Հայաստանում տարածված է, որ հինգ տարի առաջ «Արծրուն Հովհաննիսյանը քառասունչորս օր ժողովրդին «հաղթելու ենք» է ասել և խաբել»: Իրականում տասնյակ հազարավոր մարդիկ, որ Արցախում ծառայող որդի, եղբայր և հարազատ են ունեցել, իրականությունն իմացել են պատերազմի հենց առաջին օրվանից:
Հազարավոր հայրեր և եղբայրներ Հայաստանից մեկնել են Արցախ, կանգնել իրենց զավակների կողքին: Շատերն այդպես էլ նրանց տեսությանը չեն արժանացել: Այդ ողբերգական ճշմարտությունը չէր կարող գաղտնի մնալ:
Պատերազմի առաջին օրվանից տասնյակ հազարավոր արցախցիներ տեղափոխվել են Հայաստան: Գորիսում և Վարդենիսում այդ շարժն աննկատ չէր: Սյունիքում բոլորն են տեսել, թե հոկտեմբերի 8-ից հետո Հադրութն ինչպես է դատարկվում: Շուրջ տասնհինգ հազար հադրութցի Հայաստան է մտել Խնձորեսկի ճանապարհով:
Ոչ մի երկրի պաշտոնական քարոզչություն պատերազմի ճշմարտությունը չի ներկայացնում: Բայց երբ հինգ տարի առաջ այս օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ զենք է վերցնում և որպես շարքային գնում է ռազմաճակատի առաջնագիծ, դիտողունակ մարդու համար պարզ պիտի լիներ, թե որքան ծանր է իրավիճակը:
Մոտ մեկ շաբաթ հետո Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի պաշտոնական էջում լուսանկար հրապարակեց Հադրութի «Թութակներ» կոչվող տեղամասից: Եվ հասկանալի եղավ, որ թշնամին Հադրութ քաղաքը գրավել է, ռազմաճակատի հարավային բնագիծը փլուզված է, որովհետև Արցախի նախագահի կողքին նրա գլխավոր խորհրդականն էր, մի խումբ աշխարհազորայինն էին:
Այդ օրերին Արցախի մի քանի նախկին զինվորականներ, առաջին պատերազմի մասնակիցներ հայաստանյան մամուլին «աշխույժ» հարցազրույցներ էին տալիս և վստահեցնում, որ Շուշիի մատույցներ «ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերը հեշտ որս կդառնան, հենց որ տեղա առաջին ձյունը, և նրանց հետքերը չճշտվեն»:
Դա կազմակերպված ապատեղեկատվությո՞ւն էր, թե՞ մարդկանց ոգեւորելու հնարք: Փաստն այն է, որ Ստեփանակերտում ոչ ոք այդ հավաստիացումներին «մանանեխի հատիկի չափ» հավատ չէր ընծայում. քաղաքի կենտրոնից անզեն աչքով տեսանելի էր թշնամու առաջխաղացումը: Եվ ողջամիտ մարդիկ զարմանում էին, թե նահանջող հայկական զորքերն ինչո՞ւ գոնե անտառային ճանապարհները չէին ավերում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test