Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հանուն ժողովրդավարության պետք է ոչնչացնել ժողովրդավարությունը hraparak.am hraparak.am

time
Հանուն ժողովրդավարության պետք է ոչնչացնել ժողովրդավարությունը

Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության, ուժեղացող քաղաքական հետապնդումների, բռնապետության բացահայտ եւ աղաղակող դրսեւորումների պայմաններում Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունենում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին: Փաշինյանի ելույթն այդ խայտառակ վիճակը կոծկելու մասին չէ, նա Եվրոպայից մանդատ է ուզում՝ նոր բռնությունների եւ նոր կեղծիքների համար: Նա ԵՄ երկրներին ասում է, որ ինքը եւ իր իշխանությունն են Հայաստանում ԵՄ-ի միակ հենարանը, իսկ այդ իշխանությունը պաշտպանելու միակ հնարավորությունը քաղաքական հակառակորդների տոտալ ոչնչացումն է` քաղաքական ազատությունների սահմանափակումը, խոսքի ազատության ոչնչացումը:

Առանց ամոթի որեւէ զգացողության, Փաշինյանն ասում է, որ Հայաստանում տեղի են ունեցել երկու խորհրդարանական ընտրություն եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, որոնք չեն ուղեկցվել հետընտրական զարգացումներով. իսկ ընտրված համայնքապետերին իշխանությունից զրկելը, նրանց կալանավորելը, նրանց նկատմամբ քրեական շինծու գործեր սարքելը, նրանցից ոմանց պարտադրանքով պաշտոնազրկելը, մանդատագողությունը, համայնքապետի սպանությունը՝ մի՞թե սրանք հետընտրական զարգացումներ չեն: Բայց սա այլեւս անցյալում է, Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է ապագան, հետաքրքրում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Նա եվրոպացիներին տեղեկացնում է, որ հերթական իշխանագողության համար իրեն լրացուցիչ արտոնություններ են պետք, որ ինքը դիմելու է հակաժողովրդավարական քայլերի, օրինական տեսք է տալու իր կողմից իրականացվող քաղաքական տեռորին, որն այն գինն է, որը պետք է վճարվի սեփական իշխանությունը պահելու համար:

«Եվրոպայի խորհուրդը մեր տունն է»,- ԵԽԽՎ ամբիոնից ասում է Փաշինյանը եւ իր ելույթի կեսը նվիրում Եվրոպայի խորհրդին, դրա կառույցներին` ՄԻԵԴ-ին եւ Վենետիկի հանձնաժողովին քծնելուն: Ինչո՞ւ չքծնել եւ չշողոքորթել, եթե նրա իշխանության միակ հենարանը մնացել են այդ եվրոպական կառույցները, դրանք են իր լեգիտիմության միակ աղբյուրը, դրանք են լեգիտիմացնում իր իշխանությունը:

Փաշինյանը խոսում է Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող այնպիսի մտացածին եւ հորինված խնդրի մասին, ինչպիսին, ըստ նրա, ընտրակաշառքն է: Տեսեք, թե ինչ է ասում ընտրակաշառքի մասին. «Սա չի նշանակում, թե մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրն այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլեւ չկան գործնական մեխանիզմներ՝ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Եվ որպես հետեւանք` ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական եւ ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կա՛մ բացակայում են, կա՛մ անորոշ են, մյուս կողմից էլ՝ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ, չնայած ընտրակաշառքով մանդատ ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ ՏԻՄ-երում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության»։

Ի՞նչ ընտրակաշառք, ո՞վ է ընտրակաշառք բաժանում, որտե՞ղ է նման բան բացահայտվել, արդյո՞ք փաշինյանական իրավապահ կոչվողները նման դեպք կամ համատարած դրսեւորումներ են արձանագրել: Եթե արձանագրած լինեին, ապա հաստատ դրա մասին բոլորը տեղյակ կլինեին: Նա ուրիշ բան է ասում. ասում է՝ առաջիկայում այնպիսի օրենքներ եմ ընդունելու, այնպիսի օրենսդրական փոփոխություններ եմ իրականացնելու, որոնք թույլ են տալու ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով որեւէ քաղաքական ուժի կամ ուժերի զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից, կամ եթե անգամ այդ ուժը մասնակցել է ընտրություններին եւ ստացել է ընտրողների քվեն եւ իրավունք է ստացել մտնել խորհրդարան կամ ՏԻՄ ավագանի, նրան զրկել մանդատներից, այն հիմնավորմամբ, որ այդ ձայները նրանք ստացել են ընտրակաշառքի օգտագործմամբ: Փաշինյանն ասում է, որ դա կարող է ընկալվել որպես ժողովրդավարության ոտնահարում, կամայականության դրսեւորում, բայց դե ինքը դա անելու է հանուն ժողովրդավարության, միայն այդպես է հնարավոր իշխանություն պահել:

Փաշինյանն անոնսավորում է նաեւ ազատ խոսքի եւ ազատ լրատվամիջոցների դեմ նախընտրական արշավը: «Սրան գումարվում է ապատեղեկատվությունը, իսկ Հայաստանի դեպքում դա առավել խնդրահարույց է, որովհետեւ լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018 թվականի հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո, ովքեր իրենց ապօրինաբար կուտակած հարստությունն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար դրանց մի մասը ծախսում են ապատեղեկատվության տարածման վրա։ Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից։ Ապատեղեկատվության այս արշավի դեմ գործնական միջոցների ձեռնարկումը կարող է մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, իսկ գործողությունների բացակայությունը դիտարկվում է որպես ժողովրդավարության խեղճություն, անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք խոսքի, համացանցի ազատությունը փողի գործադրմամբ օգտագործվում է ընդդեմ ժողովրդավարության»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test