Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հազարավոր գյումրեցիների մեջ չտեսա մեկին, ով վշտանար, թե Փաշինյանը քաղաքի տոնը չի շնորհավորել»․ կարծիքներ՝ գյումրեցիներից aravot.am aravot.am

time
«Հազարավոր գյումրեցիների մեջ չտեսա մեկին, ով վշտանար, թե Փաշինյանը քաղաքի տոնը չի շնորհավորել»․ կարծիքներ՝ գյումրեցիներից

«Գյումրու օր» տոնակատարությունը, որն անցկացվեց կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսական միջոցներով, մեկնարկեց երկու տարով ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձով։ Սրբազանը գյումրեցիներին շնորհավորելուց ու օրհնելուց զատ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անվանել էր «չարիքի իշխանություն» ու խոստացել՝ ավելի մեծ վտանգ լինել նրանց համար այժմ, քան էր մինչեւ այսօր։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին որևէ շնորհավորական ուղերձ չէր հղել այս քաղաքի բնակիչներին։

Տոնը, որը մոտ 30 հազար մարդու էր հավաքել կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ ունկնդրելու «Գաթա» բենդի, Էռնեստ Հովհաննիսյանի, Սևակ Ամրոյանի, Սոֆի Մխեյանի և Ավրաամ Ռուսոյի կատարումները, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ որոշակի չափով ունեցավ քաղաքական երանգ։

Այն արտահայտվեց անգամ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած երգով՝ «Ես Արամն եմ, քաջ Արամ, ինձ հանում են կախաղան, կախաղանից պիտ գոռամ՝ կեցցե՜ Անկախ Հայաստան», չնայած որ նա իր շնորհավորական խոսքում շեշտեց՝ չի ուզում քաղաքականացնել ելույթը, հատկապես որ շատերը սպասում են, որ ինքը բեմից քաղաքական հարցեր պիտի բարձրացնի։

Քաղաքագլուխն այդուհանդերձ «իրենց ճակատին դավաճան գրող մարդկանց» հորդորեց զգաստանալ ու վերադառնալ հայոց ակունքներին, սիրել հայրենիքը՝ փողն ու պաշտոնը ոչինչ համարելով։ Ամոթանք տվեց Միքայել ու Բագրատ Սրբազաններին բանտարկողներին, ասաց՝ չեն թողնի երկիրը դարձնեն «վիլայեթ»։

Կոմիտասի «Դե ել, Դե ել» երգի տակ էլ Վարդան Ղուկասյանը, երկու բռունցքը վեր պարզած, ցույց էր տալիս պայքարելու վճռականության մասին։

Պայքարի մասին տոնի ընթացքում խոսեց նաև «Մեր ձևով» շարժման Գյումրու ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը, որը Միքայել Սրբազանի մեղադրանքը շինծու համարելով՝ հայտարարեց, որ ոչ ոք չի կարող կոտրել գյումրեցուն։

Նա մասնավորապես ասաց․ «Գյումրին քաղաք է, որ տեսել է ցավ և կորուստ, բայց չի ծնկել։ Քաղաք է, որին փորձել են կոտրել երկրաշարժը, աղքատությունը, անտարբերությունը։ Բայց քաղաք է նաև, որը շարունակում է ապրել, շնչել և սիրել։

Այս բեմը հենց դրա ապացույցն է՝ մենք կանգնած ենք, մենք միասին ենք, և մենք գնալու ենք առաջ։

Թող այս համերգը դառնա ոչ միայն ուրախության պահ, այլ նաև խոստում․ խոստում, որ մենք չենք թողնի Գյումրին մոռացվի, չենք թողնի, որ անտարբերությունը հաղթի։

Սիրելի՛ Գյումրեցիներ,

Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել»։

Տոնին մասնակցած «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ Վարդանանց հրապարակում հավաքված հազարավոր գյումրեցիներից և ոչ մեկը չի վշտացել այն փաստից, որ երկրի վարչապետը չի շնորհավորել իրենց։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ չի հասկանում՝ինչի՞ց են դժգոհ, երբ քաղաքային բյուջեն աղքատիկ է, քաղաքը բազմախնդիր է, ու բարերարն է օգնել գյումրեցիներին տոն ունենալ։

«Թող բարերարները շատ լինեն, Գյումրիում հազար խնդիրներ կան․ անգամ 37 տարի կուտակված խնդիրներ, և համայնքային բյուջեն թող չծախսեն համերգների ու շոուների կազմակերպման վրա։ Ես հիմա չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչու է Սամվել Կարապետյանն անարդարացիորեն բանտախցում, որպես գյումրեցի խոսեմ․ ինձ Գյումրիում օր էր պետք, տոն էր պետք, գտնվեց այն բարերարը, որը պարգևեց այն»։

Ըստ մեր զրուցակցի, մարդիկ եկել էին համերգ նայելու ու Վարդանանց հրապարակում նշվող տոնը չուներ քաղաքական երանգ։ Ըստ նրա, մայրաքաղաքում բազում համերգներ, «ֆեստիվառներ» են կազմակերպվում, իսկ մարզի բնակիչները չեն կարողանում լիցքաթափվել, լարվածությունը դուրս բերել, նրանց ևս անհրաժեշտ էր համերգ։

«Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց, ամեն մարդու արարք խոսում է իր խառնվածքի մասին։ Ես Վարդանանց հրապարակում հավաքված հազարավոր ժողովրդի մեջ վիշտ, ցավ չտեսա, որ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորում։ Իսկ ինչ մնում է Սրբազանին, նրա նկարը տեսնելով՝ շատերը ցավով «վախ, մեր Սրբազանը» գոչեցին։

Եվ եթե նկատեցիք, համերգը սկսվելուն պես մոտ՝ երկու ժամ մարդկանց աչքերում ոչ մի ուրախություն չէր նկատվում, հաղորդավարներն ամեն ինչ անում էին նրանց տրամադրություն հաղորդելու, հույզեր առաջացնելու։ Նրանք ուղղակի չէին կարողանում ուրախանալ»․-ասում է Եպրաքսյա Մեխակյանը։

Մեր հարցին՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաք լինելը զգացվե՞ց տոնի ընթացքում, շատերն են պնդում, թե ակնհայտ էր դա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Տոնի ժամանակ չէ, որ դա պիտի զգային, տարիներն են ցույց տվել․ այդպես եղել է Քոչարյանի ժամանակ, այդպես էր Սերժի ժամանակ, այդպես կլինի նաև Նիկոլ ժամանակ և Նիկոլից հետո, եթե ղեկավարությունը սխալ վերաբերմունք դրսևորի իր ժողովրդի կամ որևէ քաղաքի նկատմամբ»։

Քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ Aravot․am-ի հետ զրույցում ասաց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը Ամենափրկիչ եկեղեցու օծման օրը Գյումրի գալով հանդերձ՝ չմասնակցեց արարողությանը, խուսափեց, այդտեղ էլ հո հարցը քաղաքականությունը չէր, անձերը չէին, հարցն այն էր, որ համայն հայությունն ունի ընդամենը մեկ կրկնօրինակ Անիի մայր տաճարի, և դա Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին է, ինչո՞ւ չպիտի խուսափի Գյումրու տոնին մասնակցելուց կամ գյումրեցիներին շնորհավորելուց։

Էդ մարդն էդպես էլ չկարողացավ դառնալ համայն հայության ղեկավարը»։

Ըստ Արթուր Գևորգյանի, Գյումրվա տոնը տարբերվեց Հայաստանի բոլոր տոնակատարություններից, այն բացառիկ էր՝ գյումրեցիների անունից հստակ ասելիք ուներ, այնտեղ գաղափարական հստակ ուղերձ կար։

«Մի հարց է մնում՝ Գյումրին ո՞ւմն է, Գյումրին մեր բոլորինն է․ Գյումրին ո՛չ Նիկոլ Փաշինյանինն է, ո՛չ իր ընդդիմախոսներինն է»։

Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը մեկուսանում է հասարակությունից, իսկ փոխարենը իր դիրքերն է ամրապնդում «Մեր ձևով» շարժումը, որի փաստացի ապացույցը Գյումրու տոնն էր։

Արթուր Գևորգյանի ասելով՝ այս ձևով իշխանության վարկանիշն ընկնում է, ավելանում է ընդդիմության վարկանիշը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test