Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա, պատասխանելով եվրախորհրդարանականների հարցերին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ հայ փախստականների վերադարձն իրատեսական չէ․
«Կարեւոր եմ համարում մարդկանց ազնիվ ասել այդ մասին, որովհետեւ մարդիկ պետք է իրենց ծրագրերն ու հեռանկարները կառուցեն։ Ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր՝ խաղաղության գործընթացի համար, որովհետեւ կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է պարզ հումանիտար հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատեւ կոնֆլիկտի»։
Նրա այս ձեւակերպումը, բնական է՝ բուռն հիստերիա է առաջացրել Ադրբեջանում` ապացուցելով, որ անգամ արված զիջումներով Ադրբեջանը չի բավարարվելու` անընդհատ ավելին է ուզելու: Իշխանամերձ կայքերը գրում են, թե այս հայտարարության մեջ Փաշինյանը երեք անգամ ստել է, բայց դա նախընտրական հնարք է՝ իշխանությունը 2026-ի ընտրություններում պահպանելու նկատառումով:
«Նախ, Փաշինյանը բացահայտորեն կեղծեց՝ ղարաբաղցի հայերին փախստականի կարգավիճակ շնորհելով։ Չնայած նա, ինչպես ոչ այլ ոք, լավ գիտի, որ հայերի արտագաղթը Ղարաբաղի շրջանից կամավոր էր, ինչի մասին վկայում են բազմաթիվ լուսանկարներն ու տեսանյութերը։ Երկրորդ․ Փաշինյանը շարունակում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, չնայած այն հանգամանքին, որ այս կազմավորումը մի քանի տարի է՝ դադարել է գոյություն ունենալ թե՛ իրավական, թե՛ փաստացի։ Ներկայում գոյություն ունի միայն մեկ տարածքային կազմավորում՝ Ղարաբաղի տնտեսական շրջանը։ 2020 թվականից եւ հատկապես 2023 թվականի աշնանից հետո ինքնահռչակ ԼՂՀ-ն պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։ Նույնիսկ Հայաստանում սա ճանաչվում է որպես իրավական փաստ, որն ամրագրված է միջազգային համաձայնագրերում։ Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակում է «Լեռնային Ղարաբաղին» դիմել այնպես, կարծես այն դեռ գոյություն ունի։ Համաձայնեք, որ նման ձեւակերպումը մոլորեցնում է միջազգային լսարանին, պահպանում է տարածքային ինքնիշխանության շարունակականության պատրանքը եւ սնուցում է տարածքային վեճը վերակենդանացնելու փորձ անողներին։ Երրորդ հիմնական աղավաղումը վերաբերում է հակամարտության պատճառներին։ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ճգնաժամը «սկզբում մարդասիրական» էր։ Սա ժամանակագրության ակնհայտ շրջադարձ է։ Հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ այն ժամանակվա ԼՂԻՄ-ի հայ մեծամասնությունը քաղաքական պահանջ ներկայացրեց՝ անջատվել Ադրբեջանի ԽՍՀ-ից եւ միանալ Հայկական ԽՍՀ-ին։ Սա հստակ տարածքային պահանջ էր, որը ճգնաժամ առաջացրեց այն ժամանակվա միասնական խորհրդային պետության ներսում։ Եվ միայն ավելի ուշ, այս քաղաքական քայլից հետո սկսվեցին մարդասիրական հետեւանքները՝ բռնություն, տեղահանություն եւ ավերածություններ»,- գրել է իշխանական քարոզչակայքերից «Մինվալ»-ը:
Ըստ ադրբեջանական պարբերականի, Փաշինյանի այս բոլոր ձեւակերպումները «պարզապես հռետորական թերություններ չեն, դրանք Փաշինյանի ռազմավարական գծի մասն են կազմում, եւ «Հայաստանի վարչապետի եռակի սուտը հասկանալի է»։ «Փաստն այն է, որ վերջին տարիներին նա մի շարք որոշումներ է կայացրել, որոնք ցավոտ եւ նույնիսկ ցնցող են հայ հասարակության եւ նրա գաղափարախոսական աշխարհայացքի համար։ Դրանց թվում են Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում մերձեցումը, Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ստորագրված խաղաղության հռչակագիրը եւ «Թրամփի ճանապարհի» իրականացման համաձայնագիրը։ Կար նաեւ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմանիշից հեռացնելու որոշում»։
«Բնականաբար, այս բոլոր գործողություններն անմիջական ազդեցություն են ունեցել Փաշինյանի քաղաքական վարկանիշի վրա։ Շատ քաղաքացիների աչքում նա հանդես է եկել որպես առաջնորդ, որը դեմ է ազգային կոնսենսուսին, դեմ է այն առասպելներին, իդեալներին եւ խորհրդանիշներին, որոնց վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է հայկական քաղաքական գիտակցությունը։ Հետեւաբար, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, վարչապետը չի կարող թույլ տալ արմատական քննադատության եւս մեկ փուլ։ Նա չի ցանկանում Հայաստանի ռեւանշիստական ուժերին մոբիլիզացիայի եւս մեկ պատրվակ տալ։ Տրամաբանությունը պարզ է. ավելի լավ է ժամանակավորապես ստել ԵԽԽՎ ամբիոնից, քան կորցնել իշխանությունը»,- եզրափակում է «Մինվալ»-ը։
Փաստ է, որ ալիեւյան ռեժիմի խոսափող պարբերականը ոչ թե երեք անգամ, այլեւ քանիցս նենգափոխում է Արցախի ազատագրական պայքարի, արցախցիների ճակատագրի ու նրանց հանդեպ Բաքվի բարբարոսությունների նախապատմությունն ու մանիպուլացնում փաստերը: Բայց մեկ բանում, թերեւս, ադրբեջանական քարոզչակայքն իրավացի է: Ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց խոսել Արցախի հարցի, արցախահայության ճակատագրի մասին, այն դեպքում, երբ նրա ու նրա իշխանախմբի համար մեր կորսված եզերքի, մեր տարագիր ու տառապած հայրենակիցների հարցերը «փակված են», երբ շարունակվում են քաղաքական հետապնդումները Արցախի նախկին պաշտոնյաների դեմ, երբ արցախցիների խնդիրները դիտարկվում են բացառապես սոցիալ-կենցաղային հարթության մեջ: Եվ միայն ընտրությունների նախաշեմին, օրինակ, Վաղարշապատում նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ է ՔՊ-ական թեկնածուն հիշում արցախցիների մասին եւ հանդիպման հրավիրում նրանց: Այո՛, Փաշինյանն ու նրան սերտաճած ուսապարկերը նախընտրական «դերի» մեջ են ու հերթական անգամ խաղում են մեր ու մեր արցախցի հայրենակիցների զգացմունքների, արժանապատվության ու խոցելիության հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test