Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ․ hոկտեմբերի 18-ին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների։
Հոկտեմբերի 2-ին այս Մատենադարանի հարակից տարածքում մարդաշատ էր․ շատ էին հատկապես երեխաները, ովքեր նկարում էին Հայոց սրբազան լեռը՝ Արարատը։
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների ու «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային մեկօրյա ծրագիրը, որում ընդգրկված էին ավելի քան 150 երեխա, որոնք սովորում են Հայորդաց տներում։ Նրանք աշխատեցին բացօթյա՝ նկարելով Սուրբ լեռը՝ Մասիս-Արարատը։
Երեխաները սկսեցին նկարել Տերունական աղոթքը հնչելուց հետո։
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը ողջունեց ներկաներին՝ ասելով՝ նախաձեռնությունը միտված է ազգային ինքնության, արվեստի, կրթության և խաղաղ ինքնարտահայտման խթանմանը։ Ծրագիրն ուղղված է երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մեր մշակութային ժառանգության ամրապնդմանը և հոգևոր դաստիարակությանը:
Մատենադարանի փոխտնօրեն Արման Մալոյանն իր խոսքում ասաց․ «Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ոչ միայն հայ ժողովրդի պատմությանը, այլև ապրել յուրաքանչյուր հայի հոգու մեջ»։
Մոտ 2 ժամ աշխատեցին երեխաները՝ յուրաքանչյուրը յուրովի պատկերելով Հայոց սրբազան լեռը։
Ընթացքում շրջեցի տարածքում, զրուցեցի երեխաների, նրանց ուսուցիչների հետ։
Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոնի տնօրեն Աննա Սեդրակյանը նշեց՝ ծրագրին իր ղեկավարած կրթօջախից մասնակցում են 12 սան՝ ուսուցչուհի Զարինե Մկրտչյանի ղեկավարությամբ։ Կենտրոնի 11-ամյա սաները՝ Նատալի Տիգրանյանն ու Շուշանիկ Մուսիկյանը սիրով էին նկարում․ ասացին՝ երևի նկարիչ դառնան։
Էջմիածնի Հայորդաց տան սաներ 15-ամյա Ալլա Ղազարյանն ու Լիլիթ Կիրակոսյանը ջրաներկով էին նկարում, բուժքույր են դառնալու։ Իսկ 11-ամյա Մարի Գրիգորյանի երազանքն է՝ հայտնի նկարիչ դառնալ։
8-ամյա Դիաննա Սահակյանը Մասիսների ներքին հատվածում Հայոց պետական դրոշի 3 գույնով պատկերներ էր նկարել․ ասաց՝ հրեշտակներ են։
Աշտարակի հայորդաց տան նկարչության բաժնի ուսուցչուհի Գայանե Խաչովյանի ղեկավարությամբ 15 երեխա էին մասնակցում ծրագրին։ Ասաց՝ դպրոցում ընդհանուր 6-15 տարեկան 18 հոգի են մասնակցում նկարչության դասընթացներին։ Բայց կարող են ընդունել նաև մինչև 18 տարեկանների։ Նրա սաներից 8-ամյա Հասմիկ Մնացականյանը Արարատ սարի ներքևում 5 երեխա էր նկարել։ Ասաց՝ աջից երրորդն ինքն է։ Նա համոզված է՝ հայտնի նկարիչ է դառնալու։
Էջմիածնի արվեստի դպրոցից 12-ամյա Գագիկ Հովակիմյանի նկարում Արարատի վերևով ինքնաթիռ է անցնում, լանջերով՝ թռչուններ, դիմացը հասունացած բերքով նռնենիներ են։ Այդպես տեսել է Արարատը։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող Հայորդաց տան նկարչության խմբակի ուսուցչուհի Լիլյա Պետրոսյանը 2023թ․ սեպտեմբերի վերջին Ստեփանակերտից է եկել։ Ասաց՝ իր դասավանդած խմբում սովորում են 18 աշակերտ, բայց ծրագրին մասնակցում էին 5-ը։ Նրանցից Սամվել Ղազարյանն Արցախի Խաչմաչ գյուղից է, իսկ Մարիա Աթաջանյանը՝ Ստեփանակերտից։ Նրանք և իրենց դասընկերներ Նատալի Սամոլևսկայան, Կարինե Մանուչարյանը, Էլիտա Մարգարյանը վառ գույներով էին պատկերել Արարատը։
Հետաքրքիր ձևով էր Արարատը պատկերել 16-ամյա Միլենա Եղյանը։ Մասիսները շղթայված ձեռքեր են նրա նկարում։ Նա էլ ասաց՝ հաստատ նկարիչ է դառնալու։
Նույն խմբից 13-ամյա Արևիկ Փարսադանյանի նկարում Արարատի գլխին արև էր։
18-ամյա Մարիամ Խաչատրյանը, որն ուսանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնի առաջին կուրսում և ցանկանում է անիմատոր դառնալ, Մասիսը նկարել էր՝ ըստ իրեն Նախիջևանի կողմից․ այդպես է պատկերացնում ինքը։
Երևանի հումանիտար տեխնոլոգիական քոլեջի 16-ամյա սովորողներ Տաթև Խաչատրյանը և Անահիտ Սանոսյանը դիզայներ են դառնալու։ Տաթևը «Մայրամուտյան Արարատ» էր նկարել, իսկ Անահիտը՝ «Արյունոտ Արարատ»։
Կազմակերպիչների կողմից որոշվեց՝ լավագույն նկարների ալբոմ տպագրվի։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test