«Վրաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, որը պայմանավորված է վիճարկվող ընտրություններով, ժողովրդավարության նահանջով և իշխող կուսակցության ու ընդդիմության միջև սրվող առճակատմամբ։ Վրաստանում կատարվողը լուրջ մտահոգության առարկա է»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» զեկույցի համահեղինակ, պորտուգալացի պատգամավոր Էդիթ Էստրելան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեհաժողովում հրատապ ընթացակարգով քննարկվեցին Վրաստանում կատարվող իրադարձությունները։
Այս հարցով զեկուցողը նշեց, որ նախորդ քննարկումից ի վեր՝ երկրում դրական առաջընթաց չեն տեսնում․ «Չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին՝ Վրաստանում քաղաքական և սոցիալական իրավիճակը վատթարացել է։ Իշխանությունները, կարծես, հետաքրքրված չեն երկխոսությամբ և համագործակցությամբ։ Նրանք մերժել են Վենետիկի հանձնաժողովի և Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը։ Վրաստանի իշխանությունները լռեցրել են ընդդիմության ձայնը, բանտարկել լրագրողներին և քաղաքացիական հասարակության առաջնորդներին, խոչընդոտել են ընտրություններին դիտորդների գործունեությունը, սահմանափակող օրենքներով խաթարել են քաղաքացիական հասարակությունը։ Բայց ամենից մտահոգիչը քաղաքական հետաքննությունների պատրվակով ընդդիմադիր կուսակցությունները արգելելու մասին մտադրությունն է։ Եթե սա իրականացվի, դա կքանդի բազմակարծությունը, կխլացնի բոլոր ժողովրդավարական այլընտրանքները և Վրաստանը կտանի դեպի միակուսակցական պետություն»։
Ըստ զեկուցողի՝ այս գործողություններն անհամատեղելի են Վրաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորությունների հետ։ Դրանք ոչ միայն ժողովրդավարական արժեքների դավաճանություն են, այլև ուղղակի մարտահրավեր են այն սկզբունքներին, որոնց վրա կառուցված է ԵԽ-ն։
Էդիթ Էստրելան հայտարարեց․ «Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր քաղաքական կուրսը։ Այն պետք է վերականգնի հիմնարար ազատությունները, դադարեցնի քաղաքական հետապնդումները և բարեխղճորեն վերահաստատի իր հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ։ Երկխոսությունը դուռը բաց է, բայց միայն մեր ընդհանուր արժեքների նկատմամբ հարգանքի հիման վրա»։
ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի խոսնակները ևս մտահոգություն հայտնեցին Վրաստանում վերջին զարգացումների առիթով։
ALDE խմբի խոսնակ, ֆրանսիացի պատգամավոր Կլոբ Կեռնը նշեց․ «Չնայած վրաց ժողովրդի դիմադրությանը՝ կառավարության՝ անցյալի հետ կապերը խզելու ցանկությունը լավատեսության հիմք չի տալիս։ Վրաստանը կարող է գլորվել դեպի բռնապետություն։ Մենք պետք է ճնշում գործադրենք վրացական կառավարության վրա դրանից խուսափելու համար»։
Եվրոպական ձախերի խմբի խոսնակ Բերդան Օզտուրկը, (Թուրքիա) փաստելով, որ Վրաստանը շարունակում է ներկայացված լինել ԵԽ Նախարարների կոմիտեում, նշեց․ «Մինչդեռ իշխող ուժի և ընդդիմադիր խորհրդարանականները ներկա չեն Վեհաժողում։ Այս անհավասարակշռությունը խաթարում է օրենսդրական հավասարությունը և զրկում մեզ երկխոսության կարևոր հարթակից։ Մենք պետք է նաև հետևողական լինենք։ Նույնքան խնդրահարույց ընտրական պրակտիկա ունեցող այլ անդամ պետությունների հետ այս Վեհաժողովը չի կիրառել նույն խստությունը։ Ընտրողական խստությունը կամ հանդուրժողականությունը վնասում է մեր հեղինակությանը և ռիսկի է դիմում, որ կունենա այն ընկալումը, թե դա արվում է քաղաքական դրդապատճառներով։ Առաջ շարժվելու միակ սկզբունքային ճանապարհը Վեհաժողովի և Նախարարների կոմիտեի միջև հաստատված լրացուցիչ համատեղ ընթացակարգին ապավինելն է»։
Սոցիալիստների խմբի խոսնակ Ֆրանկ Շվաբեն (Գերմանի) էլ կոչ արեց Վրաստանի իշխանություններին վերադառնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական ուղուն․ «ԵԽ գլխավոր քարտուղար պարոն Ալեն Բերսեթը Վրաստանից երկիրը ճիշտ ուղի վերադարձնելու ծրագրի վրա աշխատելու խոստում էր ստացել։ Ի վերջո, դա ոչինչ չտևեց։ Մինչդեռ Վրաստանը ավելի շատ է գնում սխալ ուղղությամբ՝ հեռանալով ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ավելի մոտենալով Չինաստանի, Իրանին և Ադրբեջանի ակումբին»։
ԵԺԿ խմբի խոսնակ Գուստավ Գոտբերգը (Շվեդիա) Վրաստանում կատարվողն անվանեց վրացական մղձավանջ՝ Կրեմլի սարսափելի սցենարներից հստակ ոգեշնչված ու կարևորեց Վրաստանի իշխանությունների հետ երկխոսությունը։
Պահպանողականների խմբի խոսնակ Մալտե Կաֆմանը (Գերմանիա) կարևորեց, որ Վեհաժողովը չշարժվի Վրաստանին մեկուսացնելու ճանապարհով․ «Մենք պետք է նախ պայքարենք վրացական պատվիրակության՝ Եվրոպայի խորհուրդ վերադարձի համար։ Նաև պետք է ընդունենք, որ Վրաստանի կառավարությունը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել իր ժողովրդի կողմից և, հետևաբար, օրինականորեն պաշտոնավարում է։ Եվ նաև երկխոսություն պիտի փնտրենք Վրաստանի բոլոր կուսակցությունների՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հետ։ Հույս ունեմ, որ շուտով կկարողանանք մեր վրացի գործընկերներին կրկին մեր շարքերում ընդունել, քանի որ Վրաստանը Եվրոպայի մի մասն է, և մենք շատ ենք կարոտում»։
Վեհաժողովը Վրաստանին քննադատող «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» զեկույցն ընդունեց ձայների մեծամասնությամբ։ Հայկական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցեց Արմեն Գևորգյանը։ Նա «ձեռնպահ» է քվեարկել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test