Պարզվում է` գործուղումներից ու անպտուղ նիստերից զատ վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվածը նաեւ ամեն օր «Հրապարակ» է կարդում ու մեզ նվիրված ստատուսներ երկնում: Լավ է, որ կարդում են, հուսանք, որ մի բան էլ կմտնի գլուխները...
Այս անգամ սույն անձն անդրադարձել է կոռուպցիայի մասին գրածս խմբագրականին եւ իրենց իշխանության` կոռուպցիայի մեջ թաղված լինելու փաստերի թվարկումից առանձնացրել է իրեն վերաբերող մասը ու պատասխանել իմ հարցին. «ինչպես են կազմվում վարչապետի այցերի պատվիրակությունները եւ ինչպես է ինքը հայտնվել Կոպենհագենում»: Գրել է, որ իր` Կոպենհագեն մեկնելու նպատակը հաջորդ տարի Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպումն է` գնացել է «գործընկերների հետ քննարկելու անցկացման մանրամասները, տեղում կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու»:
Այս տողերը կարդացող յուրաքանչյուր անձ կարող է բացել վարչապետի աշխատակազմի Կանոնադրությունը եւ ծանոթանալ այդ մարմնի ու նրա ղեկավարի գործառույթներին եւ մի պարզ հարց տալ` ախր դու ո՞վ ես, որ Գագաթնաժողով կազմակերպես, դու քո գործառույթներից զատ առավելագույնը կարող ես Նիկոլ Փաշինյանի չստիկները մոտեցնել` երբ նա կառավարություն է մտնում, մեկ -մեկ էլ կոֆե դնել նրա համար ու ֆեյքերին աշխատացնել` խմբագիրների ու ձեր ընդդիմախոսների դեմ:
Քո գործառույթը, գոնե ըստ օրենքի, փաստաթղթեր, նախագծեր, վերլուծություններ, տեղեկանքներ կազմելն է, կառավարությունում քննարկումներ, նիստեր կազմակերպելը, տարբեր մարմիններին գրություններ ուղարկելը, երբեմն էլ վարչապետին տրամադրվող տեղեկանքներ ու վերլուծություններ կազմելը, քարը տրաքի` «կառավարության հաստատած միջոցառումների ծրագրի» կատարմանը հետեւելը:
Եթե քեզ` օրենքի խախտմամբ, կարգել են տարբեր կազմկոմիտեների ու խորհուրդների նախագահ, դա չի նշանակում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նման իրավասություններ ունի: Ի՞նչ է` արտաքին գործերի նախարարությունը, արտաքին կապերի վարչությունները վերացե՞լ են մեր երկրից, որ Քաղաքական գագաթնաժողովը վարչապետի աշխատակազմի ղեկավարը կազմակերպի: Հասկանալի է, որ իշխող ՔՊ-ն օրենքից դուրս մարմին է դարձել, կառավարությունն էլ ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով է առաջնորդվում, այլ մի անձի որոշումներով, նա էլ որոշել է 26-ի ընտրությունների նախօրեին` մայիսին եւրոպացի ղեկավարներ բերել Երեւան, որ մի քանի քվե ավել կորզի ընտրողներից, դու ի՞նչ կապ ունես դրա հետ: Կամ` յուրաքանչյուր միջազգային միջոցառում կազմակերպելու համար դրա կազմակերպման պարտականությունն ունեցող պաշտոնյան պետք է գնա աշխարհ-աշխարհ ման գա, բոլորի հետ անձամբ պայմանավորվի՞:
Այո, կոռուպցիան հենց դա է` երբ պետական միջոցները վատնվում են ոչ նպատակային, երբ պետության հաշվին գործուղումներ են գնում տարբեր պորտաբույծներ, որոնք իրենց երկրին ոչ մի օգուտ չեն տվել` միայն վնաս են տվել, հետն էլ անզուսպ հարստացել են ու հմտացել ֆեյսբուքը կառավարելու եւ լրատվամիջոցներին թիրախավորելու գործում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test