Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինֆանտիլ հանրապետություն 168.am 168.am

time
Ինֆանտիլ հանրապետություն

Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրների բարդացմանը հակադարձ համեմատական կարգով իշխանությունը պրիմիտիվացնում է պետության համար կենսական հասկացությունները:

Նիկոլ Փաշինյանի ամեն մի հրապարակային հայտնություն դառնում է պրիմիտիվիզմի հերթական թռիչքի/վայրէջքի դեբյուտ: «Խաղաղությունը նորածին երեխա է, որին ամեն օր պետք է խնամել, կարող է հիվանդանալ…», «մեր պատմության ընթացքում բազմիցս եղել են իրավիճակներ, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում, մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարո՞ղ է դա դրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք»… «Մենք պետք է մեր պետական հիգիենայի մասին մտածենք…»: Նրա խոսքերն են:

Միայն վերջին մի քանի օրերին հնչած այս մտքերը վերաբերում են երկրի համար լինելիության նշանակություն ունեցող հարցերին: Թշնամական պետության հետ խաղաղությունը, որը կարող է ապահովվել միայն ռազմական ու դիվանագիտական հավասարակշռության միջոցով, ներկայացվում է՝ որպես «հիվանդացող-առողջացող երեխա», մի քանի հազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը՝ որպես «մայրուղու երթեկելի հատվածով անցնելու» հետևանք, իսկ պետական հիգիենայի մասին դատարկաբանությունն ուղղակի պետությունը մաքուր-փնթի հարթություն իջեցնելու գռեհիկ փորձ է:

Վճարովի թամադայի էժանագին սրամտությունների մակարդակի այս համեմատությունները վերաբերում են մի երկրի ու ժողովրդի, որն ընդամենը հինգ տարի առաջ ապրել է իր պատմության ամենաողբերգական էջը, ընդամենը երկու տարի առաջ կորցրել է երեքհազարամյա Արցախն ու 5000 հայորդիների…

Փաշինյանի արածը, սակայն, սովորական անտակտություն կամ գռեհկաբանություն չէ, այլ հաշվարկված քաղաքականություն՝ ուղղված իր էլեկտորատի վերջին մնացուկներին: Հասկացությունների պարզունակացումը ցանկացած պոպուլիստի ամենահզոր գործիքն է:

Դրա պատճառը ոչ միայն պոպուլիստի սեփական մակերեսայնությունն է, ինտելեկտուալ խորության հարթությունը, այլ թիրախային լսարանի ընտրությունը:

Փաշինյանի սոցիալական բազան իր նման մակերեսային դատողություններ ունեցող հատվածն է, և նա ոչ միայն չի փորձում նրանց մակարդակը բարձրացնել և իր խոսքն ուղղել նաև որոշակի ինտելեկտուալ կարողություններ ունեցողներին, այլ ինքն է իջնում ավելի ներքև՝ միաձուլվելու «տոլմա փաթաթող սնուցող մայրերին», պետության հիգիենայի հոգսը դնելով անգամ սեփական հիգիենայի մասին չհոգացողների ուսերին:

2021թ. ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «էլիտայի դեմ պատերազմի» մասին և իր կարծիքով՝ հաղթել է այդ պատերազմում՝ Հայաստանը վերածելով պարզունակ, իր իսկ եզրաբանությամբ՝ հակահիգիենիկ, մայրուղու երթևեկելի հատվածում գտնվող պետության, որում որոշումները կայացվում են մոտավորապես նորածին ու հիվանդ երեխայի ինտելեկտի մակարդակով, այսինքն՝ առանց ինտելեկտի:

Հայաստանի ինֆանտիլ հանրապետության ստեղծման գործընթացն առայժմ ընթանում է անարգել, քանի որ դրա դեմ պայքարում են բովանդակությամբ գրեթե նույնքան պրիմիտիվ և միայն ձևականորեն էլիտար մեթոդներով, որը ոչ թե քաղաքական մտքի ու ինտելեկտի էլիտարիզմ է, այլ քաղաքական վերնախավային սալոններին պատկանելու քաղքենիություն:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test