Այն, ինչ շատերը, անգամ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ շատ իրատեսական են համարում՝ Արցախի հարցի բարձրացումը միջազգային ատյաններում եւ արցախցիների վերադարձն իրենց բնօրրան, Հայաստանի վարչապետն իրատեսական չի համարում: Արցախցիների՝ հայրենիք վերադարձը Փաշինյանը համարում է ոչ իրատեսական եւ վտանգավոր: Երեկ ԵԽԽՎ-ում եվրոպացի պատվիրակ Պետրա Օնիքսի հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղի փախստականների հարցն արծարծվել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Ղարաբաղի փախստականները պետք է տնավորվեն Հայաստանում, մենք արդեն նրանց տներով ապահովելու ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացիությամբ»:
Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը, որը դեռ երկու տարի առաջ հայտարարում էր, որ հայերն իրավունք ունեն վերադառնալու եւ ապրելու Ղարաբաղում` որպես Ադրբեջանի քաղաքացիներ, եւ որ նրանց մշակութային եւ կրոնական օջախները պահպանվելու են, այսօր արդեն խուսափում է հայ փախստականների վերադարձի մասին խոսել: Փոխարենը նա «Մեծ վերադարձի» ծրագիր է իրագործում, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցումը 30 տարի առաջ այնտեղից հեռացած ադրբեջանցիներով: Նրանց Իլհամ Ալիեւն անվանում է նախկին փախստականներ:
Նա եղել էր Ֆիզուլիում, Զանգելանում, Շուշիում, հանդիպել էր «Մեծ վերադարձի» շահառուներին: Ֆիզուլիում մարդիկ պատմել էին, որ չկա հիվանդանոց, դեղատուն, որ իրենց անվճար բնակարաններ են տալիս, որ այդտեղ ապրեն եւ գործարան կառուցեն, բայց աշխատանք չկա, եւ շատերը ստիպված են ընտանիքներին թողնել 325 կիլոմետր հեռու` Բաքվում: Փաստորեն, Ֆիզուլին մեծ խոպան է, բայց առանց աշխատանքի: Ռուս լրագրողը զրուցել էր նաեւ 90-ականներին Ղարաբաղից հեռացածների հետ: Աղդամից մի կին պատմել էր, որ իր որդին երբեք չի տեսել Աղդամը եւ չի ցանկանում այնտեղ վերադառնալ: «Եթե ինձ չտան փոխհատուցում, ես ուղղակի կայրեմ իմ տունը»,- ասել էր կինը:
Ի հակակշիռ դրա, Բաքվի աղբյուրները հայտնում են, որ վերաբնակեցման ծրագիրն ակտիվորեն իրականացվում է, շենքեր են կառուցվում, ճանապարհներ, «Խանքենդի» օդանավակայանը: Ադրբեջանի փախստականների գործերի կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ շուտով սկսվելու է Խանքենդիի վերաբնակեցումը, եւ հանդիպումներ է կազմակերպել «նախկին փախստականների» հետ, քննարկել է աշխատանքի եւ կյանքի առաջարկվող պայմանները: Բայց Արցախում, ադրբեջանական բնակչություն, որպես այդպիսին, չկա: Ըստ ադրբեջանական աղբյուրների, Արցախի մայրաքաղաքում այժմ փոքրաթիվ բնակչություն կա: Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովն ապրիլին հայտարարել էր, որ մշակվում է Խանքենդիի նոր գենպլանը, որ մինչեւ տարեվերջ 3 հազար մարդ այնտեղ կապահովվի աշխատանքով:
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ուշադիր հետեւում է Արցախի վերաբերյալ լուրերին: Ասում է՝ փաստ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են բնակեցնել Արցախը, բայց դա իրենց չի հաջողվում: «Հիմա Ստեփանակերտը քանդում են, բոլոր այն շենքերը, որոնք կառուցվել են պատերազմից հետո, քանդում են: Օրինակ, տարօրինակ տրամաբանությամբ՝ քանդել են Սարոյան փողոցի հրաշալի պրոյեկտներով շենքերը, որոնք ոչ մի խնդիր չունեին»: Փաշինյանի ելույթը երեկ ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նա համարում է երկու անձի՝ Ալիեւի եւ Փաշինյանի պայմանավորվածության արդյունք` վերադարձի հարցը թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական բոլոր հարթակներում փակելու: «Սա տեւելու է այնքան, որքան Նիկոլն իշխանության է, եւ օգտագործելով Նիկոլի այս պատրաստակամությունը, Ադրբեջանը շտապում է Ղարաբաղում վերացնել հայկական հետքը, վերացնելով նաեւ պատմական, մշակութային, ոչ նյութական արժեքները ԱՀ ողջ տարածքով: Մենք ամեն օր ականատես ենք լինում տարբեր վայրերում, գյուղերում 6, 7, 9, 11, 12-րդ դարերի եկեղեցիների հիմնահատակ ավերման»:
Մետաքսե Հակոբյանը պատմում է ադրբեջանական շոուների մասին, որ Ադրբեջանի բնակիչների համար տուրիստական տուրեր են կազմակերպում դեպի Արցախ, բլոգերները նկարում ու ցույց են տալիս ուսանողների, որոնք գնում են այնտեղ բնակվելու, խարույկներ են վառում, ուրախանում, իսկ մեկ այլ բլոգեր այդ նույն վայրում նկարահանում է անում, ցույց է տալիս, որ այդ նույն վայրում ավերակներ են: «Այսինքն՝ եկել է մի քանի հարյուր մարդ, միջոցառում են արել ու գնացել, ոչ ոք այնտեղ չի ապրում: Իրենք այնտեղ ունեն, օրինակ, Ստեփանակերտում աշխատողների խմբեր, որոնք նաեւ ընտանիքի հետ են ապրում, որոնց ինչ-որ ֆեյք աշխատատեղերով են ապահովել, իբր: Ստեփանակերտի լավագույն ռեստորանները պահպանել են նույնությամբ, բայց ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական ռեստորաններ են, նույնիսկ դեկորում փոփոխություն չկա, ուղղակի ադրբեջանական ցուցանակներ են: Այս հոգեբանական տեռորը ադրբեջանցիներն իրականացնում են համատեղ Նիկոլի հետ: Կան անուղեղ օգտատերեր, որոնք տարածում են այդ բլոգերների նյութերը: Բնական է, քոչվորները մտնում են տները, ավիրում են, կոտորում են, ու մեծ ցավ է մարդու համար՝ տեսնել դա: Սա հոգեբանական տեռոր է, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների հետ համատեղ»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ինքը չի էլ թաքցնում, որ սա իր՝ որպես անձի, կարծիքն է: Նա լավ հասկանում է, որ ԵԽԽՎ-ում չի կարողանալու իր կարծիքը ներկայացնել որպես միջազգային գործընթաց, որովհետեւ մենք էլ ենք ելույթ ունենում այդ նույն ատյաններում, ու կան մարդիկ, որոնք մեզ պատրաստակամություն են հայտնել՝ միջազգային ատյաններում աջակցելու վերադարձի գործընթացին, որը Նիկոլ Փաշինյանը փակում է: Իրեն հարցնում են վերադարձի գործընթացի մասին, նա ասում է, որ չկա ոչ մի գործընթաց: Այդ դիտարկումն ունեն միայն Ալիեւը եւ Նիկոլը»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test