Եռաբլուրում Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված տղաների շիրմաքարերը պղծվել էին դեռևս վեց տարի առաջ։ Ինչ–որ մի կիսախելագարի վրա մեղքը գցեցին, որն այդքան էլ համոզիչ չէր, բայց, ինչևէ․․․
Խորին հարգանքս հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված բոլոր հայորդիների հիշատակին, բայց Ռոբերտ Աբաջյանը հայ զինվորի բացառիկ կերպարներից մեկն է, արիության խորհրդանիշ, ՀԵՐՈՍԻ մարմնացում, որը պատերազմի հրեշավոր ճիրաններին ընդառաջ գնաց՝ չխնայելով կյանքը հանուն հայրենիքի և հայ ժողովրդի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ հարատևման։
Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս ահագնանում է ցավս ու զայրույթս․ քանի՞ հազար մարդ, այդ թվում՝ պետական այր, գործարար, մտավորական, գիտնական ու ռազմական գործիչ է այս տարիների ընթացքում այցելել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին ու անտարբեր հեռացել՝ շիրմաքարերի յուղանման հետքերը տեսնելով։
Ինչքա՞ն քաշենք համբերանքի չիբուխը, երբ դեռ խավարը չի ցրվում․ որտե՞ղ են պատկան մարմինները՝ ՀՀ կառավարությունը, ՀՀ ՊՆ նախարարը։ Պարոնա՛յք, որտե՞ղ է ձեր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, չե՞ք կարող մի քանի շիրմաքար փոխել, բազմազբա՞ղ եք, հուշող չի՞ եղել, թե՞ գումար չունեք։ Եթե չունեք՝ ամոթ չէ, համազգային հանգանակություն նախաձեռնե՛ք, տղաների շիրմաքարերը փոխեք։ Անփութության և ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ խարան է սա, որը պարտավոր եք մաքրել։
Համաշխարհային աստղերի միջոցով պետություն գովազդելու էժանագին ճիգերի փոխարեն՝ երկրի ներսում տե՛ր եղեք սեփական ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ, որ այն չսկսվի ու չավարտվի միայն տարանուն փառատոններում ուտել-խմելով։
Ասում եք՝ «Ասեք, կանենք»․ ես չեմ ասում, այլ՝ հուշում եմ և հորդորում՝ ՓՈԽԵ՛Ք Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ՀԵՐՈՍՆԵՐԻ պղծված շիրմաքարերը։ Առանց այդ էլ ծանր է, շա՜տ ծանր նրանց աչքերին նայելը․․․
Հ․Գ․ Սույն անդրադարձով ակնկալում եմ վերոնշյալ պատկան մարմինների հրապարակավ որոշումը կամ արձագանքը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների անարգված շիրմաքարերը փոխելու հարցում։
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test