլինի… Մեզ հետ մականով գոլֆ են խաղում, մենք պատասխանում ենք շախմատով։ Այդպես չի լինում։
Էդգար Ղազարյան.- Մենք մեր աչքերն արդեն սովորեցրել ենք, որ մեր սրբազաններին տեսնում ենք դատարաններում, մեղադրյալի աթոռին… Դա սարսափելի է։ Մենք այլ կերպ ենք նրանց մեծարել, ծնկի իջել նրանց առաջ, իրենց շուքով ընդունել, ու հիմա դատարանում ինչ-որ կարգադրիչ ոստիկաններ նրանց ասում են՝ որ կողմում նստել… դա ահավոր բան է։ Այսօր պղծվում է մեր հոգևոր ժառանգությունը։ Մեզ սովորեցնում են, որ սրբազանը կարող է լինել մեղադրյալ կամ հանցագործ։
Մամիկոն Ասլանյան.- Փաշինյանը որոշել է, որ ինքը միսիոներ է, ու որոշել է վերացնել մեր արժեքները։
Եկեղեցու հոգևորականն ապրում, շնչում է իր հոտի ու մեկենասների հաշվին։ Ու սա էլ են դարձրել շահարկման առարկա։ 2007-2008թթ.-ներից արդեն եկեղեցու նկատմամբ դրսից գրանտներով սնվող հասարակական կազմակերպություններով, ակտիվիստներով, մեդիաներով արշավ էր իրականացվում եկեղեցու դեմ։ Ժողովրդին համոզել էին, որ մոմի փող որ ինքը տալիս է, դա եկեղեցին իրենից է խլում։
Էդգար Ղազարյան.- 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մեկ անձից գնումների չափը աճել ու հասել է մոտ 70%-ի։ Դա կոռուպցիա է, ու այստեղ խոսքը կոռուպցիայի ընկալման մասին չէ, այլ իրական կոռուպցիայի։ Մսխվում են պետական միջոցները…
Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, չի գտնվի մի մարդ, ով «Իմ քայլը» հիմնադրամին մի դրամ կփոխանցի։ Այսինքն՝ այդ նվիրատվությունները, որոնք գաղտնի են պահվում, պայմանավորված են Փաշինյանի դիրքով, և սա ոչ թե կոռուպցիայի ընկալում է, այլ իրական կոռուպցիա։
Մամիկոն Ասլանյան.- Հենց ասում ես, ցույց ես տալիս կոռուպցիան, ասում են՝ բա դուք, բա նախկինները… Ասում են՝ մենք ընտրություն չենք կեղծում։ Բայց ձեր օրոք ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր համայնքապետերը հայտնվում են բանտում, իսկ վերջերս էլ սպանվում են։ Ձեր ամեն ասածը սուտ է, կեղծիք, զավեշտ ու ողբերգություն։
Երբ հասարակությունը, կառավարման մեջ ներառված մարդիկ տեսնում են, որ պետությունը հաշտ-համերաշխ ձևավորում է ապօրինի իշխանություններ, մնացած բաները դառնում են ածանցված օրինաչափություն։ Այսօր ընտրված մարդիկ չեն ղեկավարում համայնքները, այլ ՔՊ-ի նշանակած մարդիկ՝ ապօրինի կերպով։ Ու այդտեղ սկսվում է լարվածություն, ու գլուխ է բարձրացնում կրիմինալը։ Համայնքներում սկսում է նոր կլանների ձևավորում։ Դրանք ածանցված են հետընտրական սրացումներից, ու սա մեզ լավ տեղ չի տանելու։ Փոքր համայնքները մեծերի պես չեն, որ մոռանան․ այստեղ թշնամություն է սկսվում…
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունն առաջին օրից վենդետա ներկայացնելը կասկածահարույց էր։ Վենդետա իրականացնողը քիլլերի նիստուկաց չպետք է ունենա, նրա համար մեկ պիտի լինի՝ կբռնվի՞, թե՞ չէ, ոչ թե դիմակով, ձեռնոցներով, ստուգողական կրակոցով, խզակոթով խփելով, ցինիզմով սպանություն կատարել ու անունը դնել վենդետա…
Այդ սպանությունը կատարողի ցինիզմը նամյոկ է, որ տեսեք՝ մենք արդեն սենց ենք հարցերը լուծում։ Գլխատվում է ժողովրդի ընտրությունը…
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ կեսգիշերից առաջ, դավադիր ստուգողական կրակոցներով սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, և լուսաբացից արդեն քննությունն ընթացավ ուղղորդված. Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ սպանությունը վենդետա է, փետրվարյան իրադարձությունների հետևանք:
Փետրվարին նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան հարևանությամբ գտնվող գրասենյակի մոտ խմբակային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել էր վերջինիս հորաքրոջ որդին՝ Գրիգոր Ախտոյանը:
Ուշագրավ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ՀՀ Ոստիկանությունը 2 օրից ավելի կասկածյալ չուներ, հետո ինչ-որ հրաշքով կասկածյալը հայտնվեց, մեդիաներով և սոցիալական ցանցերով «սլիվն» արեցին, ու ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ շրջանակները սկսեցին կասկածյալի՝ փետրվարին սպանված Գոռ Օհանյանի եղբոր՝ Նարեկ Օհանյանի հերոսացումը: Ոմանք անգամ այնքան հեռու գնացին, որ նրան համեմատեցին Սողոմոն Թեհլերյանի հետ, սկսեցին ցիտել նրա խոսքերը՝ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Եվս մեկ օր անց պարզվեց, որ կրակոցներ «արձակողն» այլ անձ է՝ Նարեկ և Գոռ Օհանյանների 20-ամյա ընկերը, Մհեր Ախտոյանի մերձավորը:
Քննչական կոմիտեի նախագահն էլ շտապեց Հ1-ի եթերում հայտարարել, որ հանցագործությունը բացահայտված է… Եվ սա այն պարագայում, երբ ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վալոդյա Գրիգորյանի մայրն էր ասել, իրենց ընտանիքից ոչ ոք չի հարցաքննվել: Այսինքն՝ ՔԿ-ն հայտարարում է հանցագործության բացահայտման մասին՝ առանց տուժողների հետ խոսելու: Ի դեպ, թե մայրը, թե Գրիգորյանի հորեղբոր կինը, ով դասավանդել էր Նարեկ Օհանյանին, պնդում էին, որ չեն հավատում իրավապահների պաշտոնական վարկածին, շեշտում էին՝ սպանությունն ունի պատվիրատուներ:
Էդգար Ղազարյան.– Փետրվարի սպանությունը Վալոդյա Գրիգորյանի հետ են կապել, որովհետև Վալոդյա Գրիգորյանն արդեն նախընտրական պրոցեսի մեջ էր։ Կարո՞ղ ենք հիշել՝ ով էր ղեկավարում ՔՊ-ի աշխատանքներն այդ ժամանակ․․․ ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանը, ով այդ ժամանակ սոցապ նախարար էր, հիմա՝ ԱՄՆ-ում դեսպան։ Իսկ մոռացա՞նք, որ վերջերս Նարեկ Մկրտչյանի եղբորը թմրանյութով և զենքով բռնեցին…
Նիկոլ Փաշինյանն ուղղորդում է քննության ընթացքը: Հիշեք՝ գիշերը ժամը 01.30-ին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհը եղել էր, առավոտյան Նիկոլ Փաշինյանն այնպես էր պատմում, որ ականատեսը չէր կարողանա այդպես պատմել: Ինքը որտեղի՞ց գիտեր՝ ինչ է եղել, զինվորական կացարանո՞ւմ էր եղել այդ հրդեհի պահին… Մինչև հիմա գործը դատարանում է, ու ոնց ինքը պատմել է, այդ կողմնորոշումներով էլ գործը տանում են։
Մամիկոն Ասլանյան.– Փետրվարի սպանությունից հետո իրավիճակը ոստիկանության հսկողության ներքո է եղել։ Դժվար չէր նկատել, որ մարդուն թասիբի են գցում, ուղղորդում սպանության, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է։ Հետևաբար՝ սա իշխանության կողմից թողտվության արդյունք է։ Բոլորս, այդ թվում՝ Վալոդյան, դիտման տակ ենք եղել և հիմա էլ՝ բոլորիս լսում են, հետևում են․ չիմացա՞ն, որ սպանություն է նախապատրաստվում։ Այս պրոցեսն ամբողջությամբ իշխանության պատասխանատվության գոտում է։
Էդգար Ղազարյան.– Համայնքի ղեկավար ընտրվում է այդ համայնքում հեղինակություն վայելող անձը, իսկ հեղինակությունը, հատկապես, երբ դու իշխանության մաս չես, ընդդիմադիր ես, ու քո դեմ աշխատում է ողջ իշխանական համակարգը, մի օրում չի լինում։
Նկատե՞լ եք, որ ՔՊ-ականները Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում չեն հաղթում․ քաղաքական գործունեությամբ զբաղվում են, դառնում են պատգամավոր, բայց իրենց համայնքներում հեղինակություն չունեն։
Մամիկոն Ասլանյանը երկու անգամ է հաղթել, մեծ առավելությամբ։ Ժողովրդի վստահության ամենաշատ քվեն է ստացել, բայց ՔՊ-ն չի հաշտվել դրա հետ, կալանավորել է…
Բոլոր քաղաքներում Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) է նշանակել, ոչ մի տեղ գործող քաղաքապետի չի նշանակել։ Ու իր նշանակած բոլոր ԺՊ-ները եղել են ՔՊ-ից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու։ Այսինքն՝ օգտագործվել է վարչական ռեսուրսը։
Փարաքարում Վալոդյա Գրիգորյանը ՔՊ-ից 2 անգամ ավելի ձայն է հավաքել, ինչո՞ւ էր պետք թույլ չտալ նրան ղեկավարել համայնքը։
Մամիկոն Ասլանյան.- Վանաձորցիները տեսել են, չէ՞, որ ինձ ընտրել են, բայց չեն թողել դառնամ համայնքապետ։ Գլխատում են ժողովրդի ազատ կամարտահայտությունը։
Կոնկրետ Վանաձորում իմ պատճառով 4-5 օրենսդրական փոփոխություն են արել, որպեսզի ես չլինեմ քաղաքապետ, ընդհուպ՝ համայնքի ապօրինի խոշորացման գնացին։ Ամեն ինչ արեցին, որ ես վարչական լծակներից չօգտվեմ, ինչը երբեք չեմ արել, բայց ես, միևնույն է, ընտրությանը մասնակցող 10 ուժերի մեջ ստացա 45% ձայն։ Որպեսզի պատկերացնեք, համեմատության համար նշեմ, որ Կապան, Գորիս, Մասիս համայնքներում 2 քաղաքական ուժ է մասնակցել, Վանաձորում՝ 10:
Էդգար Ղազարյան.– Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդամենն իր կարծիքն է արտահայտել՝ ասելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է միություն կազմի: Ընդամենը կարծիք է հայտնել, և ասում են, թե դա Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություն է: Հիշեցնեմ, որ այս իշխանությունն օրենք է ընդունել Եվրոպական միությանն անդամակցելու մասին։ ԵՄ անդամակցությունը, սակայն, լինում է երկրի սուվերենության հաշվին, քանի որ դա քաղաքական միավոր է։ Ինքնիշխանությունից խոսող մարդիկ, ուրեմն, կյանքում պիտի ԵՄ-ին անդամակցելու օրենքին կողմ չքվեարկեին։ Եթե Վարդան Ղուկասյանն անգամ ինչ-որ հայտարարություն է անում, նա ոչ մի լծակ չունի դա իրականացնելու համար՝ ի տարբերություն իշխանության՝ ՔՊ-ի։
2025թ․ նույն օրը տեղի է ունեցել համայնքի ավագանու 2 արտահերթ ընտրություն՝ Գյումրիում և Փարաքարում։ Փարաքարի համայնքապետը սպանված է, Գյումրիի համայնքապետի դեմ սկսվել է արշավ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն մտահոգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, մտավախություն ունի, թե, իր խոսքով, «կլանի ղեկավար Վարդանիկն» ամեն ինչ անում է, որ քաղաքում շինաշխատանքներն իրեն վերագրվեն, ու խնդրեց, որ Փաշինյանը դրան գնահատական տա: Սարուխանյանը «մտահոգված էր» նաև, որ Ղուկասյանն իր ռուսամետ հայտարարություններով սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Դրան հետևեց Փաշինյանի արձագանքը. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից: Քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում, ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»:
Նույն օրը ասուլիս հրավիրեց Վարդան Ղուկասյանը և հայտարարեց. «Ժողովրդի ընտրյալին ՀՀ վարչապետը ասում է՝ դուրս շպրտվի… Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ, ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա: …Այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ՝ ով ինձ ՀՀ անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ հակադարձի, մի վատ բան գրի ու ասի, նա թուրքահպատակ շան տղա է, ես դա եմ ասել»:
Մամիկոն Ասլանյան.- Վարդան Ղուկասյանը 13 տարի ղեկավարել է Գյումրի համայնքը։ Դուք ի՞նչ գործ ունեք մարդու կարծիքի հետ։ Սկզբից ձեզ բռնեք, ձեզ դատապարտեք, որ սասանել եք մեր սահմանների անվտանգությունը։ Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Համայնքի նախորդ ղեկավարին ի՞նչ արեցիք։ Ոչ մեկը սրտներովդ չէ։ Դե որ էդպես է՝ ուրեմն ընդհանրապես ընտրւթյուն մի՛ արեք, մարդկանց մի՛ թշնամացրեք… Սովետի պես Պարտկոմով որոշեք, պլենումով հաստատեք, նշանակե՛ք։
Լայքի համար մարդ եք գործից հանում։ Մարդիկ գնան միտինգի, որ գործից հանե՞ք։ Դուք ջեբկիրի նման մարդու ձայնը գողացել եք, ինձ ուղարկել բանտ, եկել-ասում եք՝ ընտրություններից հետո մարդիկ միտինգ չե՞ն անում։ Նախկինում ԽՄԿԿ էր, հիմա՝ ՔՊԿԿ, ՔՊԿԿ-ի որոշում կայացրեք, նշանակեք, պրծեք։
Հիշեցնենք, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը (ԽՄԿԿ) եղել է ԽՍՀՄ-ի հիմնադիր և իշխող կուսակցությունը։
Էդգար Ղազարյան.– Արմավիրի ընտրություններում ոչ մի խնդիր չի եղել, որովհետև եղել է մեկ թեկնածու՝ ՔՊ-ական Խուդաթյան Դավիթը, մասնակցությունը՝ 11%, ու ոչ մի խնդիր չի եղել։ Հանգիստ ընտրվել է։ Այդ մարդկանց կենսագրության մեջ ծնվելուց հետո մի կարևոր իրադարձություն է եղել՝ 2018 թվականը։
Մամիկոն Ասլանյան.– Չեմ կարծում, որ էս ֆոնին Վարդան Ղուկասյանին կկալանավորեն, բայց ֆինանսավորումը՝ սուբվենցիոն ծրագրերը կկրճատեն, որ չկարողանա աշխատել։
Էդգար Ղազարյան.– Կարծում եմ՝ կկալանավորեն Վարդան Ղուկասյանին։ Հատկապես՝ 2026թ․ ԱԺ ընտրություններից առաջ։ Ո՞նց կարող են սրանք Գյումրին իրենց վերահսկողությունից դուրս թողնել։
Մամիկոն Ասլանյան.- Չի հաջողելու, իհարկե, բայց Եկեղեցի չի մտնելու․ փորձելու է ներսի հուդաների միջոցով հասնել եկեղեցու քայքայմանը։
Նույնը համայնքներում է։ Իրենք խնդիր ունեն չփլվելու․ կփորձեն համայնքի համար խնդիրներ ստեղծել, մարդիկ գողանալ ֆրակցիաներից։
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը պատահական չէր, փորձելու են վախի մթնոլորտ առաջացնել… առջևում Էջմիածնի քաղաքապետի ընտրություններն են:
Էդգար Ղազարյան.– Այսօր Գյումրիի օրվա տոնակատարության մասին վայրահաչողները սեպտեմբերի 13-ի Ֆեստիվառը չե՞ն տեսել։ Սեպտեմբերի 27-ին Եռաբլուր գնացե՞լ են։ Թե՞ բավարարվեցին առաքիչներով ծաղկեպսակ ուղարկելով, ու վերջ։
Մամիկոն Ասլանյան,– Փաշինյանը նախանշել է իր առաջարկը՝ Չորրորդ Հանրապետություն, հակառակ կողմից առաջարկ չկա։ Եթե առաջարկությունների փաթեթ չկա, օրակարգը «Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հողատու է», սա է, ինքը հաղթելու է միանշանակ։ Հակաիշխանական ուժերի լուրջ կոնսոլիդացիաներ պիտի լինեն՝ 2–3 բլոկից ոչ ավելի, որոնցում այս իշխանությունների հետ համագործակցությունը պետք է լինի տաբու։
Էդգար Ղազարյան.– Բռնապետության պայմաններում չի կարող ընտրություն տեղի ունենալ։ Որպեսզի պարզ լինի՝ Լևոն Արոնյանը չի կարող մրցել բռնցքամարտիկի հետ, չի կարող հաղթել նրան․ նա կարող է հաղթել շախմատիստի։ Նիկոլ Փաշինյանը խմբավորում է, Սամվել Կարապետյանը ճիշտ է բնորոշել՝ ասելով՝ «փոքրիկ խմբակ», ՔՊ-ն կուսակցություն չէ՝ ո՛չ թիմ ունի, ո՛չ ծրագիր։ Նա չի կարող ընտրությունների գնալ։ Ոտքից գլուխ 200 հոգի են։ 2 միլիոնով, ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությամբ կարող ենք տապալել այս փոքրիկ խմբակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test