Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ Քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանին
Սա ի՞նչ է, եթե ոչ ծածկադմփոց, փնթի վերաբերմունք, անգործություն ու անհարգալից վերաբերմունք տուժողի նկատմամբ. Քաղաքացին հայցել է պետության աջակցությունը՝ իր նկատմամբ հանցագործություն կատարած անձին պատժելու ակնկալիքով:
Դեռեւս 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով Ձեզ ենք ներկայացրել ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող, Ն. Գ.-ի դիմումը եւ վերջինիս մայրիկի՝ Վ. Հ.-ին հարցման ենթարկելու մասին գրությունը՝ խնդրելով Ձեր իրավասության շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր՝ պարզելու վերը նշված հանգամանքները, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ՀՀ քրեական դատավարության օենսգրքով սահմանված կարգով հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ։
Միաժամանակ հայտնել ենք, որ քրեական վարույթ նախաձեռնվելու դեպքում պատրաստ ենք աջակցել ու օժանդակել վարույթն իրականացնող մարմնին՝ ենթադրյալ հանցագործության ամբողջական բացահայտման նպատակով՝ ներկայացնելով առավել մանրամասն տեղեկություններ վերը նշված հանգամանքների վերաբերյալ։
Վերը նշված հաղորդման հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում 2024թ. դեկտեմբերի 4-ին կազմվել է թիվ N համարի արձանագրությունը՝ «Քրեական վարույթ նախաձեռնելու մասին», իսկ իմ վստահորդ Ն. Գ.-ը ճանաչվել է տուժող։
Ս.թ. փետրվարի 3-ին իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության պետին՝ խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել վերը նշված քրեական վարույթը նախաքննություն իրականացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչություն փոխանցելու համար։
Ս.թ. մայիսի 13-ին իմ վստահորդ Ն. Գ.-ն, ով վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող, մայրիկի եւ դստեր հետ միասին Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն եւ հանգամանալից ցուցմունք տվել իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ։
Այդ նույն ժամանակ խնդրել ենք վարույթն իրականացնող մարմնին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ՀՀ քրեական դատավարության օենսգրքով սահմանված կարգով հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ։
Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ որեւէ տեսանելի ու արդյունավետ քայլ չի կատարվում, ս.թ. հունիսի 30-ին իմ կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Արագածոտնի մարզի դատախազին՝ հայտնելով վերը նշվածը։
Նույն դիմումով հայտնվել է, որ տուժող կողմի համոզմամբ, ներկայացված հաղորդմամբ, ինչպես նաեւ տրված ցուցմունքները եւ գործում եղած ապացույցները բավարար են հանգելու հետեւության, որ առերեւույթ առկա են քրեական օրենքով արգելված արարքների կատարում, ինչը ենթադրում է քրեական հետապնդման հարուցում ու կոնկրետ անձի կամ անձանց մեղադրանքների առաջադրում։
Թեեւ վերը նշվածին, մինչ օրս քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում առկա չէ։
Նկատի ունենալով վերը նշվածը՝ խնդրել ենք ձեռնարկել գործուն քայլեր՝ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու, մեղավոր անձի կամ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար։
Վերը նշված ժամանակահատվածում բազմաթիվ անգամներ հեռախոսով խնդրել եմ վարույթն իրականացնող մարմնին՝ ձեռնարկել հնարավորինս արդյունավետ քայլեր՝ վարույթի հետագա ընթացքը լուծելու համար։
Հանդիպել եմ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության նախկին ու ներկա պետերին, ինչպես նաեւ Ապարանի քննչական բաժնի պետին ու քննիչին, ում վարույթում ներկայումս քննվում է նշված գործը։
Ինձ հայտնվել է, որ նշված վարույթն ուղարկվել է եւ դարձյալ ուղարկվելու է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթի քննչական ենթակայության հարցը եւ տարածքային ընդդատության խնդիրը հստակեցնելու համար, թե, ի վերջո, ո՞ր նախաքննական մարմինը պետք է իրականացնի սույն վարույթով նախաքննությունը։
Ստացվում է, որ գրեթե 10 ամիս է, իրավասու մարմինները չեն կարողանում պարզել, թե վերը նշված վարույթով ո՞ր նախաքննական մարմինը պետք է իրականացնի նախաքննություն։
Հարգելի՛ տիկին Վարդապետյան, հարգելի պարոն Պողոսյան:
Սույն վարույթով տուժող կողմը հայտնում է իր բողոքն ու վրդովմունքը, որ իրավասու մարմիններն ամիսներ շարունակ դրսեւորում են բացարձակ անգործություն, որի հետեւանքով հնարավոր հանցագործը կամ հանցագործները մնացել են անպատիժ, որով եւ խարխլվում է ՀՀ քաղաքացիների հավատն ու վստահությունը՝ Հայաստանի Հանրապետության, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի նկատմամբ։
Շուրջ մեկ տարի է, Ձեր ղեկավարած կառույցները չեն կարողանում պարզել, թե արդյո՞ք կան բավարար հիմքեր՝ տվյալ վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցելու, թե՞ ոչ։
Սա ի՞նչ է, եթե ոչ ծածկադմփոց, փնթի վերաբերմունք, անգործություն ու անհարգալից վերաբերմունք ՀՀ տուժած քաղաքացու նկատմամբ, ով հայցել է պետության աջակցությունը՝ իր նկատմամբ հանցագործություն կատարած անձին պատժելու ակնկալիքով։
Սա իսկապես տարակուսելի է։ Անպատասխանատու վերաբերմունքը սեփական աշխատանքի ու զբաղեցրած դիրքի նկատմամբ էլ պետք է չափ ու սահման ունենա։
Տուժող կողմը պահանջում է Ձեզանից՝ Ձեր իրավասության շրջանակներում հնարավորինս արագ պարզել, թե ինչու՞ 10 ամիս շարունակ իրավասու մարմինները չեն ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սույն վարույթի շրջանակներում կոնկրետ, որոշակի ու չափելի արդյունքներ արձանագրելու, համապատասխան իրավական ընթացակարգերին համահունչ՝ իրավական գնահատական տալու համար, բացի այդ, պահանջում ենք պատժել բոլոր թերացողներին ու հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նշված վարույթի շրջանակներում համապատասխան հիմքերի առկայության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու մեղավոր անձանց նկատմամբ։
Ձեր կողմից կայացված որոշման մասին խնդրում ենք հայտնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ 01.10.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test