ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես նահատակված տղաների հիշատակի օր։
Ինչո՞ւ հունվարի 27, այլ ոչ թե՝ սեպտեմբերի 27, այս հարցը մտատանջում է որդեկորույս շատ ծնողների, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում զոհվեցին հազարավոր հայորդիներ։
44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ով պատերազմում կորցրել է նաև դստեր ամուսնուն, զարմանում է, որ այս նախագիծ հեղինակներից մեկը Գեղամ Նազարյանն է, ու նա չի պնդել, որ հիշատակի օր սահմանվի սեպտեմբերի 27-ը։
«Ինքս չեմ ցանկանում Գեղամ Նազարյանի մասին որևէ կերպ խոսել, որովհետև ժամանակին ինչ-որ մտերմություն ունեցել ենք, քանի որ մեր ցույցերի ժամանակ նաև երբեմն գալիս էր մեզ մոտ՝ որպես պատգամավոր։ Բայց օրերս տեսա նրա ու Նիկոլ Փաշինյանի ջերմ զրույցը խորհրդարանում՝ նա սկզբում ինչ էր ասում, հիմա ինչ է ասում ու անում։ Այսօր նրա հետ որևէ շփում չկա, ու չեմ էլ ուզում, որ լինի։
Այն օրերը, որոնք իրենք պետք է նշեին հիշատակի օր՝ չեն նշում, ունենք 3 կարևոր հիշատակի օրեր՝ սեպտեմբերի 13, սեպտեմբերի 19 և սեպտեմբերի 27, այս օրերը մեր երկրի գլխին աղետ են բերել, բայց սրանք ոչ մեկը չեն հիշել։ Սրանք երևի քնել, արթնացել են ու իրենց ղեկավարի հետ մտածել են ուղղակի ինչ-որ օր նշել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահիդ Սահակյանը։
Վահիդ Սահակյանի խոսքով՝ հունվարի 27-ն իր նահատակված որդու՝ Ժորայի ծննդյան օրն է, ու այդպես էլ կմնա, նրա համար այդ օրը չի կարող լինել հիշատակի օր։
«Լավ, եթե 44-օրյա պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, ինչպե՞ս է ստացվում, որ հիշատակի օր դառնա հունվարի 27-ին։ Սրանց որևէ քայլ չեմ հասկանում, անորոշ վիճակ է, իսկ աշխարհի ամենադժվար բանն անորոշությունն է։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի պահանջով են սահմանել հունվարի 27-ը, այլ ոչ թե՝ սեպտեմբերի 27-ը։ Դե, մեր երկրում էլ մեկ հոգին է ասում, մյուսները թութակի նման կրկնողներն են»,- հավելեց Վահիդ Սահակյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումների ժամանակ հավանաբար ամեն հարց քննարկում, վերադառնում է Հայաստան ու սկսում կյանքի կոչել։
«Այդքան հանդիպում, զրուցում են, ո՞վ գիտի՝ ի՞նչ են զրույցում։ Զրուցում, գալիս է Հայաստան ու որոշումները կյանքի կոչում՝ բոլորիցս գաղտնի»,- ընդգծեց Վահիդ Սահակյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test