Բաքվի սեպտեմբերի 29-ի «դատական» նիստում քննել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և դիվերսանտ-Ազգային հերոսի ոչնչացման փաստերը: Խոսքը վերաբերում է և՛ 2020 հուլիսյան մարտերից առաջ դեպքերին, և՛ հուլիսյան մարտերի ընթացքում տեղի ունեցածին: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ հուլիսյան մարտերի թեման քննության առարկա է դառնում ադրբեջանական «դատավարության» ընթացքում: Հիշատակված «դատական» նիստից մեկ օր հետո՝ սեպտեմբերի 30-ին, Factor.am-ի հետ հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է անդրադարձել հուլիսյան մարտերին:
«Հուլիսի տավուշյան դեպքերից հետո մենք հայտնվեցինք լրիվ այլ իրականության մեջ: Զոհրաբ Մնացականյանին հարցրել ենք որպես Արտաքին գործերի նախարար՝ ե՞րբ զգացիք, որ ինչ-որ բան փոխվեց, վերջին հաշվով, բանակցային ակտիվ պրոցեսներ կային: Հուլիսյան դեպքերը ինչ-որ տեղ պետք է ավելի խորը ուսումնասիրվեն՝ ո՞նց եղավ մեր մասնակցությունն այդ ինչ-որ անիմաստ պրոցեսին»,- նշել է նա:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել էր 2021 թվականի ապրիլի սկզբին, երբ արդեն հարցաքննվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ Զոհրաբ Մնացականյանից ստացել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ, թե վստահելիության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր։ Այս բոլոր պատասխանների վերլուծությունը կհամադրենք թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ հետագայում նաև ՀՀ-ի և Արցախի ղեկավարությանը, ՀՀ վարչապետին լսելուց հետո»,- ասել էր Քոչարյանը:
Իսկ սեպտեմբերի 30-ի Factor.am-ի հետ հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը շարունակել էր հուլիսյան մարտերի թեման և դիտարկմանը, թե՝ ասում են, իբր հայկական կողմն է սադրել, ոչ այնքան «հարթ» ձևակերպմամբ արձագանքել էր.
«Չէ՛, չէ՛, նման կարգի սադրիչ գործողություններին ներքաշելն ավելի մեծ օպերատիվ պլանավորում է նախատեսում, ընդ որում, արտաքին հետախուզական միջամտության շնորհիվ նաև, որին մենք մասնակցել ենք: Կարծեմ կորպուսի հրամանատարը Յուրի Խաչատուրովի տղան էր՝ Գրիշան: Ես չգիտեմ՝ էդ գործողություններն ինչ տվեցին մեզ, բացի այն պրոցեսի հնարավորությունից հակառակորդին, որ ինքն ասի` ես շարժվում եմ ՄԱԿ–ի բանաձևերով, որովհետև Ալիևը հասկացավ, որ կարող է Բաքվում իշխանություն կորցնի»:
Այն, որ Ալիևն իշխանության պահպանման խնդիր ուներ այդ օրերին և ոչ միայն, դա անհերքելի է: Եվ այն, որ Անդրանիկ Քոչարյանն առաջինը չէ գործող իշխանությունից, որ, ըստ էության, ՄԱԿ-ի բանաձևերին հղում անելով, լեգիտիմացնում է Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով կարգավորելը, ևս հայտնի է: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2024 թվականին էր ասել, որ Արցախում «ադրբեջանական գործողությունն իր տակ ուներ ՄԱԿ-ի 3-4 բանաձև»:
Իսկ թե Անդրանիկ Քոչարյանն ինչո՞ւ է փորձում բանակցությունների ձախողումը կապել հենց հուլիսյան դեպքերի կամ դրանում հայկական հաղթանակի հետ, երբ դեռ հարց է՝ այդ ժամանակ կայի՞ն բանակցություններ, որպես այդպիսին, և ի՞նչ փաստաթուղթ էր սեղանին, պարզ չէ:
Այս համատեքստում հիշեցնենք մի քանի փաստ:
Նախ՝ հուլիսյան մարտերից օրեր առաջ՝ 2020 թվականի հունիսի 30-ին, կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, այն կազմակերպել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որից օրեր առաջ նախկին արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում առաջնային էր համարել էսկալացիայի կանխումը:
Իսկ 2019 թվականի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ հայտարարել էր. «Բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում»:
2023 թվականի հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով 2019 թվականի բանակցային գործընթացին՝ նշել էր.
«2019 թվականին ես բանակցային այս գործընթացն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական «կոնվեյեր»: Ես ասում էի, որ սա պատերազմական «կոնվեյեր» է, որովհետև տրամաբանությունն այն է՝ խաղաղությամբ, բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով: Սա է եղել իմ ընկալումը: Եվ իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են այս «կոնվեյերը» կանգնեցնել: Եվ այո, ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ «կոնվեյերը» կանգնեցնել»:
Իսկ 2025 թվականի փետրվարին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր. «Ես 2019 թվին ասել եմ շատ հստակ բան՝ այն, ինչ որ 19 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019թ. հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել։ Ես չեմ խոսել ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ: Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է»:
Թե ի՞նչ է իրականում բանակցել Փաշինյանը 2019-ին կամ ի՞նչ առաջարկների և փաստաթղթի շուրջ, մինչև հիմա նա գաղտնի է պահում:
Ի դեպ, «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատմում է.
«Լարված իրավիճակ եղավ նաև Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստերից մեկում (հոկտեմբեր 19:- Մ.Պ.), երբ պահանջեցի ինձ ծանոթացնել կարգավորման այն տարբերակի հետ, որը Ռուսաստանի միջնորդությամբ քննարկվում էր Ադրբեջանի հետ նախքան սեպտեմբերի 27-ը։ Վարչապետի արձագանքն էր, որ զինվորականները պետք է զբաղվեն «իրենց գործով»»:
Մենք գրել ենք, որ 2019 թվականի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանը զինվորականության հետ չի քննարկել պատերազմ ստանալ-չստանալու քաղաքական կամ բանակցային գինը, ինչպես պնդում են «44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում: Սակայն ԳՇ-ում խորհրդակցությունների ժամանակ պատերազմի հավանականությունը բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:
Վերադառնալով հուլիսյան մարտերին, հիշեցնենք «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ Փաշինյանի հոդվածը, որտեղ նա ասում է.
«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը՝ հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերն անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 29-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ Փաշինյանը, թերևս, ակամա խոստովանել էր, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, ե՞րբ ես տարածքները հանձնում»,- գրել էր Փաշինյանը:
Նույն ժամանակում Թուրքիայի ռազմական ղեկավարությունը խոստանում էր պատժել Հայաստանին հուլիսյան մարտերի արդյունքների համար:
Մի առիթով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել էր, որ Արցախում լայնածավալ պատերազմ, ինչպիսին եղավ 2020 թվականի սեպտեմբերին, ինչ-որ պահի սպասել են նույն թվականի ամռանը՝ «հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ»:
Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հուլիսյան մարտերը սեփական անձի և իշխանության քաղաքական PR-ի առարկա դարձրեց, այլ նաև՝ Ադրբեջանին սպառնալու և սադրելու՝ «հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»:
Ավելին, սա արվեց 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ:
Ինչո՞ւ էր առանց ՀՀ նախագահի, այսչափ հանդիսավորությամբ Փաշինյանը մեդալներ բաժանում, այն էլ՝ Սարդարապատում: Արդյո՞ք այս հարցերն իրեն տվել է Անդրանիկ Քոչարյանը, արդյո՞ք 7 տասնյակ մարդ գործուն մասնակցություն է ունեցել այս մարտական գործողություններին, արդյո՞ք պետք էր այսչափ հրապարակավ ուռճացնել կատարվածը: Արդյո՞ք սա քաղաքական ղեկավարության պատասխանատվության հարց չէ, թե՞ սրանց համար էլ են պատասխանատու զինվորականները:
Հարկ է նշել, որ մինչ Փաշինյանը զբաղված էր սեփական PR-ով, այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունը հուլիսյան մարտերին հաջորդած թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին փորձում էր հարևան, դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին ներկայացնել առկա սպառնալիքները, առաջարկում չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը: Բնականաբար, հուլիսյան մարտերի հետ կապված որոշակի հարցեր կան, բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած պատերազմ առաջին հերթին դիվանագիտության և քաղաքական ղեկավարության ձախողման հետևանքով է:
Ի դեպ, հուլիսյան մարտերից անմիջապես հետո Ալիևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել էր Էլմար Մամեդյարովին, որովհետև այդ օրերին չէր կարողացել գտնել նրան, և որովհետև բանակցային գործընթացում պրոգրես չէր տեսել, և ոչ էլ՝ Հայաստանի վրա ճնշում:
«Այս պայմաններում ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ես պատասխանում եմ դրան: Իսկ Արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ մակարդակում է սրան արձագանքել, թե՞ չի արձագանքել: Ես չեմ լսել: Ադրբեջանի ժողովուրդը ևս չի լսել: Ով պետք էր առաջին հերթին դա աներ: Արտաքին գործերի նախարարությունը լռում է: Ես ասել էի՝ մինչև Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց չլինի, ոչ մի համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Իսկ նրանք Քովիդ են քննարկել: Այսինքն, մենք հայ օկուպանտներին պիտի օգնեինք Քովիդի հետ կապվա՞ծ»,- 2020 թվականի հուլիսի 15-ին Նախարարների կաբինետի հետ խորհրդակցության ժամանակ Ալիևի խոսքը փոխանցել էր «Հաքքինազը»:
Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը «վերելակային պայմանավորվածությունների» և բանակցային գործընթացի ձախողման պատճառ է համարում Փաշինյանի վերը նշված հայտարարությունն ու «ռազմատենչ» քաղաքականությունը:
Հիմա, երբ Անդրանիկ Քոչարյանը որպես պատճառ դիտարկում է նաև հուլիսյան մարտերը, ո՞ւմ վրա է փոձում բարդել բանակցությունների ձախողումն ու հուլիսյան «արկածախնդրությունը»՝ Փաշինյանի՞, թե՞ զինվորականության:
Ի վերջո, սա կարող է ստիպել խոսել այդ ժամանակվա ռազմական ղեկավարությանը և պատասխանատուներին, եթե ընդդեմ նրանց Քոչարյան-Փաշինյան պասերով ռեալ խաղ լինի: Գուցե Անդրանիկ Քոչարյանը սա՞ է ուզում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test