Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ է քննարկել Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Հայաստանի մասին 168.am 168.am

time
Ի՞նչ է քննարկել Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Հայաստանի մասին

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

Թուրքիայի ԱԽ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Թուրքիայի ԱԽ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: Հաղորդվում է՝ նիստը վարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Խորհուրդն ընդգծել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղու կարևորությունը, «որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»։ Թուրքիայի ԱԽ-ն կիրառել է «միջանցք» տերմինը:

Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողն էլ օրերս հայտարարել է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան: Bloomberg-ն էլ իր հերթին գրում է, որ Անկարայում այս որոշումը կայացրել են մի շրջանում, երբ ակտիվացել են ջանքերը հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Երևանն ու Անկարան նոր թափ են հաղորդել հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականություն դարձած խաղաղության համաձայնագրի վրա, որը կնքվել է Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև։

Վաշինգտոնյան գագաթնաժողովից որոշ ժամանակ անց Երևան այցելեց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Բանակցությունների արդյունքներով հայտարարվել էր նաև, որ կողմերը համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ սկսելու համար: Միաժամանակ, բանակցություններից հետո թուրքական կողմն ընդգծել էր, որ հարաբերությունները կկարգավորեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը: Անկարան ակնկալում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։ «Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծել էր Ֆիդանը վերջերս Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ վերջերս Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարեց՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված հարցերի շուրջ նա մշտական կարծիքների փոխանակման մեջ է Թուրքիայի արտաքին գործերի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի հետ:

Ելույթ ունենալով Նյու Յորքում Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովում` Թրամփի խորհրդականն ընդգծել էր՝ Թրամփի թիմի համար թուրք դիվանագետներն ու հետախուզությունն առանցքային դեր են խաղում տարածաշրջանային հարցերի քննարկման գործում: «Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարաքը երկու մարդ ունի, որոնք չափազանց կարևոր են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Նրանցից մեկն Իբրահիմ Քալընն է, մյուսը` արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Եթե ինձ մոտ խնդիր է առաջանում` լինի դա Ադրբեջանում, Հայաստանում, թե նույնիսկ Ուկրաինայում, այդ պարոնայք փորձագետներ են այդ բոլոր ոլորտներում»,- նշել է Ուիթքոֆը։

Նրա խոսքով` փոխգործակցությունն իրականացվում է անմիջապես Անկարայում ԱՄՆ դեսպանի միջոցով: «Զանգահարում եմ Թոմին և հարցնում. ի՞նչ կարծիք ունի Իբրահիմն այս հարցում։ Ահա թե ինչպես ենք մենք միասին աշխատում: Մենք հաջող որոշումների բազմաթիվ օրինակներ ունենք վարչակազմի ներսում նման փոխգործակցության շնորհիվ»:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է հետվաշինգտոնյան իրավիճակը Հարավային Կովկասում և դրանում Թուրքիայի հնարավոր դերակատարությունն ու շահերը: Ի դեպ, ըստ փորձագետի, հետվաշինգտոնյանը վերաբերում է թե՛ Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներին, թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ օրերս ԱՄՆ կատարած այցին, որտեղ վերջինս հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ըստ նրա, պաշտոնապես չհաղորդվեց, որ նախագահները քննարկել են Հարավային Կովկասը, թերևս նման ուղիղ քննարկումներ չեն եղել, սակայն Թուրքիան ու ԱՄՆ-ը ունեն փոխըմբռնում Հարավային Կովկասում ծավալվող գործընթացների վերաբերյալ:

«Այդ տեսանկյունից Սթիվ Ուիթքոֆի վերջին մեկնաբանությունը թուրք-ամերիկյան համագործակցության մասին չափազանց էական էր, դա ցուցիչ է, որ Թուրքիայի դիրքորոշումները, որոնք ադրբեջանամետ են, ինչ-որ իմաստով կողմնորոշիչ նշանակություն ունեն ԱՄՆ իշխանությունների համար: Այսինքն՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը կողմնորոշվում է, առաջնորդվում մեծապես թուրքական դիրքորոշումներով ու շահերով: Ուստի Թուրքիայի ԱԽ-ն բավականին լայն դաշտ ունի այս հարցով քննարկումների համար»,- նման կարծիք հայտնեց թուրքագետը:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ Թուրքիան մոտավոր ծրագիր ունի, թե երբ պետք է իրականացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերջնական քայլերը:

«Դա ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու ՀՀ-ում սպասվող ընտրություններից հետո, երբ պարզ լինի՝ արդյո՞ք ՀՀ-ում նախաձեռնվում են սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ միայն դրանից հետո կստորագրվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը, որից հետո միայն Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, բացելով նաև սահմանը»,- ասաց վերլուծաբանը:

Սակայն, նրա խոսքով, այս քննարկումներն առավելապես ուղղված են ռեգիոնում բացվելիք ճանապարհին, որից բոլոր կենտրոնները փորձում են իրենց օգուտը կորզել:

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ այս օրերին առավել ուշագրավ են այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են Հարավային Կովկասին հարևան մերձավորարևելյան տարածաշրջանում:

«Ամերիկյան վարչակազմը Գազայի ու ՀԱՄԱՍ-ի հարցով որոշակի ծրագրեր ունի, դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ում Պենտագոնը վերածվեց Պատերազմի նախարարության, որի ղեկավարը հայտարարեց, որ խաղաղության համար հարկավոր է պատրաստվել պատերազմի, նա կրկնեց «խաղաղություն՝ ուժի միջոցով» կարգախոսը, որն, ըստ իս, միջազգային հարաբերություններում նոր հանգրվանի մասին է խոսում: Այս ամենի առնչությամբ անհանգստություններ են նկատվում Իրանում: Իրանը սկսել է խորհրդակցություններ Ռուսաստանի հետ, որից կարելի է ենթադրել, որ Իրանն ԱՄՆ մերձավորարևելյան ծրագրերի մասին որոշակի տեղեկություններ ունի: Ընդհանուր առմամբ, տպավորություն կա, որ իրավիճակը գնում է լարման, ինչը մարտահրավեր է նաև Հարավային Կովկասի համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նրա խոսքով, լարումը հարևանությամբ մարտահրավեր է նաև հարավկովկասյան ռեգիոնի համար, քանի որ չկա նույնիսկ հաստատված խաղաղություն համաձայնագրով:

«Ակնհայտորեն, աշխարհաքաղաքական խաղադրույք է կատարվում վաշինգտոնյան պայմանավորվածությունների վրա, սակայն դժվար է հստակ ասել՝ արդյո՞ք դրանք իսկապես կդառնան կայուն պայմանավորվածություններ, ապահովելով իրական խաղաղություն: Հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում պայմանավորվածությունը գործում է այնքան ժամանակ, որքան հաջողվում է խուսափել տարաձայնություններից: Սակայն «միջանցք» տերմինի շուրջ տարաձայնությունները կրկին ջրի երես են դուրս եկել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test