Երբ քրեական գործ կարվեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ պարզ էր, որ նա դատապարտվելու է անօրեն իշխանության կողմից: Անօրեն ասելով նկատի ունեմ թե՛ դատախազությանը և թե՛ դատարանին և, իհարկե, դրանց թիկունքում «թաքնված» անձին: Չնայած այսօր 2020-ի նոյեմբերի 10-ը չի և թաքնվելու կարիք էլ չկար, քանի որ, ինչպես հայոց լեզվում է ասվում, իրավապահների թիկունքից պարզ երևում են վերջինիս ականջները: Մեկ այլ իշխանության պարագայում Սրբազանի առումով պետք է օգտագործվեր «դատապարտվելու էր՝ չնայած վերջինիս հոգևորական լինելուն» արտահայտությունը: Բայց հայաստանյան այսօրվա իրականության առանձնահատկությունն այն է, որ հոգևորականը դատվեց հենց հոգևորական լինելու պատճառով: Նույն տրամաբանությամբ պետք է որ դատապարտվի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը: Սրբազանը, նախ, որովհետև համարձակություն է ունեցել քննադատել «մեծարգո վարչապետին»՝ պահանջելով նրա հրաժարականը, և ապա գործարար-բարերարը, որ համարձակվել է զուտ խոսքով պաշտպանել եղեղեցին՝ դեմ գնալով անօրեն իշխանության հակաեկեղեցական ոտնձգություններին:
«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի»,- նշել է Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը կատարել է մի շարք հարցադրումներ. «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության
1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ,
2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ:
Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով»: Բաց թողնելով Վարդևանյանի հարցադրումների առումով Արա Զոհրաբյանի բացասական պատասխանը՝ ընդամենը արձանագրեմ. իմ կողմից հարգված փաստաբանները չէի՞ն կարծում, որ տիկին դատավորի կողմից Սրբազանի առումով ընդունվելու է ազատազրկման ակտ: Ես, չլինելով իրավաբան, բացարձակ կասկած չունեի, որովհետև Սրբազանի նկատմամբ գործը ոչ թե իրավական բնույթի է, այլ քաղաքական հետապնդման տիպիկ դրսևորում: Իսկ եթե այն հասնում է դատարան՝ հաշվի առնելով «մեղադրյալի» անձը, ապա ազատազրկման ձևով դատապարտման հավանականությունը չպետք է կասկած առաջացներ էն գլխից: Եվ դրա դեմ պետք է պայքար մղվեր ոչ թե իրավական, այլ դրան համապատասխան գործիքակազմով: Ինչի հաջողության դեպքում թե՛ Սրբազանը և թե՛ գործարար-բարերարն այս պահին չէին գտնվի ճաղերի հետևում: Բայց փաստաբաններն անում են իրենց գործը՝ սահմանափակված լինելով օրենսդրությամբ՝ անկախ այն բանից, թե դա գործում կամ չի գործում: Ես զարմանում եմ բազմահազար անձանց անտարբերության վրա, ովքեր 2018-ի մայիսի 1-ին և 8-ին լցվել էին փողոցները՝ փակելով թե՛ մայրաքաղաքի և թե՛ հանրապետության ճանապարհների խաչմերուկները: Զարմանում եմ, որովհետև մի կողմից անօրեն դատապարտվում է հոգևորականը, մյուս կողմից գործարար-բարերարը: Որովհետև հոգևոր առումով խնդիր ունենալու դեպքում նույն այդ մարդիկ դիմում էին ու կշարունակեն դիմել ոչ թե երբեմնի «դուխով» Նիկոլին, այլ հենց Միքայել Սրբազանին: Իսկ Կարապետյանի պահով Նիկոլին դիմելու խնդիր չկար ընդհանրապես, քանի որ վերջինիս շնորհիվ մենք հազվադեպ էինք մտաբերում 90-ականների «մթան ու ցրտի» տարիները: Քանի որ վերջինիս գրպանից ՀԷՑ-ում ներդրված 800 միլիոն դոլարն ապահովում էր լույս ու ջերմություն՝ առանց, ի դեպ, սակագնի բարձրացման: Իսկ թե ինչ է տեղի ունենում սակագնի պահպանման դեպքում որևէ ենթակառուցվածքի հետ, ցույց տվեց այս ամառվա ջրանջատումների շարքը:
Ու իսկապես զարմանալի է, թե ինչպես յոթուկես տարում աղճատվեց այն մարդկանց կերպարը, ովքեր 2018-ի գարնանը խաչմերուկներ էին փակում մեկ անձի կոչով: Իսկ ավելի ուշ նույն անձի՝ վարչապետ կարգվելուց հետո, գիշերվա կեսին Ազգային ժողովի շենք էին պաշարում, ավելի ուշ՝ դատարաններ շրջափակում: Եվ դրա անունը դրվում էր պայքար հանուն արդարության: Իսկ այսօր, երբ իսկապես անհրաժեշտ է մղել հենց այդ պայքարն այն անձանց համար, ովքեր մեր կողքին են եղել տարիներ շարունակ, մարդիկ հիմնականում լռում են: Սա, ի դեպ, մարդկային ու ազգային արժանապատվության կորստի հաշվի խաղաղություն մուրալու մտածողության ածանցյալ արդյունքն է:
Մուրալը, տվյալ դեպքում, ոչ միայն ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի, այլև դրան համաձայն բոլորի առումով:
+
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test