Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, իբրեւ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի ամենախոշոր ներդրող, անհանգստացնում է այն, որ Հայաստանում շահագործվող 8 հանքերը 2038 թվականին սպառվելու են, իսկ վերջին 10 տարիներին նոր պաշարներ չեն ներմուծվել։ Իր անհանգստությունները գործարարը բարձրաձայնեց այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ։ Դա նշանակում է, որ 2038 թվականին մենք կանգնելու ենք ոլորտը կորցնելու խնդրի առջեւ։
Ռոման Խուդոլին իր աշխատանքի 18 տարիների հեռավորությունից եւ կուտակած փորձից ելնելով նաեւ ասաց, որ այդ ընթացքում թե պետական կառույցները, թե ընկերությունների աշխատակազմերը լուրջ աշխատանք են տարել։
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը խոսել էր հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունից, որը դեռ ավարտական տեսքի չի հասել։ Փոխնախարարը մի բան հստակ գիտի՝ այն պետք է իրականացվի եւ ոչ միայն կառավարության ջանքերով։ Ոլորտի ընկերությունների աջակցությունը մեծ պետք է լինի։
Ոլորտի թվայնացման հարցն է արդիական համարում ՏԿԵ փոխնախարարը։ Այն ընթացքի մեջ է, 2027-ին ամբողջական թվայնացված ոլորտ կունենանք․ «Մենք չգիտենք՝ ինչպիսի՞ հարստություն ունենք»։ Կվերանայվի շահագործման թույլտվությունների տրամադրման «մեկ պատուհան» սկզբունքն էլ, որից դժգոհությունները շատ են։ Երկրաբանական ուսումնասիրությունների ոլորտը կարդիականացվի․ եւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնություններ կան։ Ներդրումային ոլորտն էլ կարդիականացվի, ներդրումներն ավելի կանխատեսելի կդառնան։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին խոսելով հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մասին, ասաց՝ ամենը շատ ճիշտ է, բայց դա մնալու է հայտարարագիր, եթե համատեղ աշխատանք չլինի։ Իսկ դրա համար ամենակարեւորը վստահությունն է եւ համատեղ աշխատանքում կարգապահությունը։ Երկրորդ խնդիրն էլ կա․ ոլորտում, ըստ նրա, ամեն ինչ կարելի է ուղղել՝ տեխնոլոգիաները, նոր եւ ավելի լավ մասնագետներ ներգրավվել, բարձրակարգ նյութերով համալրել աշխատանքը, բայց հանքօգտագործողների համար մեծ խնդիր են երկրաբանական հետազոտությունները։ Իր ղեկավարած ընկերությունը մեծ է, նման ռեսուրսներ ունի, դժվարությամբ, բայց կարողանում են այդ աշխատանքը կատարել։ Բանախոսը այս հարցում հատուկ է ընդգծում պետության աշխատանքը։
Ըստ նրա, ամենակարեւորը, ինչ ակնկալում են ներդրողները՝ կանխատեսելիությունն է․ կանոնները թող լինեն թեկուզ կոշտ, բայց հստակ։
Կարծում է, որ հանքարդյունաբերությունը տարբեր երկրներում ծավալուն աճ է գրանցել, մի բան, որը Հայաստանում վաղուց չի եղել։ Դա պետք է անել այսօր, այլապես մի քանի տարի հետո մենք կունենանք ոչ թե ոլորտ, այլ ընդամենն աշխատող մի քանի ընկերություններ, իսկ ապագան ոլորտինն է։
Նոր ձեւաչափերի կիրառումը կարեւորեց գործարարը, որոնք կան աշխարհում, իսկ մեր երկրները իր համոզմամբ, մնացել են հետխորհրդային կարծրատիպերի պատանդը։
Երկրաբանական ուսումնասիրությունների քանակն ու որակը ՏԿԵ փոխնախարարն էլ գոհացուցիչ չի համարում, բայց ասում է, իրենց առաջնահերթություններում է հարցը․ այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում ասաց։ Նա տեղեկացրեց, որ երկրաբանական ծառայություն է ստեղծվելու, ինչը մեծամասամբ կլուծի խնդիրները, այդ թվում նաեւ ներդրողների գրավման հարցերը։ Կառավարության համագործակցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ, վստահեցնում է՝ բարձր մակարդակի է։ Հավաստիացնում, որ կառավարությունը ինքն է նախաձեռնել ոլորտի արդիականացման գործընթացը ու դա առաջնահերթություն է։
«Լիդիան Արմենիա» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նախ գոհունակություն հայտնեց ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքից․ ասաց՝ դրա ուղիղ վկայությունը վարչապետի ներկայությունն էր ֆորումին։ Իր ղեկավարած ընկերության օրինակով նա խոսեց այն մասին, թե որքան կարեւոր է թափանցիկ գործելաոճը։ Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ֆինանսական հոսքեր ներգրավվել, այլ նաեւ վստահելի լինել ու ամուր գործընկերություն ունենալ։
Հայկ Ալոյանը առավել այժմէական խնդիրներն է կարեւոր համարում․ առաջարկում է ներկայումս ավելացնել մետաղների արդյունահանման ծավալները, քանի որ այսօր դրանց միջազգային գները բարձր են, դա հնարավորություն կտա ՀՀ տնտեսությունն արագ ոտքի կանգնեցնել։ Ասում է՝ հիմա բարդ է կանխատեսել, թե 2038 թվականին ի՞նչ գին կունենան մետաղները կամ որքա՞ն կլինի դրանց պահանջարկը։ Ուստի՝ ներկայիս հնարավորությունները հիմա պետք է ամբողջական օգտագործվեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test