Ուսուցչի օրվան ընդառաջ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնությամբ տեղի ունեցած «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում հայտարարվել է նաեւ «Ազգային ուսուցիչ» մրցույթի մեկնարկը:
«Ազգային կրթության խորհրդի» անդամ Կարին Տոնոյանը իր խոսքում ասաց. «Այսօր ինձ համար շատ ծանր օր է: Առաջին անգամ ես այսօր խոսում եմ: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնի օրը ես կորցրի իմ Մենուային: Եվ ամսի 4-ին ես լռում եմ: Այս տարի հարկադրված եմ խախտել, որովհետեւ պատերազմ է հայտարարված այն բոլոր արժեքներին, որի համար զոհվել են մեր լույսի պես տղաները: Վաղուց արդեն Մենուան միայն իմ զավակը չէ: Նա ձեզ է պատկանում, նա պատկանում է հային:
Մենք արժանապատվորեն ընդունում ենք այդ պատերազմի հրավերը: Ես այսօր տնից դուրս եմ եկել որդուս նկարին նայելով եւ երդվելով, որ այս պատերազմում մենք իրավունք չունենք պարտվելու, որովհետեւ սա արդեն հոգեւոր պատերազմ է: Աշխարհում շատ կան ժողովուրդներ, որոնք իրենց հայրենիքի կորուստը հազարամյակներով են ապրել, հետո վերադարձրել են: Հողը միշտ կարելի է վերադարձնել: Բայց կան արժեքներ, որոնք հնարավոր չէ վերադարձնել, եթե ժամանակին դրանք չես պահում:
Մենք պատերազմի քողով ծածկված ականատես եղանք մեր Հայրենիքի վաճառքին: Մենք հետո նույն այդ պատերազմի վախի մահակի տակ լռեցինք: Եվ մաս-մաս տվեցին մեր Հայրենիքը, տվեցին մեր սրբազան Արցախը, հետո տվեցին մեր արժանապատվությունը, պատիվը, տվեցին մեր վաղվա հավատը, հույսը, նույնիսկ հանգիստ քունը: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ այսօր չի կարողանում հանգիստ քնել, ուրախանալ: Ինչ-որ մի բան մեզանից գողացել են, եւ այդ գողությունը անվերադարձ է:
Եվ ահա, հասել են վերջին դիրքին՝ լեզվին: Մենք շատ լավ հիշում ենք, որ Արտաշես արքան լեզվի միջոցով գծեց մեր Հայրենիքի սահմանները: Եվ լեզուն էր, որ ձեւավորեց իրական հայ ժողովրդին եւ Իրական Հայաստանը, որը բոլորս կրում ենք մեր հոգում: Եվ հենց այդ Հայաստանի համար էր, որ բոլոր տղաները գնացին կռիվ տալու, որ գիտակցում էին՝ գնում են դեպի մահ: Բայց իրականում Հայրենիքը միայն հողը չէ: Հայրենիքը այն բոլոր արժեքներն են, որոնք կառուցվում են այդ հողի վրա, այն լեզուն է, որով խոսում են այդ հողի վրա, այն հավատը, ապագա տունն է, որը կառուցում ենք մեր զավակների համար:
Այդ ամենը հիմա մեզանից վերցրել են: Երեկ էլ շատ դաժան դատով, որ թվում է, թե դատեցին Միքայել սրբազանին, իրականում դատեցին բոլորիս, դատեցին մեր ազատությունը: Եվ եթե Միքայել սրբազանին դատապարտեցին երկու տարվա ազատազրկման, ապա մեզ սպառնում են ընդհանրապես ազատազրկել, եթե իհարկե, դեռ չեն ազատազրկել: Այսօր բոլորս ենք հասկանում, որ իրականում ականատես ենք վախի իշխանությանը, որ Հայաստանում անձնապաշտական վախն է տիրում:
Ես համոզված եմ, որ եթե այդ վախը չլիներ, այս դահլիճը հրապարակ պիտի դառնար, որ մեր հազարավոր ուսուցիչներ, եթե չասեմ ծնողներ, բոլոր մասնագիտության տեր մարդիկ անպայման կուզեին մասնակցել եւ իրենց խոսքը ասել: Բայց ամեն մեկը ունի իր վախի ակունքը, իր վախի պատճառը: Ցավում եմ, որ մենք այնքան կհանդուրժենք այս իշխանությանը, քանի դեռ չենք ազատվել այդ վախից:
Հետեւաբար, սա հոգեւոր պատերազմ է: Մեզ սպանեցին պատերազմով, հիմա պատերազմը իրենց դաշնակիցն է, որով պահում են վախի ճիրաններում: Եվ վախից դուրս գալու այսպիսի փոքրիկ քայլերը մեզ պիտի ազատեն, յուրաքանչյուրս պիտի դառնանք այդ վախից ազատագրվելու եւ մեր միջավայրն էլ ազատագրելու ջահակիրներ: Հակառակ դեպքում մենք կորցնում ենք ամեն ինչ:
Լեզուն մնացել է մեր վերջին դիրքը: Եթե թողնում ենք մեր լեզվի հետ էլ անեն ինչ ուզում են, ապա մենք ուղղակի իրավունք չունենք տեսակ կոչվելու: Բնության մեջ նույնիսկ ամենափոքր, ամենանվաստ, ամենաչար տեսակները՝ բուսական, թե կենդանական, պայքարում են իրենց տեսակի գոյության համար եւ ունեն այդ առաքելությունը: Մենք հիմա փաստացի դավում ենք մեր առաքելությունը: Մեզնից ոչ ոք չի ընտրել, որ ինքը հայ լինի: Աստված է որոշել: Եվ հիմա թույլ ենք տալիս, որ վերացնեն մեր տեսակը: Շատերը կան մեր ոլորտից, նույնիսկ պատվարժան մարդիկ, որ ասում են, թե հիմա ինչ կատարվում է Այբբենարանի հետ, պատահականություն է: Պատահական մոռացե՞լ են Մաշտոցի նկարը դնել: Չեմ հավատում: Բայց եթե անգամ պատկերացնենք, որ պատահականություն է, ապա այդպիսի մարդիկ իրավունք չունեն մոտենալու դասագրքերին:
Երեխայի համար դասագիրքը սրբազան պատուհան է դեպի կյանք, դեպի աշխարհ: Առավել եւս առաջին դասարանցու համար Այբբենարանը իր ինքնության ամրագրման եւ դեպի ներս եւ դեպի դուրս ամենամեծ, ամենակարեւոր զենքն է:
Եվ վերջում: Ո՞վ է իրականում լեզվի տերը: Իրականում լեզուն է մեր տերը, որովհետեւ եթե այդ լեզուն չկա, չենք կարող ասել՝ մենք ով ենք: Մենք կորցնում ենք մեր ինքնությունը: Բայց ամեն ինչ փոխադարձ է: Եվ այդ պարտավորվածությամբ էլ պետք է տեր կանգնենք մեր լեզվին, ինչպես մեր ծնողներն են մեզ տեր կանգնում, հետո մենք ենք տեր կանգնում մեր ծնողներին»,-ասաց որդեկորույս մանկավարժը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test