Հայաստանի իշխանությունների ու նրանց սպասարկող քարոզչական հրետանու երեսպաշտությունը հերթական անգամ դրսևորվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սահմռկեցուցիչ սպանության առիթով: Դեպքից կարճ ժամանակ անց լայնորեն տարածվեց ակնհայտորեն մեկ կենտրոնից թելադրված ու համակարգվող քարոզչական պատում՝ վենդետայի, անձնական վրեժխնդրության վարկածի մասին:
Իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության, ՔՊ-ի առաջադրած խնդիրը պարզ էր՝ ամեն գնով բացառել ողբերգության քաղաքական համատեքստը և, ինչպես միշտ, այդ խնդրի լուծման համար միջոցների մեջ խտրություն չդրվեց. ՔՊ և իշխանամերձ քարոզչական բրիգադն անցավ գործի՝ սպանությունն իրականացնող կասկածյալին ներկայացնելով որպես ամիսներ առաջ եղբոր սպանությունից հետո վրեժի ծարավով տոգորված արդարության մարտիկի, ով հույսը կտրելով արդարադատության փտած համակարգից, իր ձեռքով լուծել է արյան վրեժը:
Այսինքն՝ եթե արդարադատության համակարգը լավ աշխատեր, պատժեր մեղավորներին, քաղաքացին վրեժ չէր ունենա ու մարդասպանություն չէր գործի: Մի պահ ենթադրենք, թե այս պատճառահետևանքային կապը ճիշտ է: Այդ դեպքում նույն պատճառահետևանքային կապը կիրառելի է նաև ու առավել ևս երկրի սահմաններից դուրս, թշնամիների կողմից հազարավոր հայերի դաժան սպանությունների պարագային:
Հենց այս հարցում է, որ իշխանության ու նրա քարոզչական բատրակների տրամաբանությունը «կախվում է»: 2020 թ. պատերազմում պարտությունից, հազարավոր զոհերից հետո հայ ժողովրդի՝ արժանապատվության նշույլ ունեցող բոլոր ներկայացուցիչները լցված են վրեժով, վենդետայի ցանկությամբ: Ոչ թե՝ որովհետև արյունարբու են, այլ այն պատճառով, որ Արցախի հանձնումը, հայաթափումն ու հազարավոր զոհերը տեղի են ունեցել արդարության ու արդարադատության բոլոր տեսակների բռնաբարությամբ, որ կատարվածը չի արժանացել արդարադատության որևէ համակարգի գնահատականին:
Փարաքարի դաժան սպանության ենթադրյալ իրականացնողին որպես «արդարության նվիրյալ» ու արժանապատիվ վրիժառու ներկայացնող իշխանությունը, սակայն, Ադրբեջանի հասցեին որևէ բացասական բառ ասողներին, արդարության մասին բարձրաձայնողներին որակում է՝ որպես «ռևանշիստ», «ռազմատենչ», «Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարող»՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն վրեժի զգացում ունենալ թշնամիների, հայերին մորթած ադրբեջանցիների նկատմամբ:
Խնդիրը, բնականաբար, վրեժի, վենդետայի արդարացումը չէ, ինչով գարշելի կերպով զբաղված է իշխանական քարոզչությունը: Ինչպես անձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում, գոնե ժամանակակից աշխարհում հարցերը պետք է լուծվեն ոչ թե կոնյունկտուրային, այլ իրական արդարադատությամբ:
Դրա բացակայությունը վաղ թե ուշ հանգեցնելու է վրեժի, հանրային առումով՝ համազգային վենդետայի, որը, նույն արդարադատության բացակայության պատճառով՝ ուղղվելու է ոչ միայն հանցագործների, մեր դեպքում՝ Ադրբեջանի, այլ նաև այսօր վերջինիս արդարացնող կեղծ խաղաղասերների դեմ:
Քաղաքական իմաստով անցանկալի ռևանշի բացառումը, ահա, ոչ թե ռևանշիզմի արհեստական լռեցումն է, կամ վրեժի մասին խոսողների բանտարկությունը, այլ այն պայմանների վերացումը, որոնք անխուսափելիորեն առաջացրել են վրեժ և մի օր հանգեցնելու են վենդետայի: Ոչ միայն երկրի սահմաններից դուրս:
Հարություն Ավետիսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test