Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով քննարկվեց «Ռուսաստան․ նոր մարտահրավերներ եվրոպական ժողովրդավարության համար» թեման։
Այս հարցով զեկուցողը ԵԽԽՎ Լիբերալ դեմոկրատների խմբի (ALDE) ղեկավար, ռումինացի պատգամավոր Յուլիան Բուլայն է (լուսանկարում)։ Նա, ներկայացնելով զեկույցը, հայտարարեց․ «Մենք պետք է գիտակցենք այսօրվա մարտահրավերի մասշտաբը բոլորիս համար, քանի որ Ռուսաստանի հարձակման մակարդակը, ծավալը և հավակնությունները մեր ժողովրդավարությունների և բոլորիս վրա Եվրոպայում աննախադեպ են։ Մենք նաև ականատես ենք լինում հիբրիդային պատերազմի աննախադեպ ակտիվացմանը։ Ռուսաստանի հարձակումը ուղղակիորեն տարածվել է մեր սեփական ժողովրդավարական գործընթացների վրա։ Ռումինիայում և Մոլդովայի Հանրապետությունում վերջերս կայացած ընտրություններում Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմը ցուցադրեց բարդ արտաքին միջամտություն և տեղեկատվական պատերազմ՝ ռումբի սպառնալիքներ, զանգվածային ապատեղեկատվություն, առցանց մանիպուլյացիա, TikTok մանիպուլյացիա և այս պետությունների՝ եվրոպամետ ուղին խափանելու փորձեր։ Սա մեզ ներսից թուլացնելու ռազմավարական արշավի մի մասն է։ Ռուսաստանն այժմ տիրապետում է ոչ միայն զենքի, այլև անկայունացման գործիքների՝ զենքի վերածելով միգրացիան՝ ձգտելով խորացնել մեր հասարակությունների ներսում եղած պառակտումները, մեր արժեքները ներկայացնելով որպես «արևմտյան» և «սխալ», և օգտագործելով իր դիվանագիտական մեքենան ամբողջ աշխարհում՝ դաշինքներ կնքելու այլ բռնատիրական ուժերի հետ»։
Ըստ զեկուցողի՝ Ռուսաստանի նպատակը հստակ է՝ անկայունացնել, բաժանել, բևեռացնել, տարածել վախ և, ի վերջո, խաթարել այն արժեքներն ու համակարգերը, որոնք միավորել են Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։
Ըստ նրա՝ Ուկրաինայի դիմադրությունը վերաբերում է ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությանը․ «Մեր հանձնառությունը չպետք է տատանվի: Արդարադատությունը նաև պահանջում է լիակատար պատասխանատվություն ագրեսիայի և ռազմական բոլոր հանցագործությունների համար: Սա նշանակում է աջակցել նոր մեխանիզմների ստեղծմանը և իրականացմանը՝ Ագրեսիայի հանցագործության հատուկ դատարան, Միջազգային պահանջների հանձնաժողով և փոխհատուցման շրջանակներ, որպեսզի անպատժելիությունը չկարողանա ծաղկել։ Որպես խորհրդարանականներ՝ մենք պետք է օգտագործենք խորհրդարանական դիվանագիտությունը՝ մեր հասարակություններին մոբիլիզացնելու և այս հաշվետվողականության գործընթացներին աջակցելու համար։ Մենք պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը՝ ավելի կոշտ, ավելի լավ համակարգված պատժամիջոցների միջոցով»։
Ըստ Յուլիան Բուլայի՝ Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը պետք է լինի բոլոր ոլորտներում՝ ներառյալ սպորտը։
Եզրափակելով ելույթը՝ նա նշեց․ «Այս Վեհաժողովում մենք պետք է միմյանց հարցնենք՝ որքա՞ն ժամանակ պիտի թույլ տանք պարոն Վլադիմիր Պուտինին խաղալ մեր համբերության հետ։ Եվ այս հարցի պատասխանը պետք է մեզ հետ լինի ամեն օր, մինչև Ուկրաինան հաղթի պատերազմում»։
ԵԽԽՎ քաղաքական բոլոր խմբերի խոսնակները սուր քննադատական ելույթներով հանդես եկան՝ ընդդեմ Ռուսաստանի։ ԵԺԿ խմբի խոսնակ Ինյերդ Շի Շուն ահազանգեց՝ Ռուսաստանից մեր ժողովրդավարությունների դեմ ուղղված սպառնալիքներն ավելի ու ավելի կատարելագործվում են․ «Սպառնալիքները միայն ռազմական չեն, այլև կան բազմազան հիբրիդային սպառնալիքներ, որոնք խանգարում են մեր ժողովրդավարական կյանքին։ Վերջին օրինակներից մեկն այն է, թե ինչպիսի լարված իրավիճակ ստեղծվեց Լատվիայում կառավարական ճգնաժամ առաջացնելու համար։ Այս տեղեկատվությունն ու միջամտությունը հանգեցրել են Լատվիայի խորհրդարանում ներկայացված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը չեղարկելու առաջարկի: Այս առաջարկները ներկայացնող կուսակցությունները, կարծես ընկել այս կոնվենցիայի դեմ ռուսական ապատեղեկատվական արշավ թակարդը»։
Եվրոպական պահպանողականների խմբի խոսնակ Ռիչարդ Քինի կարծիքով՝ եթե Ռուսաստանը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանցնի մյուսներին՝ «ինչպես խելագարված և քաղցած արջը»․ «Անկախ նրանից՝ մենք դա ուզում ենք, թե՝ ոչ, Ուկրաինայի պաշտպանությունը դարձել է մեր պաշտպանությունը, մեր ժողովրդավարության պաշտպանությունը, մեր մարդկային արժանապատվության պաշտպանությունը։ Մենք պետք է ապահովենք, որ սա ավարտվի ոչ թե նոր ռուսական կայսրության ձևավորմամբ, այլ այն գիտակցմամբ, որ Ռուսաստանի շուրջ անկախ ժողովրդավարությունները, ի վերջո, կհաղթեն»։
ALDE խմբի խոսնակ Էրիկ Նիլս Կրոսնի բնութագրմամբ՝ Ռուսաստանը Եվրոպային մտովի բանտախցում է պահում․ «Եվ ամեն շաբաթ մեր ձեռքին ցախավել է տալիս։ Եվ ամեն շաբաթ մենք պետք է որոշենք՝ ընդունե՞նք դա, թե՞ հակադարձենք։ Եվրոպայում անընդհատ կիբերհարձակումներ, օդային տարածքի խախտումներ, մահափորձեր, դիվերսիոն փորձեր, պայթյուններ են տեղի ունենում։ Ի՞նչ ենք մենք արել։ Մենք խոսում ենք ավելի մեծ դիմադրողականության մասին, դատապարտում ենք։ Մենք լավ որոշումներ ունենք, բայց չենք հակադարձում։ Այնպես որ, մինչև չորոշենք հակադարձել, այդ հարձակումները կշարունակվեն։ Եվ իրականում դա մեզանից է կախված։ Արդյոք մենք ուզո՞ւմ ենք ազատվել դրանից, թե՞ ոչ»։
Եվրոպական ձախերի խմբի խոսնակ Էտտորո Անտոնիա Լիչերին էլ վստահեցրեց՝ ՌԴ-ն խախտել է մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի հիմնարար նորմերը․ «Մենք գիտենք, որ զենքի վրա ծախսած յուրաքանչյուր եվրոն կխլվի առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության միջոցներից։ Եվ այս ամենը կառաջացնի բողոքի, զայրույթի, դժգոհության և հիասթափության դրսևորումներ մեր տարածաշրջաններում՝ այդպիսով սնուցելով ազգայնականության քաղցկեղը, որից սնվում է ռուսական մտածողությունը։ Մեր սոցիալական տնտեսությունները պատերազմի տնտեսությունների վերածելը կնշանակի ընկնել նախագահ Պուտինի թակարդը»։
Սոցիալիստների խմբի խոսնակ Պիեռո Ֆասինոն հայտարարեց․ «Պարզ է, թե որն է Վլադիմիր Պուտինի նպատակը՝ խոնարհեցնել Ուկրաինան և ստիպել նրան անվերապահ հանձնվել։ Եվ, հետևաբար, Վլադիմիր Պուտինը ձգտում է ռազմական հաղթանակի, և նրա արած ամեն ինչ այս ուղղությամբ է գնում։ Ահա թե ինչու մենք պետք է աջակցենք Ուկրաինային առանց «եթե»-ների և «բայց»-երի, աջակցենք ռուսական ընդդիմադիր ուժերին, ինչպիսիք մենք երեկ ողջունեցինք մեր Խորհրդում, և լիովին իրականացնենք Եվրոպայի խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունների ծրագիրն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ ընդդեմ Ռուսաստանի միջազգային տրիբունալի ստեղծումը և տուժածներին վնասների փոխհատուցման գրանցամատյանը»։
Նշենք, որ «Ռուսաստան․ նոր մարտահրավերներ եվրոպական ժողովրդավարության համար» զեկույցը միաձայն ընդունվեց Վեհաժողովի կողմից։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test