Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

2036-ին նախատեսվում է Հայաստանում նոր ԱԷԿ ունենալ․ ՏԿԵՆ պաշտոնյա aravot.am aravot.am

time
2036-ին նախատեսվում է Հայաստանում նոր ԱԷԿ ունենալ․ ՏԿԵՆ պաշտոնյա

«Կառավարությունը լծված է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գործին․ տարբեր քննարկումներ են գնում տարբեր երկրների հետ, որպեսզի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտին նոր ատոմակայան ունենանք»,- այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ, «Էներգետիկ անցում. հանքարդյունաբերություն և Հայաստանի հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրահամյանը։

ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը, հիշեցնենք, երկարացվել էր եւ ավարտվում է 2036 թվականին։

Պանելային քննարկումը վարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ միջամտեց՝ կանխատեսելով, որ եթե նոր ատոմակայան կառուցվի, նրա արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 40-50 դրամ է լինելու՝ մեկ կիլովատ ժամի համար, իսկ արեւային կայաններն այսօր արտադրում են էլեկտրաէներգիա՝ մեկ կիլովատ ժամի համար 12 դրամով՝ առանց կուտակելու, կուտակելու դեպքում կդառնա մոտ 20 դրամ։ Այսինքն, ըստ նրա, ատոմակայանը զուտ ֆինանսապես երբեք չի կարող մրցակցել արեւային էներգետիկայի ոլորտի հետ։ Իր գնահատմամբ, այժմ գործող ԱԷԿ-ը մինչ այժմ գործում է զուտ այն պատճառով, որ դրա կապիտալ ծախսերն արվել են ԽՍՀՄ ժամանակ եւ էներգիայի ներկայիս գնի մեջ կապիտալ ծախսերը ներառված չեն։

Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ ատոմային տեխնոլոգիաները նույնպես զարգանում են, բայց ինքը չակերտներ բացելու իրավունք չունի։ Միայն հավաստիացրեց՝ գործընթացներում ամենը հաշվի են առնվում։

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, Վարդան Ջհանյանը կարծիք էր հայտնել, որ 5-10 տարի հետո Հայաստանը այլեւս գազ չի օգտագործի էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ կանցնի արեւային էներգիայի։

Նա հավելել էր նաեւ, որ ԶՊՄԿ-ն ունի արեւային էներգիայի արտադրության հավակնոտ ծրագրեր․ «Սա իմաստ ունի ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական տեսանկյունից, քանի որ արեւային էներգիան այսօր Հայաստանում ամենաէժան էլեկտրաէներգիան է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ վիճակագրության, Հայաստանում 2024 թվականի հունվարից արեւային էներգիայի արտադրությունը ամսական կտրվածքով աճ է գրանցել եւ 2025-ի մայիս-հունիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվել է արեւային կայանների կողմից։

«Shtigen Group» հիմնադիր տնօրեն, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանն իր ելույթում անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է արեւային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ավելացնել՝ տարեկան 20 տոկոսի հասցնելով՝ առանց կուտակումների։ Ասաց, վիճակագրական տվյալները հավանաբար փոքր-ինչ ցածր են ներկայացվում, քանի որ ամենայն հավանականությամբ, տեղում սպառումը չի ներառվում այդ տվյալների մեջ։

Ապա հավելեց՝ թիրախային ցուցանիշ կա՝ 2030 թվականին 15 տոկոսի հասնելու, որը, ըստ էության, արդեն կատարվել է։ Ոլորտի հետագա հիմնական զարգացումն էլ կախված է պետություն-մասնավոր համագործակցությունից․ «Մասնավոր հատվածը, ակնկալել է, թե ի՞նչ է արեւը եւ հակված է դրա հնարավորությունները առավելագույնս օգտագործել։ Եթե հակընդդեմ կողմի՝ պետությունը, սակագնային քաղաքականության մեջ ճկուն գործիքակազմ կիրառի, որը թույլ կտա ցերեկային ժամերին ավելցուկային էներգիայի խթանումը կառավարել, որը մենք այսօր չգիտենք, թե ո՞ւր տանել եւ ինչպե՞ս օգտագործել, դրանից կախված մենք կարող ենք հասնել 20 եւ ավել տոկոսի՝ միջին տարեկան կտրվածքով»։

Ըստ բանախոսի, ամառվա օրերին, օրինակ, արեւային էներգիայի արտադրության բալանսը մինչեւ 80 տոկոս է հասնում եւ կախված սպառման դաշից՝ գործընթացի կառավարելիությունը հասկանալի կլինի։

Ի դեպ, Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտում մոտ 70 ընկերություն է գործում, 3 հազար աշխատակից կա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test