Ի՞նչ անել Հայաստանում ներդրումներ ներգրավվելու համար․ հարցի պատասխանն այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ, «Ներդրումների ներգրավում և պաշտպանություն․ իրավական դաշտ և ներդրումային միջավայր» թեմայով պանելային քննարկման ընթացքում փորձեց տալ «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ըստ այդմ, բանախոսի կարծիքով, պետք է զարգացնել պետություն-ներդրող համագործակցությունը, հստակեցնել ընդերքօգտագործման թույլտվությունների ստացման գործընթացները, ապաանձնավորել այն, ինչը նաեւ էականորեն կկրճատի ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, իսկ դատական վեճերի լուծման համար՝ ճշգրիտ ժամկետներ սահմանել։ Ներդրումների մասնագիտացված դատարանների մասին նա դեռ չի մտածել, ուստի ձեռնպահ է մնում դրա մասին խոսել, բայց կարծում է, որ դա էլ կարող է լուծում լինել։
Ոլորտում 2001 թվականից գործունեություն ծավալող «Տեր-Տաճատյան» իրավական և բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը գտնում է, որ Հայաստանում պետք է լինի ներդրումների պաշտպանության մասին օրենք։ Դավիթ Սարգսյանն էլ է կիսում գործընկերոջ տեսակետը՝ հավելելով, որ օրենքը պետք է լինի այնպիսինը, որ հետագա փոփոխություններից նաեւ պաշտպանված եւ ապահովագրած պահի ներդրողին։
Ներդրումների մասին ՀՀ օրենքը 1994-ին է ընդունվել, 25 կետից է բաղկացած, մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։ Ընդերքի ոլորտին վերաբերվող կետերը բարդ են, խուճուճ եւ տարընթերցումների տեղիք են տալիս, իսկ դատական լուծումները 3-8 տարի են պահանջում։
Ի դեպ, Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հանքարդյունաբերական ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Միջին Ասիայի մակարդակում առաջատարը Ղազախստանն է՝ 8 հազար հանք ունի։ Իսկ Կովկասի մակարդակում, հարեւան Վրաստանի արտահանումը էականորեն գերազանցում է տարածաշրջանի երկրներին։
«Ընդերքի բացառիկ սեփականատերը ՀՀ-ն է, օգտագործման թույլտվությունը տալիս է պետությունը, բայց իրավական հարցերում իրավաբանական անձին թողնում է դեմ հանդիման մեկ այլ սուբյեկտի՝ համայնքի հետ»,- ասում է Արմեն Տեր-Տաճատյանը եւ առաջարկում՝ ընդերքօգտագործման թույլտվության հետ հողի հարցը լուծել։
Ընդհանուր առմամբ, նա ճապոնական փորձն է բերում՝ 1960-ականներին փոխեցին կրթական համակարգն այն բանից հետո, երբ տնտեսությունը սկսեց կաղալ։ Ինքը կարծում է՝ ՀՀ պետական համակարգում լրջագույն փոփոխությունների կարիք կա։
Արմեն Տեր-Տաճատյանին մտահոգում են նաեւ տեսչական մարմինների գործառույթները, դրանք պետք է հստակեցվեն։
Wood Mackenzie-ի հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ Վաել Ջաբերը ոչ պակաս կարեւոր է համարում հարկային ոլորտը, հարկային դրույքաչափերը։
Պանելային քննարկմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը շտապեց փարատել մտահոգությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեր երկրի ներդրումային միջավայրն էականորեն բարելավվելու է։ Ասաց նաեւ, որ ներդրումների մասին նոր օրենքը պատրաստ է, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կուղարկվի կառավարություն, իսկ մինչեւ տարեվերջ ԱԺ-ն էլ կընդունի։ Վստահեցրեց՝ այս օրենքով ոչ միայն օտարերկրյա, այլ նաեւ տեղական ներդրողները պաշտպանված կլինեն։ Ընդհանրական ասաց՝ նախագծում հստակեցվել են թե կառավարության, թե բիզնես ոլորտի ընկերությունների անելիքները։
«Որտեղ գնում ենք, մեր խնդիրը մասնագետների խնդիրն է՝ եւ պետական համակարգում, եւ մասնավոր»,- ներկաների մտահոգությունները կիսեց Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծելու համար, որոշ ոլորտներում բարձր վարձատրվող մասնագետներ են վարձակալել։ Ասում է՝ «թեւերը քշտած, մի քանի հոգի, այդ թվում նաեւ նախարարը պետք է աշխատեն»։ Վստահեցնում է՝ աշխատում են։ Արդյունքում, հույս ունի, որ 2026-ին էմիրաթական «Մասդար» ընկերությունը արդեն կսկսի մեր երկրի էներգետիկ ոլորտում լուրջ աշխատանք կատարել։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի համար այս քննարկումը «տնեցիքով բամբասանք» է հիշեցնում, քանի որ ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը ներկա չեն։ Վահագն Համբարձումյանը դժգոհ է՝ ՊԵԿ-ը շատ կոշտ վարչարարություն է իրականացնում՝ քրեական գործերի հարուցմամբ, մինչդեռ վարչապետն իր ելույթում ասում է՝ ոլորտը տնտեսության լոկոմոտիվն է։ Նա կոնկրետ օրինակներ էլ բերեց, որ վարչարարությունն արագ քրեական գործընթացի է վերածվում եւ եթե վարչարարությունը ինչ-որ տեղ ավարտվում է՝ գումարը վճարվում է, քրեական գործերը շարունակվում են, վերջնական որոշումները 10-11 տարի հետո են լինում։
«Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ղեկավար Դավիթ Սարգսյանը կարծում է՝ խնդիրը նրանից է, որ Հայաստանում չկա վնասների փոխհատուցման եւ իրավական կամ փաստաբանական փոխհատուցման ինստիտուտ, եթե այդ ինստիտուտը աշխատի, շատ հարցեր կկարգավորվեն։
Նախարար Գեւորգ Պապոյանը հավաստիացնում է՝ կառավարությունում ջանում են միասնական լուծումներ գտնել։ Նման դեպքերի համար նա ֆինանսական ծախսերը համարեց «մանր-մունր» բաներ՝ հարցը կենտրոնացնելով ընկերության իմիջի վրա, որը ավելի կարող է տուժել, քան այդ տարիների ընթացքում վճարված գումարները։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test