Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում զարմացրել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հարցը արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին: Նա հայտարարել է, որ իրատեսական չի համարում արցախահայերի վերադարձն Արցախ ու համոզված է, որ դա կխանգարի Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին: Նաեւ հայտարարել է, որ արցախահայերը պետք է մտածեն Հայաստանում «տնավորվելու» մասին: «Հրապարակը» Փաշինյանի հայտարարությունների մասին զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր, արցախցի Անաստաս Իսրայելյանի հետ:
- Փաշինյանը հայտարարեց, որ արցախահայերի վերադարձը Արցախ կխանգարի «խաղաղության» օրակարգին:
- Այդ մարդն Արցախի մասին ընդհանրապես չպետք է խոսի, ինքն իրավունք չունի Արցախի, Արցախի ժողովրդի մասին խոսել: Ինքը դավաճանությամբ, պետական մակարդակով իրականացրել է այդ դավաճանությունը՝ սուրբ Արցախը հանձնել է: Հիմա այդ մարդն աշխարհի տարբեր հարթակներում արձագանքում է արցախցիների անունից, ի՞նչ իրավունք ունի արցախցիների անունից խոսել, արցախցիների հետվերադարձի կամ հայկական Արցախի մասին խոսել: Դու չես կարողացել Արցախը պահել, չես կարողացել արցախահայերի իրավունքներն ամրապնդել, դու չես կարողացել Արցախի հայկական լինելու, արցախահայերի անվտանգության երաշխավորի քո կարգավիճակն իրագործել: Այսօր այդ մարդը ելել՝ արցախցիների անունից խոսում է: Մենք կարող ենք միայն մի բան անել, որ այդ մարդը հրաժարական տա, որ մենք կարողանանք Արցախի, արցախահայերի հետվերադարձի հարցը նորից գեներացնենք, իրականություն դարձնենք:
- Բացի այդ, ասել է, որ արցախցիները տնավորվեն Հայաստանում: Ներքին կարգով, այս իշխանություններն ի՞նչ են անում, որ արցախցիները «տնավորվեն» Հայաստանում:
- Բոլոր արցախցիների անունից եմ ասում ու վստահ եմ ասում` իր ամեն մի բառը, միտքը մենք որպես անեծք ենք ընդունում, այդ մարդը մեր գլխին մի ցավ է բերել, որի պատճառով մինչեւ օրս տառապում ենք մեր ցավից: Երկու տարի է՝ այդ նույն արցախցիներն այստեղ են գտնվում, երկու տարի պետության կողմից ի՞նչ է արվել, որ արցախցիների արտագաղթ չլինի: 20 հազարից ավելի արցախցի է արդեն երկու տարվա մեջ արտագաղթել: Այն մարդիկ, ովքեր չգիտեն արցախցիների կարգավիճակի, իրավիճակի մասին մայր Հայաստանում՝ իրենց համար է ասում: Իրականում խայտառակ իրավիճակում է ժողովուրդը, մարդիկ ոչ միայն աշխատանքի, ոչ միայն բնակարանային հարցերի հետ խնդիր ունեն, մարդկանց հոգեբանության վրա է ազդում: Չի կարելի ամեն անգամ այդ տառապած ժողովրդին ծաղրել, նվաստացնել այդ խոսքերով: Մոտակա ժամանակներս մենք նորից պիտի համախմբվենք, արձագանքենք, ակցիայի ձեւով կլինի, դեռ չգիտեմ:
- Մտավախություն չունե՞ք, որ նման արտահայտության համար Ձեզ էլ կհետապնդեն, չէ՞ որ հիմա մարդկանց դեմ քրեական վարույթներ են հարուցում՝ պարզապես իրենց ոչ հաճելի բովանդակությամբ խոսքի համար:
- Բայց ես ի՞նչ եմ ասում, ես իմ իրավունքների մասին եմ խոսում, ախր ես ի՞նչ կորցնելու բան ունեմ․ եղբայրս՝ գերության մեջ, տեղս-տունս՝ կորցրած, հարազատներիս գերեզմանները՝ Արցախում, իմ սուրբ Արցախից զրկված, տասնութ տարեկան էրեխեք են գնացել, իրենց զոհաբերել հանուն Արցախի՝ այդ հողը պահելու համար, ես այսօր խոսելու համար պիտի վախենա՞մ: Եթե ինձ հետ ինչ-որ բան պիտի կատարվի կամ կատարվի էլ, ես ոչ մի բան, թող նման բանի համար կատարվի՝ ես իմ արժանապատվության համար եմ պայքարում: Չեմ կարող հանդուրժել նմանատիպ ցինիկ, նվաստացուցիչ, խայտառակ հայտարարությունները սեփական ժողովրդի նկատմամբ, մենք չպետք է դա թույլ տանք:
- Արցախահայերի խնդիրներին լուծում տալու համար միջազգային հանրությունից նաեւ ֆինանսական աջակցություն էր մուրում:
- Դա էլ են լափում, «Արցախ» անունն ամենուր օգտագործում են կա՛մ իրենց քաղաքական նպատակների համար, կա՛մ էլ դրա միջոցով փող են ներգրավում, որոնք այդպես էլ արցախցիներին չեն հասնում. մինչեւ այդ էլ տարբեր միջազգային կազմակերպություններից ու պետություններից արցախցիների համար նախատեսված միջոցներ են տրամադրվել, բայց մինչ օրս էլ տեղյակ չենք: Մեզ ձեւական ինչ-որ բաներ են ներկայացրել, բայց այդ ամենը սուտ է: Արցախցու էական կարգավիճակի, ապրելակերպի վրա ոչ մի ձեւ դա չի ազդել՝ ոնց եղել են ծանր իրավիճակում, նույն ծանր իրավիճակում էլ գտնվում են: Իրենց իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները՝ արցախցիների գոնե մինիմումն ապահովելու, ապրելու համար հնարավորություններ ապահովելու, բայց դա էլ չեն անում: Ունեն հնարավորություն, բայց չեն անում, որովհետեւ իրենք գիտակցաբար արցախահայությանն ատում են, չեն սիրում: Իրենց պահվածքով են դա ցույց տալիս, իրենց շրջապատի ներկայացուցիչ, ղեկավար կամ ՔՊ-ականներն իրենց բառերի մեջ շեշտադրում են: Իրենց պահվածքով ամեն կերպ ցույց են տալիս արցախահայերի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Հո կրակը չընկա՞նք նրանց ձեռքը` անտուն-անհայրենիք մնաց այս ժողովուրդը, ցեղասպանությունից փրկվեցին, զոհաբերեցին իրենց բոլոր սրբությունները, սկսած հարազատ մարդկանցից, վերջացրած իրենց սուրբ հողով, բնօրրանով, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից: Չգիտե՞ք, որ դա կուտակվելով, կուտակվելով՝ մի օր պայթելու է: Թող ոչ ոքի մտքով չանցնի, որ արցախցին միշտ այսպես լռելու է, սա մի օր պայթելու է, մի օր պայթելու ենք, միեւնույն է, մենք մեր արժանապատվության համար պայքարելու ենք: Արցախը վերցրել՝ շան փայ են դարձրել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test