Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

100 հայի ղեկավարելուց հետո այլևս ոչ մի բանից չեմ վախենում. Գերգիևը՝ Երևանում ապրելու մասին sputnik sputnik

time
100 հայի ղեկավարելուց հետո այլևս ոչ մի բանից չեմ վախենում. Գերգիևը՝ Երևանում ապրելու մասին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի ստեղծագործական կյանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ, քանի որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա կարիերայում եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է նշանակվել։ Նա այդ մասին պատմեց լրագրողներին։
Երաժիշտը Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Երևան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգներին մասնակցելու նպատակով: Գերգիևը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը վերադառնում է շուրջ 40 տարվա դադարից հետո։
Գերգիևը ընդամենը 27-28 տարեկան էր, երբ նրան առաջարկեցին ղեկավարել ՀԽՍՀ պետական նվագախումբը։ Սա նրա առաջին խոշոր մասնագիտական փորձն էր, որն առանցքային դեր խաղաց հետագա կարիերայում։
«Երբ ես հեռանում էի նվագախմբից, երաժիշտներից մեկն ինձ ասաց. «Վալերի ջան, 100 հայի ղեկավարելուց հետո քեզ այլևս ոչինչ չի վախեցնի կյանքում»: Ես այն ժամանակ 30 տարեկան էի, իսկ նա՝ 70։ Նրա խոսքերը խրատի պես մնաց հիշողության մեջ»,- պատմեց մաեստրոն։
Երևանում աշխատելու չորս տարիների ընթացքում նա մոտ հարյուր համերգ է անցկացրել (տարեկան 25-30)։ Հենց այստեղ է նա առաջին անգամ որպես դիրիժոր ղեկավարել Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան» և այլ ստեղծագործություններ, որոնք հետագայում հնչել են աշխարհի լավագույն բեմերում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում։ Շատ ստեղծագործություններ նրա են կյանք մտել հենց հայկական նվագախմբի շնորհիվ։ Մոսկվայում նրանք առաջին անգամ կատարել են Միրզոյանի, Սարյանի, Տերտերյանի ստեղծագործությունները։ Դրանցից մի քանիսը հանդիսատեսն առաջին անգամ էր լսում։
«Երևանում աշխատելու փորձն ինձ շատ օգնեց հետագայում, երբ գլխավորում էի Մարիինյան թատրոնը։ Ես` որպես գեղարվեստական ղեկավար, այն ղեկավարում եմ արդեն 37 տարի։ Եվ ամեն ինչ հենց այստեղ է սկսվել՝ Հայաստանում»,- ընդգծեց Գերգիևը։
Մաեստրոն ջերմությամբ է հիշում հայ կոմպոզիտորների և ընկերների անունները` Էդուարդ Միրզոյան, Ղազար Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադիկ (Ադամ) Խուդոյան, Առնո Բաբաջանյան: Առնո Բաբաջանյանն իր կյանքի վերջին համերգը հենց մաեստրոյի հետ է նվագել. դիրիժորն ու կոմպոզիտորը լավ հարաբերություններ են ունեցել:
Հիմա էլ նա հույս ունի, որ Երևանում կհանդիպի ընկերներին, որոնց հետ ստեղծագործական սերտ հարաբերություններ է ունեցել։
«Վախենամ՝ շատերն արդեն ողջ չեն, այն ժամանակ ես ամենաերիտասարդներից մեկն էի»,- ասաց Գերգիևը։
Գերգիևը շեշտեց՝ ինքը միշտ շատ ընկերներ է ունեցել ամբողջ աշխարհում՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Ընկերություն է անում` անկախ անձնագրից և շփման լեզվից, քանի որ երաժշտությունն է միավորում։
Նրա խոսքով՝ աշխարհն այսօր «մի քիչ հիվանդ է», և երաժշտությունից լավ «բժիշկ» ինքը չի կարող առաջարկել։
Գերգիևը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին մաղթում է պահպանել ավանդույթները և հիմնվել հայ հեղինակների հարուստ երգացանկի վրա:
«Սա խոր պատմություն ունեցող կոլեկտիվ է` ի տարբերություն շատ նվագախմբերի, որոնք ընդամենը 20-30 տարի առաջ են ստեղծվել։ Իհարկե, Խաչատրյանի անունն առանձին տեղ ունի, բայց հայկական երաժշտությունը միայն նրանով չի սահմանափակվում։ Այստեղ հսկայական երգացանկ է ստեղծվել, և պահպանելու բան կա»,- նշեց նա։
Խոսելով սեփական խնդիրների մասին՝ մաեստրոն ընդգծեց, որ իր առաքելությունն է ոչ միայն զարգացնել ազգային դպրոցները, այլև երգացանկ վերադարձնել ռուս դասականների գլուխգործոցները:
«Ես Հայաստանի գործընկերներին մաղթում եմ նույնը, ինչ ինքս ինձ եմ մաղթում՝ ավելի հաճախ անդրադառնալ Չայկովսկուն, Մուսորգսկուն, Գլինկային։ «Պիկովայա Դամա»-ն, «Եվգենի Օնեգին»-ը, «Խովանշչինա»-ն պետք է պարբերաբար հնչեն։ Այդ բարձունքներն անհնար է մոռանալ»,-հայտարարեց նա։
Գերգիևն ընդգծեց՝ կուզեր, որ նվագախումբն իր ձևաչափով ուրախացներ հանդիսատեսին, որպեսզի երիտասարդները համարձակ առաջ գնային հարուստ ավանդույթների շրջանակում, իսկ հանդիսատեսը նորանոր ստեղծագործություններ բացահայտեր իր համար: Հենց դա է երաժշտության իրական ուրախությունը։
Գերգիևը պատմեց` ինչպես է առաջացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանի առթիվ Երևանում Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթի գաղափարը։
«Շատ նվագախմբեր են իրենց հոբելյանները նշում հատկապես մեծ մասշտաբով։ Մենք նույնպես որոշեցինք միանալ այս մեծ տոնին»,-ասաց նա։
Մաեստրոն հավելեց, որ նման հոբելյանները միշտ էլ նշանակալի իրադարձություններ են դառնում համաշխարհային երաժշտական մշակույթի համար՝ հիշեցնելով, որ Մոսկվայի Մեծ թատրոնը հաջորդ տարի նշելու է իր 250-ամյակը:
«Մեծ թատրոնը մյուս տարի նշում է իր 250-ամյակը։ Վերջերս կատակով ասացի, որ Մեծ թատրոնը մի քիչ ավելի մեծ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այնտեղ Անկախության օրը հուլիսի 4-ին են նշում։ Իսկ Մեծ թատրոնի պաշտոնական ամսաթիվը մի քիչ ավելի շուտ է, բայց մենք քաղաքավարությունից ելնելով կսպասենք և Միացյալ Նահանգների հոբելյանից հետո կնշենք մեր հոբելյանը: Մանավանդ որ պետք է հասցնենք որոշ բաներ անել։ Մենք Մոսկվայի կենտրոնում նոր համերգային-թատերական համալիր ստեղծելու ծրագրեր ունենք»,-ընդգծեց լեգենդար դիրիժորը։
Գերգիևը հույս հայտնեց, որ հոբելյանական համերգը կդառնա փոքր, բայց շատ ուրախալի իրադարձություն։
Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև Դմիտրի Շոստակովիչի Ջութակի առաջին կոնցերտը և Գուստավ Մալերի Չորրորդ սիմֆոնիան: Հայտնի ստեղծագործական կոլեկտիվի հետ ելույթ կունենա ջութակահար Պավել Միլյուկովը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test