-Ինձ հիշո՞ւմ ես հոգեհանգստի ժամանակ: Ես բառացիորեն հիշեցնեմ քո ասածը: Գարուշի մասին խոսելիս դու ասացիր, Գարուշն ինձ ասել է՝ բուշլատը գցել եմ դեմքիս, դռնից թռել եմ դուրս: Դու կարծիք չես հայտնել, դու ասացիր, որ Գարուշը ռեալ էդպես է ասել: Ես քեզ հարցրի, որտեղ պետք լինի՝ դա կասե՞ս, դու ասացիր՝ հա, մի ուրիշ բառ էլ ասացիր՝ չասողը էսինչի տղա է: Հիշո՞ւմ ես դա: Ինչո՞ւ դա նախաքննական ցուցմունքի ժամանակ չես ասել, հիմա էլ ասում ես, թե դա քո կարծիքն է եղել,- այսօր դատարանում ինժեներասակրավորային վաշտի հոգեբան սպային այս հարցերը ուղղեց այրված զինծառայողներից մեկի հայրը:
Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի հոգեբան սպա Վահագն Ներսիսյանը:
Նա կտրուկ հրաժարվեց, որ դեպքից հետո զոհված զինվորների ծնողներին ասել է, թե Գարուշ Սարգսյանը իրեն պատմել է՝ դռնով է դուրս եկել ու փրկվել:
Ծնողի հարցին ի պատասխան՝ հոգեբանը վստահեցրեց, որ ինքը երբեւէ հայհոյանք չի օգտագործում որեւէ բան ասելիս. «Չեմ ասել նման բան: Ես իմ կարծիքն եմ հայտնել: Առհասարակ հայհոյանքը իմ վարքագծին դեմ է: Եթե դեպքի վայրում չեմ եղել, ո՞նց կարող էի նկարագրել»:
Ծնողները զայրացան հոգեբանի այս կտրուկ հրաժարվելուց, մեկ այլ ծնող սկսեց հիշեցնել իրենց զրույցը. «Դու ասիր՝ ես էս կյանքի տղա եմ, ես ոչ մեկից ոչ ունեմ վախենալու, կգամ հատիկ առ հատիկ կասեմ դատարանում: Քֆուրը սաղ դնում ենք մի կողմ, ինչ ասել ես, էստեղ ասա տղավարի, թող բոլորը իմանան: Մեզ պետք է ճշտությունը, մեզ պետք է իմանալ՝ ով, ինչ է արել»:
Հոգեբան սպան մնաց անդրդվելի, ասաց՝ իր կարծիքն է հայտնել, չի կարող հիմնավորել, իրեն ոչ մեկը չի ասել, որ Գարուշը դռնից է դուրս եկել: Հետո հավելեց՝ քննությունը կպարզի:
-Ի՞նչ քննություն, -ծնողները զայրացան, սկսեցին վիրավորական խոսքեր, հայհոյանքներ ասել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test