Կոպենհագենում Փաշինյան– Ալիև հանդիպումը առաջընթաց չի գրանցի. Սուրենյանց
sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Կոպենհագենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանդիպումը շատ մեծ առաջընթաց չի գրանցի երկկողմ հարաբերություններում, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում երկու կողմերի հռետորաբանությունը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մեծ ցանկություն ունի հանդիպումը որպես բանակցություն ներկայացնելու, բայց հանդիպման անտուրաժից պարզ էր, որ դա զրույց էր մի բաժակ սուրճի շուրջ, այն էլ՝ վաղօրոք չպլանավորված։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միշտ էլ խոսելու բան ունեն, քանի դեռ խաղաղություն հաստատված չէ։ Չեմ էլ կարծում, որ էդ հանդիպումը շատ մեծ առաջընթաց է գրանցելու, հաշվի առնելով, թե նախորդող օրերին ինչպիսի հակադրություն կար առնվազն հրապարակային խոսույթի մակարդակում»,– ասաց Սուրենյանցը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, կրկին օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հաջորդ օրը նույն ամբիոնից ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետը անընդունելի էր համարել նման հռետորաբանությունը և Ալիևին կոչ արել բացատրել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով։
Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյան–Ալիև հռետորաբանությունը տերմինների շուրջ վեճ չէ, դա բովանդակային վեճ է Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերի շուրջ։
Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, քաղաքագետն ընդգծեց, որ ստանդարտ ձևակերպումներն այս դեպքում կարևոր չեն, բովանդակային առումով կարևոր է, թե որոնք են «Թրամփի ուղու» պարամետրերը, արդյոք հայկական կողմը պահպանում է իր իրավազորությունն ու ինքնիշխանությունը, եթե չի պահպանում, ի՞նչ մասով է օտարում իրավասությունները, և այդ ամենի մեջ Ադրբեջանը ի՞նչ դերակատարություն ունի։
Սուրենյանցը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի նախաստորագրումից անցել է գրեթե երկու ամիս, և հանրությունը դեռևս պատասխան չունի այս հարցերինին։ Չնայած Ադրբեջանը նույնպես ստորագրել է «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ հուշագիրը, սակայն դա Ալիևին չի խանգարել Նյու Յորքում այդ երթուղին դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս, որի դեմ երկչոտ առարկել է Նիկոլ Փաշինյանը։ Չնայած օգոստոսի 8–ից հետո Ադրբեջանի նախագահն արդեն 3-րդ դեպքն է, որ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց Միացյալ Նահանգների կողմից որևէ վերապահում կամ առարկություն չի եղել։