Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տապալված ծրագիր, և սոցիալական ձեռքբերման պերճանք ու թշվառություն 168.am 168.am

time
Տապալված ծրագիր, և սոցիալական ձեռքբերման պերճանք ու թշվառություն

Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառումով հայտնել է, որ Wizz Air ընկերությունը բազավորվում է Հայաստանում, ինչը նա համարել է կառավարության «սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում»:

Այստեղ շատ էական է ուշադրություն դարձնել ձևակերպմանը՝ «սոցիալական քաղաքականություն»: Սա հատկապես ուշադրության է արժանի նրանով, որ ընդամենը մոտ մեկ տարի առաջ հայտարարվեց Հայաստանում ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության ստեղծման ներդրումային ծրագրի ձախողման մասին: Ընդ որում, դա խորհրդարանի ամբիոնից խոստովանեց նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ավիափոխադրողի ստեղծման ներդրումային խոշոր ծրագիրը տապալած կառավարության ղեկավարը՝ Փաշինյանը, մոտ մեկ տարի անց «սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում» է հռչակում այն, որ օտարերկրյա բյուջետային ավիաընկերությունը բազավորվելու է Հայաստանում և Հայաստանի քաղաքացիների համար էժան թռիչքներ է իրականացնելու եվրոպական երկրներ: Ընդ որում, հարկ է նկատել մի շատ էական հանգամանք ևս՝ Հայաստանի քաղաքացիները նաև սուբսիդավորելու են այդ թռիչքները, յուրաքանչյուր ուղևորի հաշվարկով՝ մոտ 15 հազար դրամով:

Ամիսներ առաջ հենց կառավարությունն է ընդունել այդ որոշումը, յուրաքանչյուր ուղևորի չափով այդքան պետական սուբսիդիա նախատեսելով այն ավիաընկերությունների համար, որոնք նոր ուղղություն կբացեն Հայաստանից դեպի արտերկիր: Wizz Air-ը, որ բազավորվում է Գյումրիում և սկսում է թռիչքներ դեպի Կիպրոս, օգտվում է փաստացի կառավարության այդ սուբսիդիայից: Այլ կերպ ասած, օտարերկրյա ավիաընկերության հայաստանյան գործունեությունն առնվազն մասնակի ֆինանսավորում է Հայաստանի պետական բյուջեն, այսինքն՝ հարկատուները:

Իհարկե, շատ կարևոր է, որ Հայաստանից դեպի արտերկիր թռիչքները լինեն շատ և հնարավորինս մատչելի: Բայց այդ «սոցիալական գրավչության» ստվերում է մնում կառավարության տնտեսական քաղաքականության էֆեկտիվության հարցը: Իսկ այդ էֆեկտիվությունը չափվում է երկրի տնտեսության մեջ արտաքին ներդրումների հոսքով, հաջողված ներդրումային ծրագրերով, այլ ոչ թե մատչելի ավիաթռիչքներով, այն էլ՝ օտար ավիաընկերությունների, այն էլ պետական սուբսիդիայի պայմաններում:

Իսկ պետությանը որտեղի՞ց այդ սուբսիդիայի միջոցները: Հայաստանի տնտեսությունից: Իսկ Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ, աճող հնարավորություններ ունենալ, եթե աճեն օտարերկրյա ներդրումները և ոչ թե՝ սոցիալական թռիչքները:

Այստեղ է, որ տխուր խորհրդանշականություն ունի, երբ ազգային ավիափոխադրողի ստեղծման խոշոր ներդրումային ծրագիրը տապալած, այսինքն՝ տնտեսական քաղաքականության գործառույթ տապալած կառավարությունը փորձում է քաղաքացիներին «գրավել» սոցիալական քաղաքականության «ձեռքբերումներով»:

Այն դեպքում, երբ ցանկացած երկրի սոցիալական քաղաքականության հիմքում գերազանցապես այդ երկրի տնտեսությունն է՝ իր արտադրողականության, արդյունաբերականության բարձր աստիճանով, իր ներդրումային գրավչությամբ:

Այդ իմաստով, Հայաստանում կա, իհարկե, խնդրի մեկ այլ լուրջ բաղադրիչ: Տարիներ շարունակ Հայաստանի հանրությանը տնտեսաքաղաքական «էլիտաներն» օժտել են սոցիալական մտածողությամբ, երբ հանրությունը սոցիալական ակնկալիքներով չափելով «էլիտաների» գործունեությունը, բոլորովին չի մտածել, որ ցանկացած սոցիալական կարկանդակ ունի տնտեսական բարձր գին: Որպեսզի տնտեսությունը կարողանա վճարել այդ գինը, երկրին պետք են արտաքին ներդրումներ:

Բայց հանրային հոգեբանության ու մտածողության մեջ տնտեսական ներուժ ավելացնելու միտված ներդրումային ծրագիրը դիտարկվում է՝ որպես «գաղութարարություն», իսկ պետական բյուջեից օտարերկրյա ընկերությանը տրվող հարկատուների փողը՝ սոցիալական քաղաքականություն:

Մինչդեռ, երբ որևէ կառավարություն մատուցում է այդ սոցիալական կարկանդակները, հասարակությունը, քաղաքացին պետք է դրանց մատչելիությունից գլխապտույտ ունենալուց առաջ մտածի, թե ո՞րն է այդ ամենի տնտեսական գինը: Ո՞րն է, ինչպիսի՞ն է այն տնտեսությունը, առանց որի՝ ցանկացած սոցիալական կարկանդակ ունենալու է կարճաժամկետ համ և երկարաժամկետ դառը պտուղներ:

Ահա թե ինչու, օրինակ, Հայաստանի համար բազմակի ավելի կարևոր էր ազգային ավիափոխադրողի ստեղծման ներդրումային խոշոր ծրագրի հաջողությունը, այդ թվում՝ երկրի ներդրումային վարկանիշի ձևավորման տեսանկյունից, քան ավիաշուկայում պետական սուբսիդավորմամբ սոցիալական «ձեռքբերումները»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test