82-ամյա Միշա Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ինքնասպանության փորձ կատարելուց հետո ստիպված լքում է Հայաստանը: Բարեբախտաբար, կանխել են, այլապես մի խումբ պաշտոնատար անձինք կարող էին քրեական գործով «կարգավիճակ» ստանալ:
Միշա Գրիգորյանը 14 տարի դատարաններում է՝ իր հայրական տունը նախկին գյուղապետից ու նրա հովանավորներից պաշտպանելու համար: Խնդիրը կապված է ծնողներից ժառանգություն մնացած հայրական տան հետ, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գոշավանքի դիմահայաց բլրին. Մ. Գոշի փ., տուն 63: Այն ներառել է 2000 քմ տնամերձ հողամաս՝ ծանրաբեռնված շինություններով՝ 200 քմ տուն, 15 քմ գոմ: 1978-ին, Գոշավանքի բարեկարգման աշխատանքների ժամանակ, 2000 քմ հողից 500-ն տրամադրվել է գյուղում հրապարակ կառուցելու համար, եւ պետությունն այդ հողն իր միջոցներով հսկա ժայռաքարերով սահմանազատել է հրապարակից՝ տնատերերին թողնելով 1500 քմ հող:
Ծնողների մահից հետո (1991 եւ 1997թթ․) նշված գույքը պետք է փոխանցվեր ժառանգներին: 8 ժառանգներից միայն Միշա Գրիգորյանն է 1982-ից գրանցված եղել նշված հասցեում, վճարել հարկերը: Սակայն նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2002-2012թթ., կամայական փոփոխություններ են կատարվել Գրիգորյանների գույքի վերաբերյալ գյուղապետարանի, ապա՝ պաշտոնական փաստաթղթերում: Հողը կիսվել է, նվազեցվել, 2005-ին՝ դրանից 8 տարի առաջ մահացած մոր անունով կազմվել են սեփականության վկայականներ՝ 930 եւ 520 քմ, փոխվել է հասցեն՝ 63-ը դարձրել են 78 (որը հենց նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի տան համարն է՝ ըստ արխիվային փաստաթղթերի) եւ 78/1:
Այդ դատական քաշքշուկի պատճառը 2012-ին Վերանյանների կողմից անցկացված ներընտանեկան ապօրինի աճուրդն է. Գրիգորյանների հողի եւ հրապարակի համար զիջված հատվածի նկատմամբ, օրենքի խախտմամբ ճանաչվել է համայնքի սեփականությունը եւ կառուցապատման իրավունքով 60 տարի ժամկետով վարձակալության տրվել Հ. Վերանյանի որդուն՝ Սենիկ Վերանյանին: Այն, որ կաոուցապատումը կատարվել է օրենքի խախտմամբ, արձանագրել են իրավասու մարմինները, իսկ ոստիկանությունը դադարեցրել է այն, անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, պարտավորեցրել են քանդել, սակայն նախկին գյուղապետը դա չի արել; Ավելին, միմյանց հակասող տվյալներով սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներ են հայտնվել ԱԳ կադաստրում, Ս. Վերանյանինը՝ 78/1 հասցեի տակ:
Գրիգորյանների ժառանգները դիմել են դատարան. Տավուշի մարզի եւ վերաքննիչ դատարանների որոշման համաձայն, խնդրո առարկա գույքի նկատմամբ ճանաչվել է Գրիգորյանների սեփականության իրավունքը: Բայց քանի որ պետական մարմիններում արդեն ներմուծված են եղել հասցեի վերաբերյալ աղավաղված տվյալներ, դրանք տեղ են գտել նաեւ վճռում: Ստացվել է, որ սույն դատավարության ընթացքում քննվել են Մ. Գոշի 63 հասցեի հետ կապված հանգամանքները, սակայն վճիռը տրվել է 78 եւ 78/1 հասցեների վերաբերյալ՝ տան, գոմի, հողի սխալ չափերով: Եզրափակիչ ակտերը 2015-ի հունվարից մտել են օրինական ուժի մեջ, տրվել են կատարողական թերթեր, սակայն դրանց հիման վրա մինչ օրս (10 տարի) կադաստրում գույքը չի գրանցվել: Ժառանգների իրավունքը գրանցելու դիմումը կադաստրում մերժվել է, ավելի ճիշտ՝ կասեցվել է 78 եւ 78/1 հասցեների՝ արգելանքների տակ գտնվելու պատճառաբանությամբ:
Մինչդեռ ինչ-որ մեկը կարողացել է արգելանքի տակ գտնվելու պայմաններում ինչ-որ գրանցումներ կատարել. փոխել են կադաստրային ծածկագրեր (…041-ը դարձել է 0041, այնուհետեւ՝ 0046), որից տեղյակ չեն եղել ժառանգները եւ, մասնավորապես, հայրական տանը գրանցված միակ տնատեր Մ. Գրիգորյանը: Թե ինչպես է դա կատարվել, երբ, ում կողմից, մեզ չի հաջողվել պարզել թե՛ քրեական վարույթի, թե՛ քաղաքացիական գործի շրջանակներում: Այդուհանդերձ, այդ չհետազոտված փաստական տվյալը ելակետային այլ սխալ, նաեւ նախորդ դատական ակտով վերացված «ապացույցների» հետ միասին տրամադրվել է փորձաքննությանը՝ նույն գույքին վերաբերող քաղաքացիական գործով, ստացվել է սխալ փորձագիտական եզրակացություն, դրվել արդեն սույն վճռի հիմքում, որն ուժի մեջ մտնելու դեպքում կրկին հնարավոր չի լինի կատարել՝ սխալ հասցեավորման, սխալ չափերի եւ այլնի պատճառով: Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է, վճռաբեկ բողոք է ներկայացրել Միշա Գրիգորյանը:
Նշել է, որ խախտվել են իր սեփականության, ժառանգության, դատավարական մի շարք իրավունքներ, հաշվի չեն առնվել իր ներկայացրած էական նշանակություն ունեցող ապացույցները, արխիվային տեղեկանքը, ըստ որի՝ իրենց իրական հասցեն 63-ն է: Նրա պահանջն է՝ փորձաքննության եզրակացությունը (որով հողի չափը 1051 քմ է) ճանաչել անթույլատրելի ապացույց, քանի որ փորձաքննությանը պետք է տրամադրվեին Մ. Գոշի 63 հասցեի ճիշտ ելակետային տվյալները, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել գույքի իրական սահմանները եւ կատարել պետական գրանցում՝ պարտավորեցնելով պատասխանող Վերանյաններին՝ քանդել Գրիգորյանների 63 հասցեի հենապատի վրա կատարված ապօրինի շինությունը:
Քանի որ առկա են եղել ՀՀ քրօր. 314-րդ, 315.1 եւ 315.2 եւ այլ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր, Գրիգորյանը դիմել է նաեւ իրավապահ մարմիններին, սակայն` ապարդյուն: 2013թ. հարուցված քրեական գործը՝ 314-րդ հոդվածի հատկանիշներով, եւ 2019թ. քրեական գործը կարճվել են՝ դատախազության թողտվությամբ:
Էլմիրա Մարտիրոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test